Լրահոս
Օրվա լրահոսը

«Պոպոքնուտի գործով» քննիչը ճիշտ դուրս եկավ. դատախազի սխալը

Ապրիլ 04,2015 14:00

Այս տարվա փետրվարի 2-ին Իջեւան համայնքի ղեկավարը դիմել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի պետին, հայտնելով, որ հարավային կողմից Իջեան մտնող մայրուղու եւ Աղստեւ գետի միջեւ գտնվող հողատարածքում՝ «Պոպոքնուտում», անհայտ անձանց կողմից կտրվել է հինգ հատ ընկուզենի:

«Պոպոքնուտում» նախկին խորհրդային տարիներին՝ 1936-1991թթ., տնկվել են ընկուզենիներ, վայրի բերքատու եւ ոչ բերքատու բազմաթիվ ծառեր: Այն, որպես անտառային ֆոնդ, ընդգրկվել է «Հայանտառի» «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջեւանի անտառպետության թիվ 7 պահաբաժնում: Համայնքի կողմից որեւէ փոփոխության չի ենթարկվել, որպես այգի կամ տնամերձ էլ չի օգտագործվել:
Փաստի առթիվ ոստիկանության Իջեւանի բաժնում նախապատրաստվել են նյութեր, հարուցվել է քրեական գործ:

Փետրվարի 16-ին քրեական գործի հարուցումը մերժվել է: Սակայն չանցած մի քանի օր՝ փետրվարի 24-ին Տավուշի մարզի դատախազության դատախազ Գ. Երիցյանը որոշում է կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու եւ քրեական գործ հարուցելու մասին:

Պարզվում է, որ «Պոպոքնուտ» կոչվող տարածքում հատվել են արգելված ծառեր, սակայն դրա սակագնային գումարը չի գերազանցել երկու հարյուր հազար դրամ գումարը, այն հանցակազմը, որով կարելի էր քրեական գործ հարուցել: Ըստ հետաքննիչի եզրակացության, պատճառված վնասը կազմել է 161 000 դրամ:
Դատախազի որոշման համաձայն, հետաքննիչը չէր պարզել, թե «Պոպոքնուտը» անտա՞ռ է, թե՞ այգի, հստակորեն չի նշել, թե ապօրինի՞ անտառհատում է եղել, թե՞ համայնքային գույքի ոչնչացում:

Հետաքննիչը կոճղերի չափագրում չէր կատարել, ըստ դատախազի, չափագրման արձանագրության մեջ էլ չի նշել չափագրման եղանակը:

«Չնայած այն հանգամանքին, որ դեպքի վայրի 06.02.2015թ. զննության արձանագրությամբ հետաքննության բաժնի տեսուչի կողմից ֆիքսված ընկուզենիների եւ բնապահպանների կողմից տրված եզրակացության մեջ նշված նույն ծառերի կոճղերի չափումների արդյունքում ստացված չափերի մեջ առկա են էական տարբերություններ, այնուամենայնիվ, հետաքննիչ Ե.Գալստյանը գտել է, որ սույն օրենքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի հանցակազմը, քանի որ սակագնային վնասը չի գերազանցում 200 000 դրամը, այն դեպքում, երբ նույն բնապահպանների կողմից փետրվարի 13-ին տրված եզրակացության համաձայն, չափումները կատարվել են հետաքննիչի մասնակցությամբ, իսկ հետաքննիչը նյութերում առկա չափումների հստակության շուրջ քննություն չի կատարել»,- արձանագրել էր դատախազը:
Քրեական գործն ուղարկվում է քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:

ՀՀ քննչական կոմիտեի մարտի 23-ի որոշմամբ կարճվում է «Պոպոքնուտի գործը»: ՀՀ քննչական կոմիտեի ավագ քննիչ, կապիտան Մ. Թամազյանի որոշման համաձայն էլ, տեսուչը չէր կարող կատարել հատված ընկուզենիների սակագների հաշվարկ, քանի որ «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին վնասի հատուցման սակագների մասին» անվերջ հիշատակվող հոդվածն այլ բան է ասում:

«Ճիշտ չափագրում կատարելու համար անհրաժեշտ է նախապես վերացնել կոճղերի վրա մնացած բների մնացորդները, կատարել ճիշտ մեթոդներով չափագրում, եւ չափագրման եղանակը նույնպես արտացոլել արձանագրության մեջ»,- գրել էր ավագ քննիչը:

Ըստ նրա, լուսանկարների ուսումնասիրությունից երեւացել է, որ նշյալ տարածքը գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողատարածքի վրա տնկված այգի է, որը պատկանում է Իջեւան համայնքին, իսկ պատճառված վնասը գերազանցում է երեսուն հազար դրամը, ուստի այն պետք է Քրեական օրենսգրքի այլ հոդվածով գնահատվեր: Այսինքն, կատարվել է ոչ թե հանցանք, այլ՝ զանցանք, որը նախատեսված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով՝ անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաեւ անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելու, ոչնչացնելու, պետական կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բուսածածկը ոչնչացնելու կամ մինչեւ աճի դադարեցման աստիճանի վնասելու հատկանիշներով:

Ավագ քննիչը դատախազին «սխալ» է հանել նաեւ նրա այն դիտարկման համար, թե «Անհասկանալի է, թե հետաքննիչն ինչ աղբուրից է օգտվել նման եզրահանգման համար» արտահայտության համար: Կարճելով քրեական գործը՝ ավագ քննիչը ակնկալել էր, որ ոստիկանությունը զանցանք կատարած անձին կամ անձանց ինքնությունը կպարզի, եւ վարչական պատասխանատվության կենթարկի նրան կամ նրանց:

«Առավոտ»

03.04.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930