Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորի կյանքը փրկելու համար փող չունեն, բայց պաշտոնյաներին թանկարժեք մեքենաներով ապահովելու համար՝ ունեն

Ապրիլ 08,2015 14:30

Ինչ արժե զինվորի կյանքը մեր երկրում: Այսպիսի հռետորական հարց մեր քաղաքացիները վերջերս հաճախ են տալիս, երբ խաղաղ պայմաններում վիրավորված զինվորի համար պետությունը միջոցներ չի գտնում նրա բուժումն ըստ արժանվույն կազմակերպելու: Եվ քաղաքացիները ստիպված են լինում պետության փոխարեն այդ հոգսն իրենց վրա վերցնել՝ կազմակերպելով տարատեսակ դրամահավաքներ՝ առողջական լուրջ խնդիրներ ունեցող զինվորներին օգնելու նպատակով: Հասարակական դրամահավաքը վատ բան չէ, բայց երբ խոսքը զինվորին է վերաբերում, անկախ նրանից՝ զինվորի բուժումը Հայաստանում պետք է կատարվի, թե երկրի սահմաններից դուրս, մանավանդ, երբ բժշկի ցուցում կա, եւ այդպիսի զինվորների թիվն էլ այդքան մեծ չէ, պետությունը պարտավոր է հոգալ այդ ծախսերը:
Առաջինի դեպքում չնայած բուժսպասարկումն անվճար է՝ պետպատվերի շրջանակներում, բայց զինվորի ծնողը բինտ, բամբակ ու դեղորայք հասցնելով՝ այդ ծախսերի տակից հազիվ է դուրս գալիս: Սակայն երբ այս կամ այն խնդիրը մեր առողջապահական համակարգն ի զորու չէ լուծելու, եւ անհրաժեշտություն է առաջանում զինվորի բուժումը արտերկրում կազմակերպելու, պաշտպանության նախարարությունից սկսած՝ կառավարություն, նախագահական՝ պատասխանում են՝ պետությունը միջոցներ չունի:

Սակայն ՀՀ ծառայողական ավտոպարկը գրեթե ամեն տարի թանկարժեք ավտոմեքենաներով թարմացնելու համար, չգիտես ինչու, միջոցներ գտնվում են:
Արդեն նախկին զինվոր Աշոտ Այվազյանի բուժումը արտերկրում պաշտոնյաների համար գնվող ճիշտ եւ ճիշտ մի կիսաթանկարժեք ավտոմեքենայի գին արժե: Աշոտը հիվանդացել է ծառայության ընթացքում զինվորական պարտականությունները կատարելիս. ինչ-որ զինտեխնիկայից հարված է ստացել կրծքավանդակին, որը կարճ ժամանակ անց զինվորի առողջության վրա լուրջ հետեւանք է թողել:

Նա բանակ է զորակոչվել 2012-ի ամռանը: Սակայն մեկուկես տարի անց զորացրվել՝ արդեն հաշմանդամ դարձած:

Գանգատներով Վարդենիսի հոսպիտալ դիմած Աշոտին զննել են եւ կրծքավանդակում ուռուցք են հայտնաբերել, որը տեղակայված է եղել տղայի կրծոսկրերի տակ: Արդեն Երեւանում՝ Մուրացանի հոսպիտալում տղայի մոտ ախտորոշվել է թիմոմա, այսինքն՝ առաջնային միջնորմի գոյացություն: Աշոտը կրծքավանդակի հատվածում բավականին բարդ վիրահատության է ենթարկվել ու արդեն հաշմանդամ դուրս գրվել հիվանդանոցից: Նրան տրվել է հաշմանդամության 3-րդ կարգ: Աշոտը հիվանդանոցից դուրս է գրվել ուռուցքաբանի հետագա հսկողության տակ գտնվելու պայմանով:

«Ուղարկեցին տուն՝ խոստանալով, որ լավ կլինի, ասեցին՝ 1 տարի հետո եկեք ստուգման, անցավ կես տարի, երեխաս սկսեց վատանալ, գնացինք, նկարեցին, ասեցին՝ այդ ուռուցքը նորից կրկնվել է, ու կանգնեցինք փակուղու առաջ, թե՝ ինչ պետք է անենք, նույն այդ հոսպիտալը իր աշխատակազմով ասեց, որ իրենք ի զորու չեն այդ հիվանդությունը բուժելու, քանի որ չունեն համապատասխան սարքավորումներ, մասնագետ»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Աշոտի Հայրը՝ Հովհաննես Այվազյանը: Զինվորի հորը խորհուրդ են տվել տղայի բուժումն այս անգամ կազմակերպել արտերկրում: Չնայած բժիշկների հորդորին՝ պաշտպանության նախարարությունը, որին մի լուծում գտնելու խնդրանքով դիմել էր Հովհաննես Այվազյանը, խոստացել է զինվորին բուժել Հայաստանում: Սակայն երբ առողջապահության նախարարությունը հանձնաժողով է կազմել եւ եզրակացություն տվել, որ այդ հիվանդությունը մեր երկրում չեն կարող բուժել, ՊՆ-ն ձեռքերը լվացել է ու մի կողմ քաշվել:

Զինվորի հայրը ճարահատյալ երկրի նախագահին՝ Սերժ Սարգսյանին է դիմել: Նախագահականում վստահեցրել են՝ ամեն մի զինվորի կյանք թանկ է մեզ համար: Չանցած 3 օր՝ Հովհաննես Այվազյանը նախագահականից հեռախոսազանգ է ստացել՝ կներեք, գումարներ չունենք, որ ձեզ օգնենք:

Հովհաննես Այվազյանի խոսքերով՝ Աշոտի միայն վիրահատության համար 25 հազար եվրո է անհրաժեշտ:

Երբ ուսումնասիրում ենք պետական գնումները, պարզ է դառնում, որ երբ հերթը պաշտոնյաներին է հասնում, կառավարությունը հարկատուների փողերի հաշվին կարողանում է միլիոններ ծախսել եւ այս կամ այն պաշտոնյայի համար հարմարավետ երթեւեկություն ապահովել։ Համաձայն պաշտոնական տեղեկագրի՝ կառավարության գնած մեկ մեքենայի միջին արժեքը մոտ 12 միլիոն դրամ է: Սակայն կան ծառայողական մեքենաներ, որոնք գերազանցում են 20-25 միլիոնը: Էլ չենք խոսում այդ մեքենաների համար տարեկան հատկացվող պահպանման ծախսերի մասին: Գերմանիայի մի կլինիկայում հանձն են առել Աշոտի վիրահատությունը:

Աշոտն այժմ Գերմանիայում է: Զինվորի հայրը եղած-չեղածը վաճառելով՝ 18 հազար եվրո ձեռք է բերել, որը, սակայն, բավականացրել է Գերմանիայում հետազոտվելուն եւ վարձով ապրելուն: Վիրահատության փող զինվորը չունի: Ուռուցքն էլ օր օրի մեծանում է:
«Երբ կրկին դիմեցի պաշտպանության նախարարություն եւ ասացի որ գործի կեսն արել եմ, գոնե մնացածով օգնեք, ՊՆ-ից ինձ պատասխանեցին՝ այդքանն արել ես, մնացածն էլ արա: Բայց չէ՞ որ նրանց մեղքով է որդիս այդ վիճակում հայտնվել, ես նրանց լրիվ առողջ զինվոր եմ տվել, հաշմանդամ են սարքել վերադարձրել՝ քիչ չէ, մի բան էլ չեն ուզում ոչ մի հարցով օգնել»,- ասում է զինվորի հայրը:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Բանակում սպանված յուրաքանչյուր զինվորի համար պետությունը առնվազն 50 հազար դոլար պիտի վճարի հարազատներին, իսկ վիրավորվածներին՝ ըստ վնասվածքի չափի . սա ես վաղուց եմ ասել:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930