Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԴՈՒՐԺՈՂՆԵՐԸ

Մայիս 15,2015 09:49
Armen Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ քառասունութերորդ

ՀԱՆԴՈՒՐԺՈՂՆԵՐԸ

Չնայած Սովետի օրոք մուրացկաններն էսքան շատ չէին, եղածներն ու հատկապես կինո «Նաիրիի» մերձակա սրճարաններում մշտապես իրենց հացը փնտրող մի քանի մուրացկանները Պարկետչիկ Հրաչին անձամբ ճանաչում ու սիրում էին, եւ հենց որ նրանցից մեկը մտնում էր «Թատերական» սրճարան, անմիջապես մոտենում էր Պարկետչիկին ու մի քանի վայրկյան անց լքում էր սրճարանը՝ առանց մյուսներիս մոտենալու, քանի որ բանաստեղծ ու պարկետչիկ Հրաչի տված սովետական ռուբլիանոցն էն թվերին էնքան էր, որ Հրաչից էդ մանեթանոցն ստացած տվյալ մուրացկանն էդ օրն այլեւս ոտք չէր դնում տվյալ սրճարան, որովհետեւ  Պարկետչիկ Հրաչը մուրացկաններին ոչ միայն մանեթանոց էր տալիս, այլեւ ժամանակ առ ժամանակ հետները դաստիարակչական աշխատանք էլ էր անցկացնում, եւ երբ Հրաչը տվյալ մուրացկանին հերթական մանեթանոցը տալով հարցնում էր՝ «գիտե՞ս ինչի եմ մանեթանոց տալիս», տվյալ մուրացկանն ամոթխած ժպտալով Հրաչին պատասխանում ու ասում էր՝ «որ գոնե մի քանի ժամ մուրացկանություն չանեմ», եւ Հրաչը ժպտալով տվյալ մուրացկանին ասում էր՝ «ապրես, որ հիշում ես» եւ ժպտալով ավելացնում էր՝ «ուրեմն, մի քանի ժամ աչքներիս չերեւաս», եւ էդ պահերին Չուգունը Հրաչին ասում էր՝ «որ դրանց փող ես տալի, էլ խի՞ ես էրեսով տալի», եւ Հրաչը մի քիչ մտածում ու քմծիծաղով Չուգունին ասում էր՝ «որ դու տալու ըլնես, էրեսով չտաս», եւ Չուգունն ատելությամբ ու նախանձով նայում էր Հրաչին, մի քիչ մտածում ու ասում էր՝ «ես պարկետչիկ չեմ, որ կարենամ դրանց մանեթանոց տամ», եւ Հրաչն արհամարհական նայում Չուգունին ու ասում էր՝ «պարկետչիկությունն ամեն մեկի խելքի բանը չի», եւ էդ դեպքերում Մելքոնյան Հովհաննեսը փռթկացնելով ասում էր՝ «պարկետչիկությունը բանաստեղծություն գրելու պես բարդ գործ ա» եւ մի քիչ մտածում ու փռթկացնելով ավելացնում էր՝ «ամեն մարդ չի կարա գլուխ հանի», եւ, իհարկե, էդպիսի խոսակցություն հազվադեպ էր տեղի ունենում, որովհետեւ Պարկետչիկ Հրաչը հերթական մանեթանոցը հերթական մուրացկանին տալով՝ հազվադեպ էր երեսով տալիս ու դաստիարակչական աշխատանք անցկացնում, բայց եթե նույնիսկ անցկացնում էլ էր, տվյալ մուրացկանն ամոթխած ժպտալով ու երջանկացած հայացքով երախտագիտությունն արտահայտելով՝ անմիջապես լքում էր «Դերասանական» սրճարանը, եւ մենք սրճարանի մեծ լուսամուտից տեսնում էինք՝ ինչպես է տվյալ մուրացկանն արագ-արագ Լենինի պողոտան հատում ու իրեն գցում «Միջանցահովիկ» սրճարան, եւ էդպիսի դեպքերում Չուգունն ասում էր՝ «խոստացավ, որ մի քանի ժամ մուրացկանություն չի անի, բայց ափալթափալ իրան քցեց «Սկվազնյակ», որ էնտեղ էլ շարունակի», եւ էդպիսի դեպքերում Հրաչը տվյալ մուրացկանին պաշտպանելով ասում էր՝ «գնաց «Սկվազնյակ», որ խաչապուրի առնի ուտի», եւ էդպիսի դեպքերում Մելքոնյան Հովհաննեսը փռթկացնելով Չուգունին հարցնում էր՝ «էդ խեղճերին էլ ե՞ս նախանձում» եւ մի քիչ մտածում ու փռթկացնելով ավելացնում էր՝ «դրանք էլ հո բանաստեղծ չեն, որ նախանձում ես», եւ Չուգունը Հովհաննեսին զարմացած հարցնում էր՝ «էդ ո՞ր մի բանաստեղծին եմ նախանձել», եւ Հովհաննեսը մի քիչ մտածում ու ժպտալով ասում էր՝ «բոլորին» եւ մի քիչ էլ մտածում ու փռթկացնելով ավելացնում էր՝ «անխտիր բոլորին», եւ Չուգունը կարմրելով Հովհաննեսին հարցնում էր՝ «կարա՞ս մի հատ օրինակ ասես», եւ Հովհաննեսը պատասխանում ու ասում էր՝ «սաղին էլ նախանձում ես, բայց Հրաչին ամենից շատն ես նախանձում», եւ Չուգունը մի քիչ մտածում ու կեղծ զարմանքով Հովհաննեսին հարցնում էր՝ «ո՞ր Հրաչին եմ նախանձում», եւ Հովհաննեսը մի քիչ մտածում ու ժպտալով ասում էր՝ «չեմ ուզում Պարկետչիկ ասեմ, որ քեզ լավ չզգաս» եւ մի քիչ էլ մտածում ու ավելացնում էր՝ «որ Հրաչին Պարկետչիկ ենք ասում, քեզ շատ լավ ես զգում», եւ Չուգունը մի քիչ մտածում ու չարախնդալով Հովհաննեսին ասում էր՝ «որ պարկետչիկ ա, ո՞նց կարաս ուրիշ բան ասես», եւ Հովհաննեսը Չուգունի հենց էդ խոսքին էր սպասում, եւ հենց Չուգունն էդ ասում էր, Հովհաննեսը գոհունակությամբ ժպտալով ասում էր՝ «Հրաչը ոչ թե պարկետչիկ ա, այլ՝ բանաստեղծ» եւ մի քիչ մտածում ու ժպտալով ավելացնում էր՝ «ինքը ծնունդով բանաստեղծ ա, ճակատագրով՝ պարկետչիկ», եւ Չուգունը չարախնդորեն ժպտալով՝ Հովհաննեսին հարցնում էր՝ «կարեւորը ճակատագիրը չի՞», եւ Հովհաննեսը մի քիչ մտածում ու ասում էր՝ «ճակատագրի վրա կարաս ինչ-որ ձեւով ազդես, բայց ծնունդի վրա ոչ մի ձեւով չես կարա ազդես» եւ մի քիչ էլ մտածում ու քմծիծաղով ավելացնում էր՝ «եթե մարդն անտաղանդ ա ծնվում, մինչեւ կյանքի վերջն անտաղանդ էլ մնում ա», եւ Չուգունը մի քիչ մտածում ու ասում էր՝ «ես էդ կարծիքին չեմ», եւ Հովհաննեսը մի քիչ մտածում ու հեգնանքով Չուգունին ասում էր՝ «քո կարծիքը ոչ ոքի չի հետաքրքրում», եւ Հովհաննեսի էդ խոսքի վրա Չուգունը նեղացած վեր կենում ու հեռանում էր, բայց հաջորդ առավոտ առաջինն էր հայտնվում նույն էդ «Դերասանական» սրճարանում, որովհետեւ Հովհաննես Մելքոնյանի շրջապատի մարդիկ առանց Հովհաննեսի ի վիճակի չէին ապրել եւ, առանց Հովհաննեսի, իրենց կյանքը պատկերացնել անգամ չէին կարող, եւ չէին էլ փորձում էդ անել, եւ հատկապես ու առանձնապես Չուգունը չէր փորձում, որովհետեւ ուրիշ շրջապատում Չուգունին դժվար թե հանդուրժեին, եւ Հովհաննեսի շրջապատը Չուգունին չսիրելով հանդուրժում էր, որովհետեւ Հովհաննեսն ինքն էր Չուգունին չսիրելով հանդուրժում, եւ Հովհաննեսն էլ Չուգունին չսիրելով հանդուրժում էր, որովհետեւ Չուգունն ինքն էլ էր Հովհաննեսին ու էդ շրջապատի մյուսներին չսիրելով հանդուրժում:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել