Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին պակասում են «երկրային» ներկայացումները

Մայիս 21,2015 12:30

Պրեմիեր պարողն ու երիտասարդ
արտիստները թարմության ակնկալիքներ ունեն

Վերջերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում վերականգնվեցին ժամանակին Արմեն Գրիգորյանի խորեոգրաֆիայով Բիզե- Ռոդիոն Շչեդրինի «Կարմեն սյուիտ» եւ Մարկ Մնացականյանի՝ իսպանական ժողովրդական երաժշտության, Գարսիա Լորկիայի երկերի մոտիվներով «Լորկիանա» բալետային ներկայացումները: Գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանի հավաստմամբ էլ՝ ընթանում են Ադանի «Ժիզել» ներկայացման վերականգնման աշխատանքները, հանդիսատեսը այն կդիտի մոտ ժամանակներս: Թատրոնում պատրաստվում է նաեւ Լերմոնտովի «Մասկարադ» դրամայի համար գրված Խաչատրյանի «Դիմակահանդեսը»: Իսկ թե ժամանակակից, մոդեռն, նեոկլասիկ ոճերում բալետային ներկայացումներ մեզանում երբ կիրականացվեն, առայժմ ոչ ոք չի կարողանում սպառիչ պատասխան տալ:

«Առավոտը» պրեմիեր պարող Ռուբեն Մուրադյանին հիշեցրեց, որ ինքը ժամանակին նեոկլասիկ ոճում փոքր համարներ էր բեմադրել ու հարցրեց, թե չի՞ պատրաստվում, արդյոք, ներկայացում իրականացնել հիշյալ ոճերում: «Առայժմ ոչ, բայց ոչ հեռավոր ապագայում գուցե նեոկլասիկ կամ տարբեր ոճերում բեմադրություններ իրականացնեմ»,- պատասխանեց արտիստը: Իսկ թե ինչո՞ւ մենք դասականից դուրս չենք գալիս, ասաց. «Եթե այս պահին Հայաստանում ժամանակակից, մոդեռն, նեոկլասիկ ոճերում ոչինչ չի արվում, ուրեմն թող դրսից հրավիրեն բալետմայստերներ: Այս առիթով էլ խոստումներ շատ ենք լսել, բայց գործ չի արվել»:

Ազգային օպերային թատրոնում այսօր առաջնակարգ մենապարողներ Սոնա Առուստամյանին, Մերի Հովհաննիսյանին, Սյուզի Փիրումյանին, Մարիա Դիվանյանին, Սեւակ Ավետիսյանին, Զավեն Հարությունյանին, Արմեն Գեւորգյանին փոխարինելու են գալիս Սոնա Վարդանյանը, Տաթեւիկ Գրիգորյանը, Գրիգոր Գրիգորյանը, Վահագն Մարգարյանը, Գարեգին Բաբելյանը, Հայկ Քյուրջյանը, որոնց վերջին շրջանում հանդիպում ենք խաղացանկային ներկայացումներում: Օրինակ, Տաթեւիկ Գրիգորյանը ներկայացել է Նունեի դերապարով Խաչատրյանի «Գայանեում», գեղեցիկ հրեշտակի պարային կերպար է ստեղծել Մինկուսի «Դոն Կիխոտում»: Վահագն Մարգարյանն էլ Կարեն է՝ «Գայանեում», Սպա՝ «Կարմենում»: Այս արտիստները հանդես են գալիս նաեւ Պիացոլայի տանգոների հիման վրա Ռուդոլֆ Խառատյանի բեմադրած «Տանգոյում»: Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման մեջ տպավորիչ է Գարեգին Բաբելյանի Մերկուցիոն կամ Է. Հովհաննիսյանի «Վարդանանքում» Հայկ Քյուրջյանի պարը: «Ռոմեո եւ Ջուլիետում» հանդիսատեսը տպավորվում է Գրիգոր Գրիգորյանի մեկնաբանմամբ Պարիսի, «Կարմենում»՝ Էսկամիլիոյի, «Դոն Կիխոտում»՝ Էսպադայի դերապարերով:
Երիտասարդ արտիստներից հետաքրքրվեցինք՝ ցանկություն չունե՞ն, բացի դասականից, ներկայանալ նաեւ այլ ոճերում: Պարզվեց՝ բոլորը երազում են դրա մասին ու կարծում, որ եթե համապատասխան բալետմայստեր չկա, կարելի է այդ ոճերում աշխատողի հրավիրել:
Մեր զրուցակիցները հայտնեցին նաեւ, թե թատերաշրջանի սկզբից լծված են ե՛ւ բեմադրությունների վերականգնման, ե՛ւ նոր բեմադրությունների իրականացման աշխատանքներին:

Իմիջիայլոց, 2008թ. Ազգային օպերային թատրոն հրավիրված բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը ժամանակի ընթացքում առաջին անգամ ներկայացրեց «Տանգո», «Վարդանանք» եւ «Կրքեր ըստ Բախի» մեկ գործողությամբ ժամանակակից բալետային ներկայացումները: Նշենք նաեւ, որ դրանց պրեմիերայից հետո որոշ մասնագետներ պարզապես ասացին, որ դրանք հեռու են ժամանակակից բալետային բեմադրություններ կոչվելուց: Ըստ մասնագետներից ոմանց, դասական բալետը կառուցվում է հոգու, զգացական աշխարհի վրա ու կապվում երկնայինի հետ, իսկ մոդեռնը ավելի երկրային է:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031