Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ քո ցավի հետ միայնակ չես»

Մայիս 21,2015 14:00

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը աշխարհասփյուռ շատ հայերի բերեց հայրենիք: Նահատակված նախնիների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Ֆրանսիայից կարճ ժամանակով Երեւան էր այցելել նաեւ Դայանա Հարությունյանը:
Նույն նպատակով եւ մեկ այլ պարտավորեցնող առաքելություն էլ ուներ (այցելել սիրելի ամուսնու շիրիմին՝ նրա ծննդյան օրը) Ամերիկայից ժամանած մեր անվանի բռնցքամարտիկ, ՍՍՀՄ եւ ՀԽՍՀ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, միջազգային կարգի դատավոր Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյանի այրին՝ բժիշկ-սրտաբան Քնարիկ Ենգիբարյանը: Հետո միայն պարզեցի, որ ապրիլի 24-ը հայտնի բռնցքամարտիկի ծննդյան օրն էր նաեւ, ինչը նրա համար խիստ պարտավորեցնող է եղել ամեն անգամ՝ ռինգ դուրս գալիս:

Հայտնագործություն արած մարդու նման, ինձ համար «բացահայտեցի» մեծ մարզիկի հաջողությունների գաղտնիքը, որի ունեցած դերի մասին խորհրդային տարիներին քչերին էր պարզել՝ հակառակորդի մեջ միշտ տեսնել ազգի դարավոր թշնամուն: Երկու պատվարժան տիկնանց անակնկալ հանդիպման ակամա «վկան» էի: Հետաքրքիր են տարիների փորձ ու վաստակ ունեցողների հուշերում առանձնակի տեղ գրավող նավարկային ճամփորդությունները, որ Խորհրդային Միությունում հասու էին անգամ ծով չունեցող Խորհրդային Հայաստանի պաշտոնյաներին: Նման մի նավարկության ժամանակ էլ ծանոթացել եւ բարեկամացել էին զրուցակիցներս՝ տիկին Դայանան եւ տիկին Քնարիկը:

Երկար տարիներ են հոսել այդ ժամանակից… Բարեկամ կանայք մեկ-մեկու չէին տեսել քսան տարուց ի վեր՝ ինչ 1994 թվականին Ենգիբարյանների ընտանիքը մեկնել էր հիմնական բնակության՝ ԱՄՆ: Բնական է, նրանք վերհիշելու շատ բան ունեին: Զրույցն աննկատ ծավալվեց՝ սկսած նավի վրա իրենց ծանոթությունից, վերջացրած մեր երկրին պատուհասած աշխարհացունց երկրաշարժից ու պատերազմական եւ ետպատերազմյան տարիների դժվարություններից: Հիշեցին նաեւ լուսահոգի Վլադիմիր Ենգիբարյանին եւ 27-օրյա նավարկությունը՝ Բալթիկ եւ Հյուսիսային ծովերում: Շրջագայությունն ընդգրկում էր Եվրոպայի մի շարք երկրների՝ Ֆինլանդիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Գերմանիայի, Դանիայի, Նիդեռլանդների Թագավորության, Բելգիայի Թագավորության, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ջրերը: Նրանցից յուրաքանչյուրին հնարավորություն էին ընձեռել նավի վրա հետները վերցնել սահմանափակ թվով հուշանվերներ, օղի եւ կոնյակ: «Ամեն երեկո գալիս էին երիտասարդ տղաները եւ խմիչք էին վերցնում Ենգիբարյան ամուսիններից… Մի օր, երբ նկատեցի, որ նրանց մոտ խմիչքն արդեն վերջանում էր, Վլադիմիր Ենգիբարյանին ասացի՝ «էս նավի վրայի ժողովուրդը միայն քո հաշին է խմում»…

Ի՞նչ եմ ուզում ասել… Ուզում եմ խոսել այս տեսակի մարդու մասին, որ հիմա քիչ կհանդիպենք… Վլադիմիրն ազնիվ ու հասարակ մարդ էր, անհաղորդ էր նյութականին եւ չուներ հաշվենկատություն»,- ասաց տիկին Հարությունյանը: Տեւական ժամանակ չլինելով հայրենիքում, ամեն վերադարձողի համար նկատելի են նոր ժամանակների դրական ու բացասական փոփոխությունները: Նրանք նկատում են, որ բազմաթիվ նոր ու գեղեցիկ շենքեր են բարձրանում, որ նորաբաց շատ խանութները ոչնչով չեն զիջում ֆրանսիական ու ամերիկյան խանութներին, սակայն դրանցում սպասարկման որակն անսահման հետ է մնում, լինի դա սրճարանում, մթերային խանութում, այգում, թե սուպերմարկետում, անգամ բնութագրելու համար միմյանց լրացնելիս տիկնայք բառեր էին որոնում: Նման իրողության բախվելիս է, որ մարդ իրեն խաբված էր զգում… Ահավոր ցավ են ապրում բոլոր նրանք, ովքեր տեսնում են, որ մեզանում հասարակ ժողովրդի համար ապրելու նվազագույն պայմաններ չկան, որ մեր ազատ ու անկախ երկրում անապահով են թոշակառուն ու հաշմանդամը, որ հայը դուրս գալով իր բնօրրանից, կայանում է օտար շատ երկրներում, օտար հողում՝ սեփական երկրից բացի, որ անցումային կոչվող շրջանը չափազանց շատ երկարեց մեր երկրում, ինչի արդյունքում այսօր արտագաղթն անասելի եւ վտանգավոր չափերի է հասել: Այդուհանդերձ, ի տարբերություն տիկին Դայանայի, տիկին Քնարիկն առավել լավատես էր ու երախտապարտ բոլոր այն պաշտոնյաներին ու բարերարներին, ում շնորհիվ Վլադիմիր Ենգիբարյանը կենդանության օրոք տեսավ իր իսկ հիմնադրած Երեւանի պատանի բռնցքամարտի դպրոցն իր անունով անվանակոչելը: «Անկեղծ ասած, ինքս էլ էի հիասթափված մինչեւ իմ նախավերջին այցելությունը՝ անցյալ տարվա խոր աշունը: Եկել էի ինձ համար խիստ կարեւոր անձնական գործերով: Շատերին դիմեցի՝ հին ու վաղեմի բարեկամների, որոնք ի պաշտոնե կարող էին ինձ աջակցել, բայց հրաժարվեցին օգնել, նույնիսկ ինձ հետ հանդիպումը բացառեցին, չցանկացան անգամ լսել, այդ թվում նաեւ սպորտի զարգացման ոլորտի պատասխանատու-բարձրաստիճան պաշտոնյաներ՝ մարդիկ, որ ժամանակին ձգտում էին Վլադիմիր Ենգիբարյանի կողքին լինել, առավոտից մինչ ուշ երեկո նրանից անբաժան էին ու բազմիցս հյուրընկալվել էին մեր տանը, պարզապես օտարի պես իրենց պահեցին: Անսահման հուսալքվել էի: Չեմ կարող ասել խնդիրս բա՞րդ էր, թե՞ իրենք էին բարդացնում… եւս մի անգամ խորը ցավ ապրեցի Վլադիմիրի բացակայությունից ու մեծ էր զարմանքս, երբ հանդիպեցի ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ֆրակցիայի քարտուղար Վահրամ Բաղդասարյանին, ով հնարավորինս անում էր անհնարինը, որպեսզի աջակցեր ինձ: Էլ ավելի մեծ էր զարմանքս, որ չնայած Վլադիմիրի հետ ունեցած տարիքային տարբերությանը, պատգամավորը Վլադիմիր Ենգիբարյանին լավ հիշում էր, անգամ իր ընկերը համարում, որ գուցե այնքան էլ հաճախ չէր հանդիպել, սակայն ներքուստ պարտավորվածություն էր զգում Վլադիմիրի հանդեպ: Ամիսներ առաջ կարծես այնքան էլ պարզ չէր կատարվածն ինձ համար: Հիմա նոր եմ հասկանում, թե ո՞վ՝ ով է… ափսոսացի, որ դիմել էի նախկին բարեկամ-ծանոթներին, իրոք, մարդ էլ կա, մարդ էլ… հասկացա նաեւ, որ Հայաստանում բարի հիշատակը երբեք չի մոռացվում, կարծիքս Հայաստանի ու նրա մարդկանց նկատմամբ մի անգամից փոխվեց, վերականգնվեց հավատս մեր վաղվա օրվա նկատմամբ»,- ասաց լավատես, վաստակաշատ սրտաբան Քնարիկ Ենգիբարյանը:

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031