Սեպտեմբերի 16-ին ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվեց Հենրիկ Գասպարյանի, Սևակ Գոմցյանի, Կարապետ Մուրադյանի, Դավիթ Նիկողոսյանի, Արտակ Ադամյանի և Ռուբինա Չարչօղլյանի դեմ հարուցված ՀԿԴ/0059/01/26 քրեական գործով նախնական դատալսումները:
Նախորդ նիստին դատարանին էին դիմել մեղադրյալ Արտակ Ադամյանը, խնդրել, որպեսզի դատական նիստերին չմասնակցի, ներկայությունն ապահոված է պաշտպանի միջոցով, hենաշարժողական լուրջ խնդիրներ ունեցող Ռուբինա Չարչօղլյանի պաշտպան Կարինե Խաչատրյանը, ով նույնպես միջնորդել էր առանց իր պաշտպանյալի մասնակցության նիստերը կայանան։ Դատարանը բավարարել էր նրանց միջնորդությունը, պարտավորեցնելով, որ երբ մեղադրյալները ծանուցվեն, նրանք ներկայանան դատարան։
Այս անգամ դատարանին դիմեց մեղադրյալ Կարապետ Մուրադյանը, ով խնդրեց, որպեսզի իր բացակայությամբ ընթանան դատալսումները։
Մեղադրյալը վատառողջ է, բազմիցս եմ ականատես եղել, թե ինչ առողջական վիճակով էր ներկայանում դատարան։
Կարդացեք նաև
Դատարանը պարտավորեցրեց նրան, որ ցանկացած ծանուցման դեպքում նա ներկայանա դատարան, նրա խնդրանքը նույնպես բավարարվեց։
Մեղադրյալ Արտակ Ադամյանի պաշտպանը հայտարարեց, որ հետազոտվելիք ապացույցների մեջ իր պաշտպանյալի վերաբերյալ կա տեխնիկական վրիպակ, սկզբնական մեղադրանքը վերաշարադրվել է։ Խնդիրը տասներկու միլիոն գումարի մասին էր, որը ստանալու համար էր Արտակը դիմել քաղաքապետարան, որպեսզի այդ գումարները տան. «անխոչընդոտ գումարները ստանալը» շարադրանքը Արտակի համար չի կարող անօրինական դիտվել։ Պաշտպանը ապացույցների հետազոտման կարգի հետ կապված միջնորդեց, հետազոտվեն գրավոր ապացույցները, լսեն վկաներին։
Դատարանը որոշեց հետազոտել գրավոր ապացույցները, լսել վկաներին։ մեղադրյալներին։
Մեղադրյալ Սեւակ Գոմցյանի պաշտպանը միջնորդեց, որպեսզի անջատվի վարույթից իրենց մասը։ Նա ասաց, որ Սևակը համագործակցել է նախաքննական մարմնի հետ, երեք ցուցմունքներ է տվել, ինքնախոստովանական, ցանկանում է հատուկ կարգով օգտվել իր իրավունքներից, ապա հայտնեց, որ ունեն ողջամիտ ժամկետի խնդիր, որ Սևակը ձեռներեց է, զբաղված է ներմուծումներով, ամեն անգամ Երևան-Գյումրի գալով որոշակի խնդիրներ են առաջանում. «Նա հնարավորություն ունի օգտվել իր բոլոր իրավունքներից, չենք վիճարկում որևէ ապացույց» (Միջնորդության մեջ նշվում է, թե կոնկրետ ինչ աջակցություն է ցուցաբերել, օրինակ՝ տվել ինքնախոստովանական ցուցմունքներ, մատնացույց արել այլ հանցակիցներին, հայտնել թաքցրած գույքի կամ զենքի տեղը-Ռ.Մ.)։
Նրան միացավ պաշտպան Դալլաքյանը, ասելով, եթե անջատվի վարույթը, իրենք կարող են նաև արագացված ընթացակարգի հարց էլ հետագայում բարձրացնել։
Դատարանը (դատավոր՝ Վահե Դոլմազյան, լուսանկարում) որոշեց վարույթն անջատել և իրականացնել առանձին գործի քննություն։ Նոր դատավորը կծանուցի դատական նախնական նիստի, կարգի մասին։
Այս գործով Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը մեղադրվում է քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ Սևակ Գոմցյանի օգտին հովանավորչության, թողտվության և այլ ապօրինի գործողության, 4,000,000 ՀՀ դրամ կաշառք գումար, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ պաշտոնական կեղծիք կատարելու համար: Հինգ մեղադրյալներն են, ըստ մեղադրական եզրակացության, կաշառք տվել։ Այս գործով միակ կինը՝ 3-րդ կարգի հաշմանդամ, միայնակ մայր Ռուբինա Չարչօղլյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, եղբոր հետ նախնական համաձայնությամբ «խմբի կազմում», պաշտոնատար անձ հանդիսացող՝ Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի կողմից ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով իր օգտին հովանավորչության համար՝ նրան անձամբ տվել է կաշառք (ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր):
Պաշտպանական կողմը բարձրացրեց Հ. Գասպարյանի խափանման միջոցը փոխելու հարցը։
Որպես հիմնավորում պաշտպանը հայտնեց, որ նա սրտամկանի ինֆարկտ է տարել, ունի հետազոտման խնդիր, մի անգամ ոստիկանները հրաժարվել են նրան ուղեկցել բուժհիմնարկ, և ստացվում է, որ տնային կալանքի տակ գտնվող անձը զրկված է բուժօգնություն ստանալու տարրական իրավունքից։ Գալիք նոյեմբերի 25-ին նա Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում պետք է հետազոտվի։
Ի դեպ, դատավոր Վ. Դոլմազյանն էլ նկատեց, որ խնդիր կա կալանքի տակ գտնվողներին ուղեկցելու հետ կապված, երբ խնդիրն առնչվում է հատկապես տնային կալանքի տակ գտնվողներին։ Քրեակատորղական հիմնարկում կալանավորներին ուղեկցում են ՔԿՀ ծառայողները, նա հայտնեց, որ դիմել է անգամ մեկ այլ գործով տնային կալանքի տակ գտնվողի գործով ՆԳ նախարարին։
Հանրային մեղադրողը, ով երկրորդն էր այս գործով, քանի որ գործընկերն արձակուրդի մեջ էր, առարկեց, ասելով, որ կա հիմնավոր կասկած փախչելու, վկաների վրա ազդելու, միջնորդեց, որպեսզի երեք ամսով այն երկարաձգվի, պահպանելով նույն սահմանափակումները;
Դատարանը տնային կալանքը փոխարինեց այլընտրանքային խափանման միջոցով՝ վարչական վերահսկողությամբ, հաշվի առնելով, որ նա տասնմեկ ամիս գտնվում է կալանքի տակ, որից երեք ամիսը կալանքի, իսկ մնացյալը՝ տնային կալանքի։ Դատարանը պարտավորեցրեց, որպեսզի բնակության մշտական վարյր փոխելու դեպքում տեղեկացվի վարույթն իրականացնող մարմնին, սահմանափակվեցին հաղորդակցությունները, մեղադրյալների, վկաների հետ, նշվեց նաև անազատության մեջ գտնվող Վարդան Ղուկասյանի անունը։
Հոկտեմբերի 12-ին կշարունակվի դատական նախնական նիստը։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.09.2026


















































