Լրահոս
Օրվա լրահոսը

Անակնկալ ստուգումներին մասնակցող հայկական զորախումբը վերադարձել է հայրենիք

Մայիս 21,2015 18:09

Մայիսի 19–ին Տաջիկստանի Հանրապետության տարածքում գտնվող Խարբմայդոն զորավարժարանում ավարտվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի անակնկալ ստուգման միջոցառման գործողությունները: Շուրջ մեկ շաբաթ գտնվելով  Տաջիկստանի Հանրապետությունում և պատվով մասնակցելով ՀԱՊԿ-ի շրջանակում առաջին անգամ անցկացված այդ ստուգատեսին, հայկական զորախումբը մայիսի 20-ին վերադարձել է հայրենիք:

Անցկացված վարժանքների նպատակն էր ՀԱՊԿ անդամ երկրների կոլեկտիվ անվտանգության համաձայնագրի շրջանակներում գործող ուժերի ղեկավար կազմին հնարավորություն ընձեռել մարտական իրավիճակին մոտեցված պայմաններում  գործնականում կիրառել և ամրապնդել բազմազգ զորախմբի ղեկավարման, անհրաժեշտ քայլերի համատեղ պլանավորման ու իրականացման գործառույթները: Որոշումներ կայացնելիս ուշադրություն է դարձվել պայմանական հակառակորդի գրոհային խմբերի կանգնեցման և ոչնչացման միջոցներին, կրակի ղեկավարման մեթոդներին, բազմազգ զորախմբում ներգրավված ազգային ստորաբաժանումների միջև փոխհամագործակցության ամրապնդմանն ու դրա արդյունավետության բարձրացմանը:

Մայիսի 19-ին տեղի է ունեցել անակնկալ ստուգումների եզրափակիչ փուլը, որին հետևել են ՀԱՊԿ քարտուղարության, ՀԱՊԿ միացյալ շտաբի և մասնակից երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Անակնկալ ստուգմանը մասնակցող ազգային ստորաբաժանումները համատեղ ու ներդաշնակ գործողություններով կատարել են առաջադրված խնդիրները: Վճռական փուլի ընթացքում կիրառվել են զրահատեխնիկա, մարտական ուղղաթիռներ և ինքնաթիռներ, ցամաքային մարտական և գրոհային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, հրետանի և այլն:

Նիկոլայ Բորդյուժա

Նիկոլայ Բորդյուժա

Համատեղ ուժերի հատուկ գործողությունների գնահատականը վճռական փուլի ավարտին տվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` նշելով, որ անակնկալ ստուգման գործողություններն անցան հաջող ու արդյունավետ, ազգային զորախմբերն ու դրանց հրամանատարներն ապացուցեցին, որ անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ստորաբաժանումներն ի զորու են կատարել առաջադրված մարտական խնդիրները:

Ուսումնամարտական վարժանքները ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի զինծառայողներին ճգնաժամային պայմաններում առավել արդյունավետ գործելու, համընդհանուր սպառնալիքների դիմագրավմանը միասնաբար հանդես գալու հնարավորություն են ընձեռել:

Կրակային փուլին հաջորդել է փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացում բազմազգ զորախմբի կազմում աչքի ընկած զինծառայողները պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031