Դե ֆակտո հեռացած, դե յուրե անդամ. Հայաստան–ՀԱՊԿ հարաբերությունների փակուղին
Հեռացման սպառնալի՞ք, թե՞ քաղաքական խզում
Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները հասել են մի հանգրվանի, երբ խնդիրը վաղուց արդեն միայն կազմակերպության նիստերին Հայաստանի մասնակցությունը կամ անդամավճարների վճարումը չէ։ Խոսքը Հայաստանի անվտանգության ռազմավարության, դաշնակցային պարտավորությունների նկատմամբ վստահության, ինքնիշխան որոշումներ կայացնելու հնարավորության եւ արտաքին քաղաքականության հետագա ուղղության մասին է։ Երեւանի եւ ՀԱՊԿ-ի միջեւ ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլեւ աստիճանաբար ստացել է իրավական ու քաղաքական նոր չափումներ։
Հոկտեմբերի 23-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը նշել է, որ Հայաստանի անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում նախատեսված Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։ Նրա խոսքով՝ նման առաջարկ կարող է ներկայացնել Ռուսաստանը՝ որպես նախագահող երկիր, կամ կազմակերպության մեկ այլ անդամ պետություն։ Միաժամանակ գլխավոր քարտուղարը Հայաստանի վարքագիծը բնութագրել է որպես ՀԱՊԿ-ից փաստացի՝ դե ֆակտո, դուրս գալու գործընթաց, նշելով, որ Երեւանը չի մասնակցում կազմակերպության հիմնական միջոցառումներին եւ որոշումների ընդունմանը, թեեւ չի խոչընդոտում մյուս անդամների աշխատանքին։
Կարդացեք նաև
Եթե նախկինում Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի պաշտոնական ներկայացուցիչները հիմնականում ընդգծում էին, որ Հայաստանը շարունակում է մնալ կազմակերպության լիիրավ անդամ, ապա այժմ հրապարակային քննարկման առարկա է դարձել նաեւ անդամակցության հարցի հնարավոր վերանայումը։ Սակայն սա դեռ չի նշանակում, որ Հայաստանի հեռացման վերաբերյալ որոշում արդեն կայացվել է կամ որ նման արդյունքն անխուսափելի է։ Անհրաժեշտ է տարբերակել քաղաքական ճնշման ուժգնացումը, կանոնադրական միջոցների հնարավոր կիրառումը եւ կազմակերպությունից պաշտոնական հեռացումը։
Հայաստանի իշխանությունների համար ճգնաժամի հիմքում 2021–2022 թթ. Ադրբեջանի հետ սահմանային բախումների ժամանակ ՀԱՊԿ-ի բացարձակ անտարբերությունն էր։ Պաշտոնական Երեւանի գնահատմամբ՝ կազմակերպությունը չի կատարել ՀՀ անվտանգության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ իր պարտավորությունները, իսկ դաշնակիցները չեն ապահովել նաեւ նախկինում վճարված գումարների դիմաց նախատեսված սպառազինության մատակարարումները։ ՀԱՊԿ-ի եւ ՌԴ-ի պաշտոնական մոտեցումներում, սակայն, ուշադրության կենտրոնում են Հայաստանի՝ կազմակերպության աշխատանքներին չմասնակցելը, անդամավճարների չվճարումը եւ դաշնակցային պարտավորությունների կատարման հարցը։
Այսպիսով, կողմերը ճգնաժամը դիտարկում են տարբեր ելակետերից. Հայաստանի համար խնդիրը դաշնակցի կողմից անվտանգության երաշխիքների չապահովումն է, իսկ ՀԱՊԿ-ի ղեկավարության համար՝ անդամ պետության կողմից կազմակերպության պարտավորությունների կատարումը։
Ի՞նչ քայլերի կարող է դիմել ՀԱՊԿ–ն ըստ կանոնադրության
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հնարավորությունը գնահատելիս անհրաժեշտ է առաջին հերթին անդրադառնալ կազմակերպության կանոնադրությանը։ ՀԱՊԿ-ի կանոնադրությունը նախատեսում է ինչպես անդամ պետության սեփական նախաձեռնությամբ դուրս գալու, այնպես էլ որոշակի պայմաններում նրա մասնակցությունը կասեցնելու եւ կազմակերպությունից հեռացնելու հնարավորություն։ Սակայն այս ընթացակարգերը տարբեր իրավական հիմքեր ունեն, եւ դրանց նույնացումը կարող է հանգեցնել սխալ եզրակացությունների։
Կանոնադրության 19-րդ հոդվածով յուրաքանչյուր անդամ պետություն իրավունք ունի դուրս գալ կազմակերպությունից։ Դրա համար պետությունը պետք է կարգավորի կազմակերպության շրջանակներում ունեցած պարտավորությունները եւ դուրս գալու մասին պաշտոնական ծանուցում ներկայացնի կանոնադրության ավանդապահին՝ դուրս գալու նախատեսված օրվանից առնվազն վեց ամիս առաջ։ Հետեւաբար, Հայաստանի իշխանությունների կողմից քաղաքական մակարդակով ՀԱՊԿ-ի գործունեությունը սառեցնելու մասին հայտարարությունները ինքնին չեն նշանակում, որ Հայաստանը դադարել է լինել կազմակերպության անդամ։ Պաշտոնական դուրս գալու համար անհրաժեշտ է անցնել սահմանված ընթացակարգով։
Իրավական առումով առավել կարեւոր են կանոնադրության 20-րդ եւ 25-րդ հոդվածները։ 20-րդ հոդվածը վերաբերում է այն դեպքերին, երբ անդամ պետությունը չի կատարում կանոնադրությամբ կամ կազմակերպության մարմինների որոշումներով ստանձնած պարտավորությունները։ Նման իրավիճակում Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել այդ պետության մասնակցությունը կազմակերպության մարմինների աշխատանքին։ Եթե պարտավորությունների չկատարումը շարունակվի, խորհուրդը կարող է որոշում ընդունել տվյալ պետությանը կազմակերպությունից հեռացնելու մասին։ Նման հարցերով որոշումներն ընդունվում են առանց տվյալ պետության ձայնը հաշվի առնելու։
25-րդ հոդվածը, իր հերթին, վերաբերում է կազմակերպության բյուջեի նկատմամբ ֆինանսական պարտավորությունների չկատարմանը։ Եթե անդամ պետությունը երկու տարվա ընթացքում չի մարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտքը, Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է ընդունում այդ պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքը սահմանափակելու եւ կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ մինչեւ պարտքի ամբողջական մարումը։ Հետեւաբար, անդամավճարների չվճարումը կարող է ուղղակիորեն հանգեցնել Հայաստանի ինստիտուցիոնալ իրավունքների սահմանափակման, սակայն 25-րդ հոդվածն ինքնին Հայաստանի ավտոմատ հեռացման դրույթ չէ։
Այս տարբերակումը էական է։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ անդամակցության հարցի հնարավոր քննարկումը կապվում է նաեւ 25-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների հետ։ Սակայն անդամավճարների չվճարման համար նախատեսված միջոցները եւ 20-րդ հոդվածով սահմանված՝ կազմակերպությունից հեռացման ընթացակարգը իրավական առումով նույնը չեն։ Հեռացման համար անհրաժեշտ կլինի հիմնավորել համապատասխան կանոնադրական հիմքերի առկայությունը եւ անցնել որոշման ընդունման ընթացակարգով։
Դեռեւս հունիսին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ երկրները համաձայնել են քննարկել Հայաստանի նկատմամբ կանոնադրությամբ նախատեսված քայլերի հնարավոր կիրառումը։ Նա շեշտել էր, որ Հայաստանը երկու տարուց ավելի չի վճարել անդամավճարները։ Այդ հայտարարությունը ցույց էր տալիս, որ հարցը դուրս է եկել միայն քաղաքական դժգոհությունների շրջանակից եւ դարձել կազմակերպության ներսում քննարկվող ինստիտուցիոնալ խնդիր։
Այդուհանդերձ, Հայաստանի հեռացման հարցում վճռորոշ նշանակություն ունի ոչ միայն իրավական մեխանիզմների առկայությունը, այլեւ անդամ պետությունների քաղաքական կամքը։ Կանոնադրությունը հնարավորություն է տալիս կիրառել սահմանափակումներ, բայց չի նշանակում, որ այդ հնարավորությունն անպայման կիրականացվի։ Կազմակերպության անդամները պետք է որոշեն՝ արդյոք Հայաստանի հետ հարաբերությունների ներկայիս վիճակը պահանջում է այդպիսի քայլ, թե նպատակահարմար է պահպանել իրավական անդամակցությունը՝ հույս ունենալով, որ հետագայում հնարավոր կլինի վերականգնել համագործակցությունը։
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի՝ այս տարվա փետրվարին հայտարարությունն այս առումով կարեւոր հակակշիռ էր։ Նա ընդգծել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ, եւ Ռուսաստանը չի զրկում Երեւանին կազմակերպության շրջանակներում մշակվող որոշումներին միանալու իրավունքից։ Այս դիրքորոշումը ցույց էր տալիս, որ Մոսկվան այդ փուլում նախընտրում էր պահպանել Հայաստանի անդամակցության իրավական կարգավիճակը՝ միաժամանակ ակնկալելով, որ Երեւանը կվերանայի իր մոտեցումը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը, սակայն, ցույց է տալիս, որ կազմակերպության ներսում հարցի քննարկման տրամաբանությունը փոքր-ինչ փոխվել է։ Եթե փետրվարին շեշտը դրվում էր Հայաստանի՝ լիիրավ անդամ մնալու հանգամանքի վրա, ապա այժմ բացահայտորեն խոսվում էր նոյեմբերյան նիստում անդամակցության հարցը բարձրացնելու հնարավորության մասին։ Սա ինքնին դեռ վերջնական որոշում չէ, սակայն նշանակում է, որ Հայաստանի նկատմամբ կանոնադրական միջոցների կիրառման քաղաքական հավանականությունը դարձել է ավելի շոշափելի։
Հայաստանը դե ֆակտո դուրս եկե՞լ է ՀԱՊԿ–ից
Հայաստանի ներկայիս կարգավիճակը բնութագրելու համար առավել ճշգրիտ է խոսել իրավական անդամակցության եւ փաստացի չմասնակցության միջեւ առաջացած խոր հակասության մասին։ Երեւանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ պետություն, սակայն նրա մասնակցությունը կազմակերպության հիմնական քաղաքական եւ ռազմական գործընթացներին էապես սահմանափակվել է։ Հայաստանը 2024-ին հայտարարեց ՀԱՊԿ-ի միջոցառումներին իր մասնակցությունը սառեցնելու մասին։ Դրանից հետո հայկական կողմը չի մասնակցել կազմակերպության մի շարք կարեւոր հանդիպումների եւ համատեղ զորավարժությունների, հրաժարվել է հատկացնել իր բաժին ֆինանսավորումը եւ երկար ժամանակ չի համալրել կազմակերպության համապատասխան մարմիններում Հայաստանին հատկացված քվոտային պաշտոնները։ Հիշեցնենք, որ 2023-ի սեպտեմբերին ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչը հետ էր կանչվել, եւ նոր ներկայացուցիչ չէր նշանակվել։
Այնուամենայնիվ, Հայաստանի ներկայությունը կազմակերպության աշխատանքներում ամբողջությամբ չի վերացել։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ներկայացմամբ՝ Հայաստանի ներկայացուցիչը շարունակում է մասնակցել մշտական խորհրդի շաբաթական նիստերին։
Այս մոտեցումն ունի որոշակի քաղաքական տրամաբանություն։ Հայաստանը չի ցանկանում իր մասնակցությամբ լեգիտիմացնել մի կազմակերպության աշխատանքը, որի անվտանգության երաշխիքների արդյունավետությունը կասկածի տակ է դնում։ Միաժամանակ Երեւանը չի խզում բոլոր կապերը եւ չի նախաձեռնում պաշտոնապես հեռացման գործընթաց՝ պահպանելով հետագա որոշումների համար որոշակի ճկունություն։ Այսպիսով, սառեցված մասնակցությունը մի կողմից բողոքի քաղաքական միջոց է, մյուս կողմից՝ ժամանակ շահելու եւ արտաքին քաղաքական այլընտրանքներն ընդլայնելու հնարավորություն։
Սակայն նման քաղաքականությունն ունի նաեւ սահմանափակումներ։ Միջազգային կազմակերպությունում անդամակցությունը միայն նիստերին մասնակցել-չմասնակցելու հարց չէ։ Այն ենթադրում է իրավունքներ, պարտավորություններ եւ որոշումների վրա ազդեցության որոշակի հնարավորություն։ Այս իմաստով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ Հայաստանի դե ֆակտո հեռացած լինելու գնահատականը քաղաքական առումով ամբողջովին անհիմն չէ։ Հայաստանը փաստացի դուրս է մղել իրեն կազմակերպության գործունեությունից՝ չդադարեցնելով իրավական անդամակցությունը։ Սակայն «դե ֆակտո դուրս գալը» քաղաքական բնութագրում է, ոչ թե իրավական կարգավիճակի փոփոխություն։
Հատկանշական է նաեւ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսին հայտարարել էր, թե իրեն չի մտահոգում ՀԱՊԿ-ից հնարավոր հեռացման հեռանկարը։ Նրա խոսքերից հետեւում է, որ Երեւանը չի դիտարկում անդամակցության պահպանումն ինքնին որպես անվերապահ նպատակ։ Եթե կազմակերպության մյուս անդամները որոշեն հեռացնել Հայաստանին, հայկական կողմը, ըստ նրա, ստիպված կլինի այդ որոշումն ընդունել ի գիտություն։
Այս դիրքորոշումը կարելի է մեկնաբանել որպես փորձ՝ նախաձեռնությունը թողնել ՀԱՊԿ մյուս անդամներին։ Պաշտոնական դուրս գալու որոշումը քաղաքականապես բարդ է, քանի որ այն կարող է ներկայացվել որպես Հայաստանի կողմից դաշնակցային համակարգը լքելու քայլ։ Իսկ եթե հեռացման նախաձեռնությունը գա կազմակերպությունից, Երեւանը կարող է պնդել, որ անդամակցությունը կորցնելու պատճառը ոչ թե իր կամայական որոշումն է, այլ տարիների ընթացքում կուտակված անվստահությունը եւ դաշնակցային հարաբերությունների փաստացի փլուզումը։
Մնում է սպասել եւ հասկանալ, թե ՀԱՊԿ-ականները որ քայլը կնախընտրեն Հայաստանի դեպքում. սեփական ձեռքով «գեղեցիկ հեռացնելո՞ւ», թե՞ որեւէ հիմնավորմամբ կազմակերպության կազմում ցանկացած գնով պահելու տարբերակը։
Ամփոփումը՝ վաղվա համարում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.10.2026



















































