Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալվեցին Եթովպիայի հայ համայնքի ներկայացուցիչները

Հունիս 10,2015 18:42

Հունիսի 10–ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ աշխատակազմի հանդիպումը Եթովպիայի հայ համայնքի ղեկավար Վարդգես Նալբանդյանի և նրա  դստեր՝ մասնագիտությամբ իրավաբան, Ադիս Աբեբայում Միջազգային զարգացման ավստրալական գործակալության ծրագրի ավագ մենեջեր՝ Գայանե-Էլիզ Նալբանդյանի հետ, ով ակտիվորեն ներգրավված է համայնքային կյանքում:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը կարևորեց Եթովպիայի հայ համայնքի հետ սերտ կապերի ամրապնդման, համայնքի պատմությանն ու ներկա խնդիրներին իրազեկ լինելու անհրաժեշտությունը: Նա նշեց, որ լինելով հայության հնագույն համայնքներից մեկը՝ Եթովպիայի համայնքը, այսօր էլ շարունակում է իր կենսունակությունը՝ պահպանելով նաև հայկական դիմագիծը:

Այնուհետև Վարդգես Նալբանդյանը տեսաշարով ներկայացրեց Եթովպիայի հայ համայնքի պատմությունը և հայերի պատմական ներուժը երկրի կայացման և զարգացման գործում: Նա հանգամանալից պատմեց Եթովպիայում առաջին հայերի հայտնվելու, տեղի ժողովրդի և կառավարիչների հետ նրանց առնչությունների մասին: Նա նշեց, որ հայ-եթովպական կապերը զարգանում էին հիմնականում երկու ուղղությամբ՝ եկեղեցական և գործարարական: Եթովպական արքունիքում հայերը պահանջված են եղել հատկապես որպես արհեստավարժ ոսկերիչներ, գորգագործներ, մանածագործներ: Տեղի հայերի շարքերում են եղել նաև գրողներ, բանաստեղծներ, գեղանկարիչներ, ճարտարապետներ, երգահաններ:

Ըստ բանախոսի, Ադիս Աբեբայում գործում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եթովպիայի հոգևոր հովվությունը, հայկական Ազգային վարժարանը, որն ունի մանկապարտեզ և տարրական դասարաններ: Վարժարանում դասավանդվում է հայոց լեզու, հայոց պատմություն, աշխարհագրություն, կրոն, Եթովպիայի պետական լեզուն՝ ամհարերեն, անգլերեն, ֆրանսերեն: Դպրոցն ունի 220 աշակերտ, որից 11-ը՝ հայ:

Վերջին տվյալներով Եթովպիայում բնակվում է շուրջ 150 հայ, որից 80-ը՝ Ադիս Աբեբայում:

Հանդիպման վերջում Վարդգես Նալբանդյանը պատասխանեց ներկաների հարցերին:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930