Լրահոս
Օրվա լրահոսը

Այժմ որոշողը դուք եք

Հունիս 19,2015 12:05

«Սիրելի հայրենակիցներ

Ցանկանում եմ Ձեր ուշադրությանը ներկայացնել մեզ առջևում սպասված մարտահրավերներին։ Ինչպես տեսանք հոսանքի սակագինը որոշվեց բարձրացնել 6.93 դրամով, այն որ սա պետության կողմից կազմակերպած թալան է, ոչ մեկիս համար նորություն չէ, բայց ժամանակն է մի փոքր մտածել, թե ի՞նչ ենք մենք ցանկանում և ինչ ճանապարհ ենք պատրաստում ընտրել։

Այս իշխանությունը, թանկացնելով հոսանքի սակագինը, մեկ ուրիշ օր կթանկացնի մեկ այլ բան, հավատալ այս իշխանությանն այն հարցում, թե իրենք նույնպես դեմ են թանկացումներին, բայց ոչ մի այլ ճանապարհ չկա, հավասարազոր է ընտրություններին քվեարկել հանրապետական կուսակցության կամ Սերժ Սարգսյանի օգտին, այն պարզ պատճառով, որ եթե այս իշխանությունը մի փոքր մտահոգ լիներ քաղաքացիների բարեկեցիկ կյանքի կառուցման կամ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրների կարգավորման հարցում, ապա, զգալով, որ կառավարել չի կարողանում անհապաղ հրաժարական կտար՝ իր տեղը զիջելով ավելի խելացի մարդկանց։
Եկեք փաստենք այն, որ այս իշխանությունը ոչ մի քաղաքական ծրագիր չի կարողացել մինչև վերջ ավարտի հասցնել։ Ընդ որում, թե ներքին, թե արտաքին։ Ցանկացած ծրագիր, որը ռեժիմը սկսել է, չի հասցրել ավարտի, որի պատճառով Հայաստանը կանգնել է բարդությունների ու փլուզման արջև։

Որպեսզի ռեժիմը շարունակի Հայաստանի թալանը, այն խնդիր ունի վերարտադրվելու։ Ահա սա է Սահմանադրական բարեփոխումների անվան տակ թաքնված։ Այժմ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում իշխանության հնարավոր ռազմավարություն։ Ռեժիմը փորձում է ընդդիմությանը կենտրոնացնել Սահմանադրական բարեփոխումների կառավարման փոփոխման մեխանիզմի վրա այն է՝ կիսանախագահ երկրից անցում կատարել պառլամենտական կառավարում ունեցող երկրի։ ՈՒստի պետք է հաշվի առնել, որ ընդդիմության համախմբումը պառլամենտական կառավարման դեմ կարող է ձեռնտու լինել ռեժիմին։ Եթե իշխանությունն անցում կատարի դեպի պառլամենտական կառավարում, ապա այդ պարագայում Սերժ Սարգսյանի ռեժիմը հերթական անգամ կեղծելով ընտրությունները՝ մեծամասնություն կդառնա խորհրդարանում և Սերժը ՀՀԿ-ի ցուցակի առաջին համարի տակ գրանցվելով կինքնընտրվի Ազգային Ժողովի (ԱԺ) նախագահ, և ԱԺ ում մյուս հաղթած ուժերը կլինեն այնպիսի ձևական ընդդիմադիրներ, որոնք իրականում գործարքի մեջ են ռեժիմի հետ։ Սա վարկածներից մեկն է, բայց փորձենք հասկանալ իրողությունը։

Սերժ Սարգսյանը պահպանողական մարդ է և ցանկացած փոփոխություն ընկալում է որպես իր իշխանությունը կորցնելու վտանգ, ինչը հարիր է իշխանությունը զավթած ղեկավարին։ Սարգսյանը ինքնընտրվելով ԱԺ նախագահ՝ կկորցնի իր անմիջական վերահսկողությունը ուժային կառույցների վրա, իսկ դա նշանակում է, որ նրա համար կստեղծվի իշխանությունը կորցնելու մեծ վտանգ, քանի որ նա իր իշխանությունը պահում է ուժային կառույցներով, ԶԼՄ-ների ազատությունը սահմանափակելով, ձևական ընդդիմադիրներով, որոնք կոչված են պառակտել և թույլ չտալ ընդդիմության ուժեղացումը Հայաստանում և տնտեսական վերահսկողական շանտաժով։ ՈՒստի Սարգսյանի հայտարարությունը այն մասին, թե պառլամենտական կառավարման կարգին անցնելով նա մտահոգված է Հայաստանի անվտանգության հարցում, պետք է դիտարկել որպես մտավախություն իր անմիջական վերահսկողությունը կորցնել ուժային կառույցների վրա։ Ահա սա առաջին տարբերակի իրողությունը։ Երկրորդ տարբերակը պառլամենտական կարգին անցնելուց հետո Սարգսյանը դառնում է ՀՀԿ-ի գերգույն ղեկավար և կյանքի կոչվում Շարմազանովի ասած «Բոլոր հարցերը կանցնեն Մելիք-Ադամյան փողոցով» թեզը։ Այդ պարագայում ռեժիմը ունենալու է այլ խնդիր այն է՝ կրճատել կուսակցությունների քանակը Հայաստանում, թողնելով միայն ձևական ընդդիմադիրներին։ Սակայն նրան չի հաջողվի փակել այնպիսի կուսակցություններ, որոնք իրենց գործունեությունը ծավալում են օրենքով սահմանված կարգով և հայտնի ընդդիմադիր կուսակցություններ են։ Այդպիսի կուսակցության օրինակ է Հայ Ազգային Կոնգրեսը, վերոնշյալ վարկածի դեպքում մեծ գլխացավանք կդառնա Սարգսյանի համար, քանի որ դաշտը մաքրելով, ավելի քիչ մրցակցություն ստեղծելով, հիմնական մրցակիցներ կդառնան ՀՀԿ-ն, մի քանի ձևական ընդդիմադիր կուսակցություններ, որոնք արդեն այսօր բացահայտվել են ժողովրդի կողմից և ընդդիմադիր ՀԱԿ-ը։ ՈՒստի Սարգսյանի համար մեծ է վտանգը ՀԱԿ-ի համակիրների ավելացումը, ընդդիմության պառակտման անհնարինությունը և քաղաքացիական նոր նախաձեռնությունների համագործակցման ամրապնդումը ընդդիմադիր քաղաքական ուժ(երի)հետ։

Այժմ եկեք դիտարկենք երրորդ՝ ամենահնարավոր վարկածը, որի մասին ցավոք չեն խոսում։ Շատ հնարավոր է, որ Սարգսյանը, կենտրոնացնելով բոլորիս ուշադրությունը պառլամենտական կարգի փոփոխմանն ու դրա դեմ շարժումը ակնկալելով, պայքարի պարագայում կհամաձայնվի ընդդիմության հետ և որպես իր իսկ պարտության ընդունում կառաջարկի նոր Սահմանադրության մշակումը ընդդիմադիրների հետ միասին։ Ծուղակը կայանում է նրանում, որ Սարգսյանը համաձայնելով կիսանախագահական կառավարման համակարգի պահպանմանը, կսկսի նոր Սահմանադրության մշակումը, որը կլինի ավելի ժողովրդավար քան գործող Սահմանադրությունը։ Արդյունքում հաղթած ժողովուրդը մասնակցելով հանրաքվեի, կողմ քվեարկի նոր Սահմանադրության օգտին, դրա մեջ տեսնելով իր պայքարի նշույլները, իսկ ռեժիմը հնարավորություն կստանա չեղյալ համարել գործող Սահմանադրությունը, և նոր Սահմանադրությունը հաստատելով, Սարգսյանը կկարողանա ևս երկու անգամ առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, քանի որ այդ ժամանակ մենք կունենանք ոչ թե փոփոխված Սահմանադրություն, այլ լիովին նոր Սահմանադրություն։
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա մենք գտնվում ենք ողբալի վիճակում։

Մենք ԵՏՄ-ի անդամ ենք, բայց այնպիսի տպավորություն է, որ ԵՏՄ-ի անդամ չենք, Մենք դադարեցրել ենք Եվրոպայի հետ ասոցացման գործընթացը, բայց մյուս կողմից Սարգսյանը Ռիգայում հանդես է գալիս անիմաստ ելույթով։ Թուրքիայի հետ ստեղծվեց վտանգավոր պահանջատիրական քաղաքականությունը, այն պարագայում, երբ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն իրավաբանորեն չի հանդիսանում ցեղասպանության իրավահաջորդ, այլ իրավահաջորդ է համարվում սփյուռքը։
Պետք է հաշվի առնել մեկ փաստ։ Հայաստանը ոչ հայտարարված ու ոչ ակտիվ պատերազմային իրավիճակում է Ադրբեջանի հետ, որը իրենից ենթադրում է ոչ հայտարարված արտակարգ դրություն։ Արտակարգ դրության ժամանակ իշխանության փոփոխություն տեղի չի ունենում, ապա պետք է իմանալ որ, այս ռեժիմը, օգտվելով այդ առիթից, երբեք լուծում չի տալու ԼՂ հակամարտությանը և փնտրելու է ցանկացած ճանապարհ իր իշխանությունը վերարտադրելու համար: Արդյունքում մենք կկորցնենք ոչ միայն Ղարաբաղը, այլև կզգանք, թե ինչ է պետության փլուզումը։ Ժամանակին Ռոբերտ Քոչարյանի դիվանագիտական ջանքերով ԼՂՀ դուրս մնաց բանակցությունների գործընթացից, որն իր հերթին ազգի ինքնորոշման խնդիրը ձևափոխվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային խնդրի, որը ձեռնտու է Ադրբեջանին։

Սիրելի հայրենակիցներ պետք է հաշվի առնել այն, որ այս ռեժիմը երբեք չի հեռանա և նրա ժամկետը չի ավարտվի Սահմանադրորեն։ Այս ռեժիմը ջանք չխնայելով շեղելով և պառակտելով մեզ՝ կգտնի վերարտադրման ճանապարհը, որը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի կործանում։ Մենք բոլորս պետք է սկսենք բացառապես օրինական պայքար իշխանությունը փոխելու և իշխանությունը մեզ (որպես ժողովրդի) վերադարձնելու մեզանից գողացված իրավունքը։ Այդ պայքարի լավագույն հարթակներից է հոսանքի սակագնի թանկացման դեմ պայքարը։

Այժմ որոշողը դուք եք, թե ինչ ճանապարհ ընտրել, պայքարել հոսաքնի սակագնի թանկացման դեմ, թե պայքարել մեր ապագայի, անվտանգության, մեր իրավունքների և հետագա թալանը կանխելու համար

Դավիթ Հարությունյան ՀՀ քաղաքացի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930