Լրահոս
Օրվա լրահոսը

Համլետ Հարությունյան. «Մի քանի օրից հստակ կերևան ուղղորդողները». «Իրատես de facto»

Հունիս 26,2015 12:29

Էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ առաջացած հասարակական «բռնկումները» կարծես թե մարման միտում չունեն։ Երիտասարդները ամեն գնով ուզում են հասնել վերջնանպատակին։ Իշխանություններն էլ առայժմ լռում են. կամ ինչ-որ որոշում, կամ ըմբոստության ալիքը հանդարտեցնելու ուղիների շուրջ են մտմտում։ Ըստ «Իրատեսի» զրուցակից, ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանի, այս իրավիճակի պատճառներն ավելի հեռվից են գալիս։

– Ցուցարարների հավաստիացումները, թե իրենք լիդեր չունեն, ապաքաղաքական պայքարի են դուրս եկել ու իրենց միայն էլեկտրաէներգիան է մտահոգում, հավատ չե՞ն ներշնչում։ Դուք քաղաքական ուժե՞ր եք տեսնում նրանց թիկունքում։

– Ես լիովին համոզված եմ, որ մի քանի օրից հստակ կերևան ուղղորդողները, որոնք նուրբ ու վարպետորեն են խաղը տանում։ Սա ցայտուն երևաց, երբ առաջարկվեց չորս-հինգ հոգով գնալ նախագահի մոտ, բայց նրանք մերժեցին։ Աշխարհում չի եղել մի դեպք, երբ երկրի նախագահը ցանկանա հանդիպել, բայց մերժում ստանա։ Հո հինգ հազարի հետ չպիտի՞ հանդիպեր, պիտի լիդերները գնային, բայց նրանք գերադասեցին ստվերում մնալ։ Թող մի գիտնական, տեխնոլոգ ասի, որ շարժումը լիդեր չի ունենում։ Այդ ո՞նց է՝ «Նաիրիտի» բանվորները, տոնավաճառի առևտրականները, կուտակային կենսաթոշակների դեմ պայքարողները լիդեր կունենան, իսկ այս բազմահազարանոց ցուցարարները՝ ո՞չ։

Անգամ տարիքային ցենզը, որ դիտարկում ես, շատ լավ կազմակերպված երիտասարդներ են, ոչ մի տարեց չկա։ Ուրախալի է նաև, որ այդպիսի պայծառ, առողջ երիտասարդներ ունենք։ Ո՞ւր էին նրանք, ինչպե՞ս հայտնվեցին, բա ասում եք՝ բոլորը գնացել են, Հայաստանում մարդ չկա։ Էդ երիտասարդությանը, որ տեսնում ես, քեֆդ գալիս է, ուրախանում ես։

– Այդ պայծառ երիտասարդներին ոստիկանները բռնությամբ ցրեցին։ Ճի՞շտ վարվեցին:

– Կարծում եմ՛ ոչ։ Երկուստեք իրենց ճիշտ չեն պահել։ Իմ համոզմամբ, այս իրավիճակներում ոստիկանությունը պետք է միշտ զիջող լինի։ Բայց նաև մեկ այլ հանգամանք կա։ Բաղրամյան փողոցում կան պետական կառույցներ՝ նախագահական նստավայր, խորհրդարան, ՍԴ։ Ես հոկտեմբերի 27 տեսած մարդ եմ, ոստիկանության հիմնական գործն անվտանգություն ապահովելն է, տվյալ պահին այդ պետական կառույցներում աշխատող մարդկանց անվտանգությունը։ Հորդան գալիս է, «ամբոխները խելագարված», հետո ո՞վ է դրա հետևանքների համար պատասխան տալիս։ Բա եթե այդ պահին պետական ծառայողներից որևէ մեկը վիրավորվեր, ո՞վ էր լինելու պատասխանատուն։ Այնպես որ, այսպիսի իրավիճակներում ոստիկանության գործողություններին միանշանակ պատասխան տալը սխալ է։ Պետք է օբյեկտիվ լինի։ Եթե ցուցարար կամ լրագրող է քերծվածք ստացել, պետք է համաշխարհային քննարկման հարց դառնա, բայց եթե ես կամ մեկ այլ պաշտոնյա է վիրավորվում, հե՞չ։ Միակողմանի չպետք է լինել, ինչպես վարվեցին մեզ ոչ բարեկամ երկրների ներկայացուցիչները (նկատի ունեմ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի դեսպանատների արձագանքները):

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արամ says:

    Այս ՀՀԿ խմբակցության անդամը պետք է հասկանա, որ այս սքանչելի երիտասարդներին ուղորդողը այսպիսի արդարացի պայքարի, հենց իրենք են ՀՀԿ կոչվող մարդկանց խումբը: Հենց իրենք են իրենց, մեղմ ասած, երկրի ապաշնորհ ղեկավարման արդյունքում երիտասարդներին ստիպել դուրս գալ փողոց և պայքարել իրենց ոտնահարված իրավունքների համար:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930