Մեր երկրի՝ Արցախ աշխարհի, անկախության հռչակման 24 ամյակի առթիվ տոնական միջոցառումներ կայացան նաև Քաշաթաղի շրջանի տարբեր բնակավայրերում:
Առավոտյան մարդաշատ էր շրջկենտրոն Բերձորի Խաղաղության հրապարակը, որի հարևանությամբ է Արցախյան գոյամարտի նահատակներին նվիրված հուշահամալիրը: Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ շրջվարչակազմի, ուժային կառույցների, քաղաքում գործող այլ հիմնարկությունների ղեկավարներն ու աշխատակիցները, դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները, հյուրեր (նաև՝ սփյուռքահայեր), բնակիչներ այցելեցին հուշահամալիր. ծաղիկներ խոնարհեցին այստեղի 3 խոնարհված պատերին, որոնց վրա Քաշաթաղի տարածքում մարտիրոսված 300-ից ավելի քաջորդիների անուններն են:
Հուշահամալիրում կանգուն են նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Շուշիի ազատագրման համար, «Հատուկ գնդի» մարտիրոսներին նվիրված, վերջերս ՀՀ ԵԿՄ «Դեպի Արցախ» ուխտագնացության շրջանակներում տեղադրված խաչքարի-հուշակոթողը(Ջուղայի՝ թուրք-ջարդարարների կողմից ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակ), այլ հուշարձաններ: Հնչեց Արցախի oրհներգը, լռության 1 րոպեով հարգանքի տուրք մատուցվեց այսօրվա համար մարտիրոսվածներին: Ներկաներին ողջունեցին Բերձորի Վահան Զատիկյանի անվ. թիվ 2 միջնակարգ դպրոցի սաները՝ հավաստելով, որ իրենք են անկախությունը կերտող հերոսների հետնորդները և իրենք են այս հողի վաղվա տերը՝ զինվորն ու շինարարը, բժիշկն ու հողագործը, ուսուցիչն ու իրավապահպանը:









Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի մասնաճյուղի ղեկավար Քերոբ Մովսեսյանը ասաց, որ արցախահայության բացահայտ ելույթը նոր փուլ նշանավորեց հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմության մեջ: Կարևորեց, որ ամբողջ հայ ժողովուրդը սատարեց արցախահայության պայքարը և լայնամասշտաբ պատերազմում ոսոխը հետ շպրտվեց: «Մեր խնդիրն է հայ պատանիների մոտ ձևավորել ընդհանուրի մի մասը կազմելու, ընդհանուրի համար սեփական ցանկությունները սահմանափակելու, ընդհանուր նպատակի շուրջ միավորվելու սովորություն»,- հավելեց Ք. Մովսեսյանը:
Շրջանային զինվորական կոմիսար Ստեփան Օհանջանյանը նշեց, որ Արցախի անկախության հռչակումը մեր ժողովրդի մեծագույն հաղթանակն է, որը կերտվեց, պաշտպանվեց և արժևորվեց հազարավոր հայորդիների կյանքի գնով: Անկախության հռչակումը նոր խթան հանդիսացավ հակառակորդի ագրեսիային դիմակայելու, բանակի կազմավորման և բնակչության անվտանգության ապահովման համար, հավելեց Ստ. Օհանջանյանը: Եղան նաև պարգևատրումներ: Բերձորի կայացման գործում նշանակալի ավանդի համար հնաբնակ 10-ից ավելի բերձորցիները շրջվարչակազմի ղեկավարի կողմից պարգևատրվեցին պատվոգրով: Հանդիսավոր մասից հետո կայացավ այցելություն Քաշաթաղի երկրագիտական թանգարան: Երեկոյան Բերձորի Վեհափառի հրապարակում կայացավ տոնական համերգ՝ Բերձորի մշակութային խմբերի մասնակցությամբ: Տոնական օրը եզրափակվեց հրավառությամբ:
Կարդացեք նաև
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

















































