Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու եւ կենդանիների կյանքի օրենքների նմանությունը

Սեպտեմբեր 09,2015 11:30

Մարդը հակված է հակադրվելու բնությանը եւ ապրելու կենդանիների կյանքի օրենքներից տարբերվող իր օրենքներով։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ամերիկացի բժիշկ Դ. Ս. Ջարվիսը դիտարկել է կենդանիների կյանքի օրենքները, որոնք կիրառելի են նաեւ մարդու համար։ Լավ օրինակ նշելով գյուղատնտեսական կենդանիներին։ Կովը, ձին, խոզը կամ որեւէ այլ ընտանի կենդանի, ըստ բժշկի, շատ ընդհանուր բան ունեն թավ անտառներում ապրող վայրի գազանների հետ. «Եթե մենք ցանկություն ունենք եւ չենք զլանում դիտելու նրանց կյանքը, ապա ձեռք կբերենք շատ արժեքավոր գիտելիքներ»,-նշում է Ջարվիսը` օրինակ բերելով հիվանդ կենդանու հրաժարվելը սննդից: Նա նշում է, որ սոված մնալու դեպքում կենդանու օրգանիզմի կենսաքիմիական բաղադրությունը փոխվում է, որը եւ նպաստում է արագ ապաքինմանը։ «Երբ մենք հիվանդ ենք, հաճախ ընդունում ենք առաջարկվող սնունդը՝ անհնազանդի տպավորություն չթողնելու համար։ Այդպես վարվելով՝ մենք գործում ենք կենդանիների օրենքներին ճիշտ հակառակ։ Եթե ցանկանում ենք նմանվել կենդանիներին եւ օրգանիզմի առողջացման համար փոխել նրա կենսաքիմիական կազմը, ապա պետք է ընդունենք թթու հեղուկներ, ինչպես, օրինակ, գինեթթու պարունակող խաղողի հյութ, կիտրոնաթթու, խնձորաթթու, լոռամրգի հյութ կամ էլ՝ խնձորաթթու պարունակող խնձորի հյութ»,- նշում է բժիշկը։

mard-kendani.4

Ըստ նրա, մարդիկ սովոր են կարծել, որ եթե օրվա մեջ գոնե մեկ անգամ չուտեն, նրանց հետ ինչ-որ սարսափելի բան կկատարվի։ Նրանք մոռանում են, որ օրգանիզմն ունի պաշարներ, որոնց հաշվին կարող է պահպանել իր գոյությունը՝ միջին տեւողության հիվանդության ընթացքում՝ հարկադրական քաղցի դիմելով։ «Մարդկանցից շատերը չգիտեն, որ կյանքի առաջին 20 տարիների ընթացքում սնունդը օգտագործվում է գլխավորապես որպես շինանյութ։ 25 տարեկանում արդեն վերջնականապես կազմավորվում են մարդու կմախքն ու մկանները, սրտանոթային, շնչառական եւ մարսողական համակարգերը եւ այս ժամանակամիջոցում օգտագործվող սնունդը ծառայում է օրգանիզմի վերը նշված համակարգերը պահպանելուն։ Հիսունին մոտ տարիքում անհրաժեշտ է ձեռնամուխ լինել օրգանիզմի վերակառուցմանը եւ սնվել ոչ թե ախորժակը բավարարելու համար, այլ ավելի կանոնավոր` ընտրելով այնպիսի կերակուր, որը, ինչպես մեր հոտառությունն է հուշում, անհրաժեշտ է օրգանիզմը սնուցիչ նյութերով բավարարելու։ Մենք ի վիճակի ենք վերականգնել մարդկային օրգանիզմը ճիշտ այնպես, ինչպես վերականգնում ենք տունը»,- ասում է բժիշկ Ջարվիսը` դիտարկելով նաեւ քնի հարցը բաց պատուհանների դեպքում, ամառ, թե ձմեռ։ Ուսումնասիրելով քնած կենդանիներին՝ նշում է. որ հավը քնած ժամանակ թաքցնում է կտուցը փետուրների տակ, որպեսզի շնչի թարմ, բայց տաք օդ։ Օդն անցնելով փետուրների միջով, տաքանում է, եւ հավասարաչափ տաք վիճակով ներշնչելիս՝ անցնում է օրգանիզմ։

mard-kendani.2

Աղվեսը ճիշտ նույն ձեւով, անշուշտ՝ բնազդաբար, կարգավորում է օդափոխանակությունը, երբ քնած ժամանակ ծածկում է դունչը իր թավ պոչով, այսպիսով շնչելով թարմ, բայց տաք օդ: Բաց դաշտում քնած ձիերը նույնպես կանգնում են իրար շատ մոտիկ՝ գլուխները սեղմած մեկը մյուսին: Եթե օրը ցուրտ է եւ քամոտ, ապա ձին կանգնում է մեջքով դեպի քամին։

mard-kendani2
Կան մարդիկ, որոնք գերադասում են քնել բաց պատուհաններով եւ անմիջապես շնչել սառը օդը, նրանք դրանից որոշակիորեն իրենց լավ են զգում։ Այդպիսի մարդկանց կարելի է համեմատել սարալանջին աճող սոճու հետ, որը դիմանում է կյանքի դաժան պայմաններին եւ շարունակում ապրել։ Նման մարդիկ բացառություն են կազմում: Իսկ սովորական մարդիկ քնելով բաց պատուհանով սենյակում եւ շնչելով սառը օդը՝ հաճախ են հարբուխով հիվանդանում: Ի վերջո, գալիս ենք այն հիմնական համոզման, որ մարդիկ ապրում են համաձայն կենդանական աշխարհի օրենքների։

Ֆիզիկական ակտիվությանը վերաբերող հարցեր շոշափելիս նորից բժիշկը անդրադառնում է կենդանիներին եւ ուսումնասիրում նրանց արարքները։ Կենդանիները թափառում են այս ու այն կողմ՝ ուտելիք հայթայթելու համար, այլ կերպ ասած՝ ժամանակի մեծ մասն անց են կացնում շարժման մեջ։ Երիտասարդ կենդանիներն աչքի են ընկնում ավելի մեծ ակտիվությամբ։ «Շան եւ կատվի ձագերը անընդհատ շարժման մեջ են. վազվզում են, թռչկոտում, մագլցում, կռվում իրար հետ, զննում շրջապատը։ Մեծանալու հետ միասին օրգանիզմի ակտիվությունը նվազում է եւ սկսում ծառայել հիմնականում երկու նպատակի` սնունդ ապահովելուն եւ իր ու իր սերնդի պաշտպանությանը թշնամիների հարձակումներից»,- նշում է բժիշկը։

mard-kendani.5
Նրա խոսքերով՝ կենդանիների կյանքին հետեւելով, նկատում ենք, որ հանգստի նրանց շրջանը ոչ այլ ինչ է, եթե ոչ մարմնի ընդարմացում՝ սննդի հերթական որոնումներին եւ թշնամու հարձակումներին դիմագրավելուն նախապատրաստվելու համար. «Մենք գիտենք նաեւ, որ կենդանիների ենթամաշկային ճարպի շերտը ցրտերն ընկնելու հետ մեկտեղ հաստանում է, իսկ գարնան գալու հետ՝ բարակում։ Ճիշտ նույն ձեւով էլ մենք փոխում ենք մեր հագուստը՝ համաձայն տարվա եղանակի, կամ օրվա տարբեր ժամանակաշրջաններում օրգանիզմը որոշակիորեն պետք է հարմարվի շրջակա միջավայրին»։ Բժիշկ Ջարվիսը նշում է, որ անսխալ բնազդը ստիպում է կենդանիներին փոխել սնունդը։ Նրանք այդ անում են առանց մտածելու` օգտագործելով բնության կողմից իրենց համար նախապատրաստված բնական սնունդը։ Օրինակ, բոլոր էգ թռչունները բնազդով կարողանում են որոշել, որ իրենց անհրաժեշտ է կիր՝ ձվակճեպի կազմավորման համար։ Նույնը եւ մարդիկ, նրանք շատ դեպքերում ուտում են այն, ինչ իրենց օրգանիզմն է պահանջում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
08.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930