Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Նավթադոլարային» Ադրբեջանին կարող ենք հակադրվել «մոլիբդենադոլարային» Հայաստան դառնալով

Հոկտեմբեր 01,2015 14:30

Ադրբեջանում 2 տարի հետո սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ է լինելու, այնտեղ հնարավոր է՝ սոցիալական խլրտումներ սկսվեն, նույնիսկ՝ բունտ, եւ այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին չի հաջողվի իր ժողովրդին տրամադրել հայ ժողովրդի դեմ եւ սոցիալական դժգոհությունից նրանց ուշադրությունը շեղել պատերազմի գործոնով: «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը, որը որոշակի տնտեսագիտական հաշվարկներ է կատարել՝ թե ինչո՞ւ է Ադրբեջանին հիմա ձեռնտու սահմանին այսպիսի լարված իրավիճակ ստեղծել ու պատերազմ սադրել:

Նշենք, որ վերջերս Ադրբեջանն ավելի ագրեսիվ վարքագիծ է դրսեւորում, ադրբեջանական բանակը հրետակոծել է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերն ու մարտական դիրքերից կիլոմետրեր հեռու տեղաբաշխված ԼՂՀ զինվորական ստորաբաժանումներ, որի հետեւանքով զոհվել են խաղաղ բնակիչներ եւ զինծառայողներ: Ադրբեջանը, ինչպես տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարությունից, 1994 թվականի մայիսից ի վեր առաջին անգամ 122 մմ տրամաչափի հրետանի է օգտագործել:

Քաղաքագետներն ու ռազմական փորձագետները ադրբեջանական ագրեսիան մի շարք հանգամանքներով են պայմանավորում. Ադրբեջանի նման վարքագծի հիմնական պատճառը բանակցային գործընթացի տապալման փորձն է:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը նկատեց, որ Ադրբեջանը՝ հատկապես այն ժամանակաշրջանում, երբ նավթի գները անկում են ապրում, ավելի ագրեսիվ հռետորիկա է վարում: Հիմա Ալիեւին ինչ-որ չափով հաջողվում է «կուտ տալ» իր ժողովրդին՝ իբր թե իրենք ավելի ուժեղ են ու կարող են պատերազմել, հիմա այդ երկրում սոցիալ-տնտեսական լարված վիճակն, այսպես ասած՝ զգացնել չի տալիս: Մանուկյանն ասաց, որ Ադրբեջանում նոր-նոր սկսել են բյուջետային ծախսերը նվազեցնել՝ բավականաչափ կրճատում են, եթե մյուս տարի էլ նավթի գները մնան նույն մակարդակին, այսինքն՝ 1 բարելը մոտ 40-60 դոլար, իսկ դա ակնհայտ է, ապա այս պարագայում Ադրբեջանում կյանքը զգալի վատթարանալու է. «Իսկ կյանքից դժգոհ, սոցիալ-տնտեսական իրավիճակից դժգոհ ադրբեջանցիների թիվը մեծանալու է: Եվ սա հիմնական պատճառն է, որ Ալիեւն իր ժողովրդին չի կարողանալու տրամադրել պատերազմի: Այնտեղ թե՛ տնտեսական, եւ թե՛ քաղաքական ծանր վիճակ է լինելու»:

Մանուկյանը ներկայացրեց Ադրբեջանի տնտեսական իրավիճակը, որը պայմանավորված է հենց նավթի գներով. «Նախորդ տարվա համեմատ՝ 30%-ով նավթից եկամուտները նվազել են՝ 6.5 միլիարդ ազերական մանաթի փոխարեն ընդամենը 4.05 միլիարդ՝ այս տարվա առաջին կիսամյակում: Ներկայումս Ադրբեջանը ոսկեվալյուտային պահուստների կրճատման տեմպերով աշխարհում առաջատար դիրքերում է՝ Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ-ի տարածքում նվազման տեմպերով 2-րդն է: Մասնավորապես, 2015 թվականին Ադրբեջանի պահուստները կրճատվել են 1.2 միլիարդ դոլարով: Նավթի պետական հիմնադրամի եւ Կենտրոնական բանկի պահուստները կրճատվել են 7.8 միլիարդ դոլարով կամ 15%-ով: Այս ամենի արդյունքում 2015 թվականին մեկ շնչի հաշվով պահուստները կրճատվել են 850 դոլարով: Ամենահատկանշականն այն է, որ նման միտումները Ադրբեջանի համար սպառնում են վերածվել կայուն միտումների, քանի որ նավթի գների մասով մոտակա 2-3 տարիներին ակնկալվում է 40-60 դոլարի մակարդակ: Եվ չկա որեւէ գործոն, որ նավթի գները առաջիկա տարիներին կվերադառնան նախկին՝ 80-100 դոլարին մեկ բարելի դիմաց: Ընդ որում, վերջին տարիներին 2015 թվականին առաջին անգամ Ադրբեջանում ակնկալվում է բյուջեի դեֆիցիտ»: Ըստ տնտեսագետի՝ այսինքն՝ առաջիկա տարիներին Ադրբեջանը պատերազմ հրահրելու որեւէ հնարավորություն կամ տնտեսական հիմք չի ունենալու, ուստի հիմա, քանի դեռ քիչ թե շատ վիճակը վատ չէ, նման ագրեսիվ, պատերազմ հրահրող քայլերի է դիմում:

Տնտեսագետն ասաց, որ եթե պատերազմը պարտադրված է լինում, ապա մեր հետագա քայլերը որոշում են մասնագետները՝ պատժիչ պատասխան տա՞լ, թե՞ ոչ, բայց մեծ հաշվով պատերազմը որեւէ երկրի էլ ձեռնտու չի լինում. «Եթե մենք փորձենք 2-3 տարի դիվանագիտորեն ներկայիս ստատուս քվոն պահպանել, մեզ ձեռնտու է, որովհետեւ, նորից կրկնեմ՝ 2017-ից Ադրբեջանում տեղի է ունենալու ներքին մեծ լարվածություն, իրենք լրջագույն խնդիրներ են ունենալու»:

Եվ եթե մինչեւ հիմա Ալիեւն իր նախընտրական, այսպես ասած, մոլորությունը շարունակում է՝ իբր նավթով ուժեղ են, ու իր ժողովրդին փորձում է հավատացնել՝ իբր թե Ղարաբաղը վերադարձնելու է, առաջիկայում անգամ այս հայտարարության համար նավթի գործոնը չի կարող նշել, առավել եւս՝ տնտեսության անկման ու սոցիալական մեծ խնդիրների առկայության պարագայում, սրան էլ գումարած՝ 2018-ին սպասվող այդ երկրում նախագահի ընտրությունները, ապա դժվար թե Ալիեւն այն ժամանակ պատերազմական վիճակի գնա:

Այնպես չէ, որ Հայաստանի տնտեսությունը միանգամից վերելք է ապրելու, իսկ Ադրբեջանինը՝ անկում, բայց ինչպես նկատեց տնտեսագետը, կրկին կապված նավթի գների անկման հետ՝ Ադրբեջանում անկումն ավելի սրընթաց է լինելու, մեր տնտեսության վատթարացման տեմպերն ավելի ցածր են: Ընդ որում, հավանականությունը մեծ է, որ Ադրբեջանն սկսի ավելի քիչ նավթ արդյունահանել, քանի որ դրա ինքնարժեքն ավելի բարձր է լինում, եւ վաճառքն այնքան էլ ձեռնտու չի լինում:

Տնտեսագետն ասաց, որ մենք պետք է ժամանակը մեր օգտին օգտագործենք. «Պետք է բարեկեցիկ տնտեսություն ստեղծել, մարդկանց համար բարեկեցիկ կյանք ապահովել»:
Մանուկյանը Հայաստանի տնտեսությունն ավելի որակյալ ձեւով զարգացնելու իր առաջարկն արեց. նա ուսումնասիրելով վիճակագրությունը՝ այն եզրահանգմանն է եկել, որ ի սկզբանե նավթի գործոնն Ադրբեջանի համար ավելի նվազ նշանակություն ունի, քան մոլիբդենինը՝ Հայաստանի համար: Մանուկյանի խոսքերով՝ մոլիբդենի մեկ տոննայի գինը նույնիսկ այս գնանկման պարագայում մոտ 12,500 դոլար է, Հայաստանում կա մոլիբդենի աշխարհի հաստատված պաշարների 7.5%-ը, աշխարհի նավթի հաստատված պաշարների 2%-ն է Ադրբեջանում. «Ադրբեջանի այն դերակատարումը, որ ասում են՝ «նավթադոլարներով» է հզոր, ավելի թույլ է, քան եթե Հայաստանը փորձի դառնալ այսպես ասած՝ «մոլիբդենադոլարային» երկիր: Այսպիսին լինելու հնարավորություն ունի մեր երկիրը: Մոլիբդենով մենք կարող ենք ավելի արագ եւ որակյալ զարգացում ունենալ, քան Ադրբեջանն իր նավթով, անգամ եթե նավթի գները չիջնեին: Մենք մոլիբդենով ավելի լավ դիրքում ենք, քան Ադրբեջանը՝ նավթով, մեկ տոննա մոլիբդենը ավելի մեծ արժեք ունի, քան նավթը, չնայած որ բարելով է, այսինքն՝ մոլիբդենը որպես օգտակար հանածո ավելի արժեքավոր ապրանք է»:

Մեր այն հարցին՝ մենք մոլիբդենի խտանյութ ենք արտահանում, որից ստացված հարկերը՝ ռոյալթին, մեր բյուջեին, ճիշտ է, գումար բերում են, բայց մի՞թե դա բավարար է մրցելու նավթի հետ, Մանուկյանն ասաց. «Մենք պետք է մեր «խաղաթուղթն» ավելի ճիշտ եւ հեռանկարային օգտագործենք: Մենք պետք է փորձենք մոլիբդենը ոչ թե որպես հումք արտահանել, այլ արտադրություն ստեղծենք: Ռազմական արդյունաբերության մեջ մոլիբդեն է օգտագործվում, եւ ոչ միայն ռազմական: Եթե աշխարհի պաշարների 7.5%-ը Հայաստանում է, սա հնարավորություն է ներդրողներ բերելու մեր երկիր, պայմաններ ստեղծելու տեղում արտադրության համար, ոչ թե հումքը հանեն ու տանեն: Ի վերջո, արտադրություն ստեղծելով՝ տնտեսությանն ավելի մեծ օգուտ է տրվում, քան միայն հումք հանելով ու արտահանելով: Այս ուղղությամբ հարկավոր է հիմնավոր նախագիծ ու պայմաններ ստեղծել ներդրողների համար»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031