Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրաէներգիայի սակագնի նվազումը չի բացառվում

Հոկտեմբեր 10,2015 15:30

Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, համենայնդեպս, դրա նախադրյալները տեսնում է եւ կարծում է, որ դա ներդրողի շահերից է բխում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի վաճառքը ստեղծված իրավիճակում տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը թերեւս լավագույն լուծումն է համարում: «Իրականում ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀԷՑ-ում ստեղծված վիճակը գերազանցապես պայմանավորված էր «Ինտեր ՌԱՕ» ընկերության պաշտոնյաների անարդյունավետ կառավարմամբ: Արդյունքում՝ 2015 թվականի հունիսի 17-ին կայացած նիստում Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովը մասնակի բավարարեց ՀԷՑ-ի դիմումը՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելով 6,93 դրամով: Ըստ էության, եթե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքը տեղի չունենար, բոլոր հիմքերը կային ենթադրելու, որ պատմությունը կկրկնվեր, եւ սակագնի վերանայման խնդիրը կրկին արդիական կդառնար»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տնտեսագետը: Որ ՀԷՑ-երն այլեւս որեւէ պետության սեփականություն չեն հանդիսանալու, այլ մասնավոր ընկերության, եւ ոլորտը հայտնվելու է շուկայական տնտեսական կարգավորման մեխանիզմների ներքո, դրական է համարում նաեւ Հայաստանի նախկին վարչապետներից Խոսրով Հարությունյանը: «Եթե դրան ավելացնենք, որ մարդը, ով ձեռք է բերել ՀԷՑ-երը, ըստ էության ապացուցել է իր` տնտեսապես որակյալ որոշումներ կայացնելու ունակությունները, դա մեծ երաշխիքներ է ստեղծում»,- ասաց նա:

Կառլեն Խաչատրյանն էլ անչափ կարեւոր է համարում, որ ՀԷՑ-ի նոր սեփականատերը պայմանագրով պարտավորվել է առաջիկա 5 տարիների ընթացքում ընկերությունում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում եւ իջեցնել տեխնոլոգիական եւ առեւտրային կորուստները: «Եթե հիմք ընդունենք այն հանգամանքը, որ էլեկտրաէներգիայի ներկայիս սակագնի ձեւավորման ժամանակ տեխնոլոգիական եւ առեւտրային կորուստների հաշվարկային մեծություն է ընդունվել 11,2%-ը, ապա արդեն իսկ պարզ է դառնում, որ համակարգում ահռելի կորուստներ կան, եւ այդ կորուստների նվազեցումը կենսական նշանակություն ունի համակարգի առողջացման համար: Եվ եթե անկեղծ լինենք, դա շատ բարդ իրագործելի խնդիր է, հատկապես նման կարճ ժամանակահատվածի համար: Ինչ վերաբերում է միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարման համակարգի ներդրմանը, ապա ISO ստանդարտների եւ որակի կառավարման համակարգերի ներդրումը հնարավորություն կտա էապես բարձրացնել համակարգի կառավարման արդյունավետությունն ու բացառել անարդյունավետ կառավարման հետեւանքով պարտքերի կուտակումը, անհարկի ծախսերի կատարումը եւ այլն: Այս ամենը Հայաստանի էներգահամակարգի հետագա զարգացման կարեւորագույն նախադրյալներն են»,- ասում է տնտեսագետը` հավելելով, որ դատելով դրված խնդիրներից՝ «Տաշիր» խումբը բավականին բարձր նշաձող է վերցրել: «Սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ընկերության համար էներգետիկ ոլորտը նոր չէ եւ անգամ ինչ-որ իմաստով հարազատ է: «Տաշիր» խմբի կազմում գործող «Կասկադ-Էներգո» ընկերությունը ավելի քան 10 տարի գործունեություն է ծավալում Ռուսաստանի էներգետիկ ոլորտում եւ մատուցում է բավականին բազմազան ծառայություններ: «Կասկադ-Էներգո» ընկերության մասին պատկերացում կազմելու համար բավական է նշել, որ այն ունի մոտ 3.000 աշխատակից եւ գործունեություն է ծավալում Ռուսաստանի ողջ տարածքում: Ուրախալի է, որ ՀԷՑ-ի էներգետիկ ակտիվների կառավարմամբ զբաղվելու է արդյունավետ գործունեություն ծավալող, կառավարման կայուն համակարգ ունեցող ընկերություն: Ուստի կարծում եմ՝ Հայաստանի էներգետիկ համակարգի արդյունավետության բարձրացման համար բոլոր նախադրյալները կան»,- ասաց մեր զրուցակիցը:

Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանն ու Հրանտ Բագրատյանը, ովքեր նույնպես ՀԷՑ-երի վաճառքի գործարքը դրական են գնահատել, միաժամանակ նշում են, որ սակագնի բարձրացումը հիմնավորված չէր: Հրանտ Բագրատյանն անգամ հաշվարկներ է արել ու պնդում է, որ 28-33 դրամի սահմաններում կարելի է տեղավորել էլեկտրաէներգիայի սակագինը: Մինչդեռ գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանը պնդում է` հիմնավորված էր: Այս առիթով «Առավոտը» Խոսրով Հարությունյանի կարծիքը հարցրեց: «Ես այնպես եմ հասկանում, որ վարչապետն ինքը չի պնդում, այլ աուդիտորներն են պնդում: Աուդիտորները պնդեցին, որ սակագնի բարձրացումն անխուսափելի էր` ընկերության ֆինանսական իրավիճակը կայուն պահելու առումով:

Դա ոչ թե արդյունավետ է, այլ ուղղակի անխուսափելի մի քայլ` այդ կարեւորագույն ենթակառուցվածքում ֆինանսական կայունություն ապահովելու համար: Սա նշանակում է, որ եթե վաղը-մյուս օրը, երբ ներդրողը ժամանակակից հաշվառման, տեխնոլոգիաների ներդրման արդյունքում բարձրացնի արտադրողականությունը, համակարգի հուսալիությունը, ենթադրում եմ՝ հնարավորություններ կստեղծվեն սակագինը վերանայելու եւ նվազեցնելու: Ես դա չեմ բացառում նաեւ այն պարզ պատճառով, որ մասնավոր ընկերության մասնակցությունը որակապես տարբերվում է պետական կորպորացիայի մասնակցությունից: Իսկ գնորդը մասնավոր ընկերություն է, որն ուղղակիորեն շահագրգռված է իր որոշումների տնտեսական հետեւանքներով եւ ամեն ինչ անելու է, որ իր գործունեության արդյունավետությունը երաշխավորի: Իմանալով էլ, թե ով է ձեռք բերել ՀԷՑ-ը, կարելի է ասել որ վստահելի, ավելին՝ հուսալի ներդրողի հետ գործ ունենք»,- կարծում է մեր զրուցակիցը: Այն փաստը, որ խոսք է գնում ՀԷՑ-երում միլիարդավոր դրամի ներդրումների մասին, բայց որոնց արդյունքում կորուստները չեն նվազել, արդեն իսկ անարդյունավետ կառավարման ապացույց է, ինչը փորձառու ներդրողը չի հանդուրժի, ու արդյունքում կունենանք ոչ միայն ժամանակակից եւ տեխնոլոգիապես զարգացած ենթակառուցվածք, այլեւ շահութաբեր, ինչը հետագայում սակագինը նվազեցնելու նախադրյալներ կստեղծի: «Համենայնդեպս, դա ներդրողի շահերից է բխելու»,- ասում է նախկին վարչապետը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031