Լրահոս
Օրվա լրահոսը

«Տողը մեծ հաղթանակների սկիզբն էր». մարտական գործողությունից անցել է 24 տարի

Հոկտեմբեր 31,2015 11:00

Արցախյան ազատամարտում հոկտեմբերի 30-ը նշանավորվում է Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրմամբ: Շատերը գտնում են, որ հենց այս մարտական գործողությունն է ազդարարել Արցախյան պատերազմը` նկատի ունենալով, որ Տողում առաջին անգամ ազատամարտիկները բացեիբաց դուրս են եկել ոչ միայն ադրբեջանական ուժերի, այլև` Խորհրդային Միության զորքի դեմ:

Տողի գործողությունը տեղի է ունեցել երկարատև նախապատրաստական աշխատանքներից հետո, որի մեջ մտնում էին ինչպես հետախուզությունը, այնպես էլ եղած ուժերի գնահատումը և բաշխումը` ըստ ուղղությունների: Պատմական այս գյուղը բաժանվել էր երկու մասի, որի վերևի հատվածում ապրում էին հայերը, իսկ ավելի հարթ տարածքներում` ադրբեջանցիները: Ադրբեջանական ՕՄՕՆ-ը գյուղում իրեն թույլ էր տալիս ամեն տեսակի խուլիգանություն, անգամ հոկտեմբերի 16-ին մտել էին Դանիելյանների տուն և սպանել ընտանիքի հինգ անդամներին: Գյուղն ազատագրելը դարձել էր օրհասական և հենց այս ժամանակ էլ Հադրութի շրջանի պաշտպանության ուժեղացման համար այստեղ են ուղարկվում ջոկատներ, որոնց գլխավորում էր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):

Tuga_2

Ինչպես հիշում է հրամանատարը`ազատամարտիկներն իրենք էին շտապեցնում, որպեսզի օր առաջ ազատագրեն գյուղը. «Թուղթ չունենալու պատճառով պատից պոկած պաստառների վրա էինք գծում ազատագրման քարտեզը: Տեղանքը մեր առաջ էր, համարակալել էինք ադրբեջանցիների տները, հատկապես այն տները, որտեղ ՕՄՕՆ-ականներ և զինտեխնիկա կային,- ասաց հրամանատարը` հավելելով. «Տողը մեծ հաղթանակների սկիզբն էր, որի մեջ ընդգրկված էին ընտիր տղերք»:

Շուրջ երկշաբաթյա նախապատրաստական աշխատանքներից հետո, հոկտեմբերի 30-ին, ժամը 17.00-ին նախատեսված էր սկսել գործողությունը` Դավիթ Սարապյանի (Դևի) և Արգամ Հարությունյանի (Շոշեցի Ագոյի) կրակային պատրաստությունից հետո: Դավիթը պետք է անցներ ադրբեջանական կողմ, նռնակը նետեր մորական պապի տան մեջ, որտեղ ՕՄՕՆ-ականներ էին գտնվում, իսկ Շոշեցի Ագոն պետք է կրակ բացել ալազանից: Այս գործողություններից հետո սկսվելու էր միաժամանակյա հարձակում:

Միաժամանակյա գործողությունների շնորհիվ ադրբեջանցիների շարքերում խուճապ է առաջանում, սկսում են փախուստի դիմել. «Մենք երկու ժամ էինք տվել բնակչությանը` գյուղից խաղաղ հեռանալու համար: Ինչպես հետագա գործողությունների ժամանակ, այս գործողության ժամանակ ևս բաց էինք թողել միջանցք` խաղաղ բնակչության անվնաս դուրս գալու համար: Այդպիսին էր մեր մարտավարությունը»,-նշում է Արկադի Տեր-Թադևոսյանը:

Գիշերը ժամը 02.00-ին Տողի ազատագրման գործողությունն ավարտված էր, գյուղն ամբողջությամբ հայկական կողմի վերահսկողության տակ էր: Արկադի Տեր-Թադևոսյանի տեղակալը` Աշոտ Խաչատրյանը հիշում է, որ ադրբեջանցիների և հայերի բաժանման սահմանին էր մնացել գյուղի ակումբը և որևէ վնաս չէր կրել. «Բացեցի դուռը, տեսա` դաշնամուր է դրված: Գիշերվա լռության մեջ սկսեցի նվագել, եկան տղաները, իսկական քեֆի վերածվեց, առավոտյան արդեն ողջ Հադրութի շրջանը գիտեր մեր հաղթանակի մասին»:

Հաջորդ օրը տեղի ունեցավ գործողության վերաբերյալ քննարկում, Արցախի Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի ապագա նախագահ Վալերի Բալայանը ազատագրման քարտեզի վրա գրեց. «Все так и было» (Ամեն ինչ այսպես է եղել),-և ստորագրեց, որի շուրջ ստորագրեցին նաև ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը, գործողության հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը, ջոկատների հրամանատարներ Աշոտ Ղուլյանը (Բեկորը), Արթուր Աղաբեկյանը, Արցախի պաշտպանության կոմիտեի անդամներ Ժաննա Գալստյանն ու Լևոն Մելիք-Շահնազարյանը, ԼՂՀ ռազմական կապի հիմնադիրներից Արթուր Փափազյանը, գործողության մասնակից Աշոտ Պետրոսյանը, ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության առաջին պետ Աշոտ Խաչատրյանը:

Տող գյուղի ազատագրման ժամանակ հայկական կողմը կորուստներ և վիրավորներ չունեցավ, ինչն ավելի բարձրացրեց ազատամարտիկների և տեղի բնակչության ոգևորությունը: Մարտակերտի հրամանատար Վլադիմիր Բալայանն անգամ Մարտակերտ էր վերադարձել զենքն ուսին` ի տես ադրբեջանցիների և խորհրդային ուժերի, ինչն այն ժամանակ շատ վտանգավոր էր: Տողի ազատագրումով մարդիկ սկսեցին հավատալ տեղի ինքնապաշտպանական ուժերին և այն գաղափարին, որ մի օր Արցախը կազատագրվի ադրբեջանական հարձակումներից:

Անուշ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031