Այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ «Ոչ»-ի եւ «Այո»-ի ճակատներն ունեն բոլոր հնարավորություններն իրենց տեսակետները ներկայացնելու համար: Պատգամավորը վստահ էր, որ նոր Սահմանադրությունն ունի շատ դրական կողմեր գործողի համեմատ:
«Ինձ համար ամենակարեւորը կառավարման համակարգի նոր ձեւն է»,- ասաց նա՝ նշելով, որ գործող կիսանախագահական համակարգն ունի այն խոցելիությունը, որը տարիներ շարունակ մատնացույց են արել նաեւ ընդդիմադիրները: «Նախագահը եւ խորհրդարանական մեծամասնությունը նույն ուժն են ներկայացնում, հետեւաբար ստեղծվում է մենիշխանություն, կամ նախագահն ու խորհրդարանական մեծամասնությունը միեւնույն քաղաքական ուժից չեն, ինչը վատ հետեւանքներ ունի: Հետեւաբար, խորհրդարանական համակարգին անցումը լավագույն տարբերակն է»,- ասաց Գագիկ Մինասյանը:
Պատերազմի շեմին կանգնած պետության համար, ըստ Գագիկ Մինասյանի վտանգավոր է նման կառավարման համակարգ ունեցող պետություն ունենալը. որոշում կայացնողները հնարավոր է հակառակ քաղաքական հայացքներ ունենան. «Խորհրդարանական համակարգին անցումը հրամայական է»,- ասաց նա:
Գագիկ Մինասյանը նաեւ խոսեց նոր Սահմանադրությամբ ձեւավորվող կայուն խորհրդարանական համամասնության մասին. «Եթե ընտրությունների առաջին փուլում չի ձեւավորվում կայուն խորհրդարանական մեծամասնություն, ապա այդ մեծամասնությունը կարող է ձեւավորվել առաջին փուլի արդյունքում խորհրդարան անցած քաղաքական ուժերի կոալիցիայի միջոցով: Եթե այս կամ այն պատճառով չեն կարողանում կայուն խորհրդարանական մեծամասնություն ապահովել, ապա խորհրդարան անցած ուժերը կարող են ստեղծել նախընտրական դաշինքներ եւ մասնակցել երկրորդ փուլին»,- ասաց նա՝ նշելով, որ անհեթեթություն է իրենց ընդդիմադիրների հնչեցրած այն կարծիքը, որ 2017թ. խորհրդարանում կլինեն 191 պատգամավորներ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































