Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի ուսկենտրոնի վրա միլիարդներ են ծախսում, որ «ճենապակյա կոկտե՞յլ» խմեն

Դեկտեմբեր 12,2015 14:30

Ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի համար պետբյուջեից հատկացվող հսկայական գումարները շարունակում են «աչք ծակել»:

Այս ուսումնական կենտրոնի պայմանագրերն ուսումնասիրելիս թվում է՝ այն ոչ թե ուսումնական կենտրոն է, այլ արքայական պալատ՝ Արեւելքին հարիր շքեղությամբ, բայց ժամանակակից տեխնիկայով եւ սպասքով:

Ֆինանսների նախարարությունը Դիլիջանում Պարզ լճի 24/1 հասցեում հոկտեմբերին ձեռք է բերել 1.2 հա մակերեսով տարածք՝  94 միլիոն դրամով, այս հողատարածքը, ինչպես նշված է պայմանագրում, 916.3 քմ շինարարությունով է: Նախարարությունն ուսումնական կենտրոնի ֆուտբոլի դաշտի շինաշխատանքների համար հարկատուների վճարած գումարներով ձեւավորված պետբյուջեից վճարել է 100,6 միլիոն դրամ, թենիսի կորտերը՝ դաշտերը, ավելի թանկ են արժեցել հարկատուներին՝ 133 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքների պայմանագիրը կնքվել է «Սահակյանշին» ՓԲԸ-ի հետ: 215,5 միլիոն դրամ էլ նույն ընկերությանը ֆիննախը վճարել է մինի ֆուտբոլի, վոլեյբոլի եւ բասկետբոլի, թենիսի 2 կորտերի համար: Պայմանագրի ավարտը 2016-ի հունիսի 20-ն է:

Այս պայմանագրերից եւ ֆիննախի նախաձեռնությունից այնպիսի տպավորություն է, որ Դիլիջանում ոչ թե ուսումնական կենտրոն է կառուցվում, այլ տարածաշրջանային մարզական կենտրոն: Եթե կենտրոնը կառուցվում է բարձրակարգ հարմարություններով, որպեսզի «ոմանք» ուսում ստանան, որակավորումը բարձրացնեն, ձգտեն լավ, միջազգային «կլասսի» մասնագետ դառնալ, ապա դժվար թե ուսման ծարավ ունեցողը գնդակ տշելու՝ ֆուտբոլ խաղալու ժամանակ ունենա: Թե ինչ հաճախականությամբ են ուսկենտրոնի սաները ֆուտբոլ, վոլեյբոլ խաղալու՝ դա կպարզենք կենտրոնի շահագործումից հետո:

Ֆինանսների նախարարությունը գումարներ չի խնայում նաեւ ուսկենտրոնի սաների համար ընտիր սպասք ու սենյակների պարագաներ՝ վարագույրներ, ներքնակներ, բարձեր եւ սպիտակեղեն գնելու համար:

Հոկտեմբերի 14-ին ֆինանսների նախարարությունը Դիլիջանի ուսումնական կենտրոնի համար խոհանոցային ապրանքների եւ պարագաների պայմանագիր է կնքել՝  56, 1 միլիոն դրամի:  Այս գումարից 23 միլիոն դրամանոց թանկարժեք հավաքածուն, ինչպես գրված է պայմանագրի տեխնիկական բնութագրում, ներառում է ճենապակյա պնակ, կլոր 130մմ չափով, 428 հատ, 1036 հատ «ճենապակյա թեյի» բաժակ, ճենապակյա պնակ՝ 1036 հատ 160մմ, 428 հատ «ճենապակյա սուրճի» բաժակներ, ապակյա բաժակներ առանց ոտիկի, օղու եւ տեկիլայի՝ 48 հատ, «ապակյա մարգարիտայի» բաժակ՝ 12 հատ, «ապակյա կոկտեյլի» բաժակ՝ 72 հատ, «ապակյա սառույցի» աման՝ 46 հատ, «ապակյա պաղպաղակի» տարա՝  96 հատ, «ապակյա լատեի» բաժակներ՝ 2 հատ: Հենց այդպես էլ գրված է պայմանագրերում՝ ապակյա պաղպաղակ, ապակյա մարգարիտա, ճենապակյա սուրճ, ապակյա կոկտեյլ: Դիլիջանի ուսումնական կենտրոնի խոհանոցի մետաղյա կաթսաների հավաքածուն 18,1 միլիոն դրամ արժե՝ նշված է գնման պայմանագրում:

6,7 միլիոն  եւ 1,8 միլիոն դրամի գնման պայմանագրում էլ գրված է՝ «Մետաղյա մսի պատառաքաղ, մետաղյա մսի մուրճ, ճենապակյա նախաճաշի աման, ճենապակյա չրի աման». ցանկն անվերջ կարելի է շարունակել:

Նկատենք, որ մահկանացու մարդը դժվար թե ճենապակյա սուրճ կամ ճենապակյա թեյ կարողանա խմել, կամ էլ ճենապակյա պաղպաղակ, ճենապակյա նախաճաշ ու ճենապակյա չիր էլ դժվար թե կարողանա գոնե համտեսել, նույնիսկ եթե մահկանացու մարդը շատ-շատ հարբած էլ լինի, չի կարողանա ապակյա կոկտեյլ խմել. մնում է ենթադրել, որ պայմանագրում պարզապես գրագիտության խնդիր է եղել:

Հոկտեմբերի 14-ին սպասքի եւ խոհանոցային պարագաների այս պատվերից հետո ֆիննախը նորից նույնանման գնում է կատարել նոյեմբերի 11-ին: Այս անգամ թանկարժեք հավաքածուները հարկատուներին արժեցել են 41,2 միլիոն դրամ:

Իսկ վարագույրների, ներքնակների, սավանների, ծածկոցների եւ նմանատիպ այլ ապրանքների համար նախորդ ամիս նախարարությունը 30 միլիոն դրամի գնման պայմանագիր է կնքել:  16,7 միլիոն դրամով էլ Դիլիջանի ուսումնական կենտրոնի համար նախարարությունը ձեռք է բերել ջրի մաքրման սարքավորումներ:

Նշենք, որ ֆինանսների նախարարությունը լրատվամիջոցներից մեկին վստահեցրել է, որ ուսումնական կենտրոնի համար բյուջեից ընդհանուր առմամբ հատկացվել է 13․5 միլիարդ դրամ:

Հարկ է նշել, որ ուսումնական կենտրոնը կառուցելուց ու այն շահագործման հանձնելուց հետո հարկատուների ծախսային բեռը չի թեթեւանա, այս շքեղ կենտրոնի պահպանման եւ շահագործման ծախսերն էլ քիչ չեն լինելու, թեեւ ֆիննախն այն կարող է որպես հյուրանոցային համալիր էլ օգտագործել եւ որոշակի եկամուտ ստանալ:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Հարգելի Առավոտի հարգելի խմբագիրներ Այս թեման Հայկական Ժամանակը գրում է վաղուց, Ազատություն ռադիոկայանը սրան անդրադարձել է Հայկական ժամանակից հետո; Դուք արտագրել եք նրանց գրածը ու չեք բարիհաճել նշել, որ նրանց հրապարակումից է: Էնքան էլ մեծ եք գրել: Արտագրություն է կամ ավելի վատ` գրագողություն:
    Ձեր Էթրկայի վարքականոնում մի կետ ավելացրեք` Առավոտի լրագրողները այլ թերթերից արտագրություններ չեն անում: Այս կետից կշահի Առավոտը:

  2. Նելլի Բաբայան says:

    Հարգելի ընթերցող, Նարեկ ես չգիտեի, որ Հայաստանում ոլորտների եւ թեմաների վրա մենաշնորհ կա, եւ եթե ՀԺ-ն կամ Ազատությունը գրել են, այլ լրատվամիջոց իրավունք չունի նույն թեմայի շուրջ մի բան գրել:
    ասեմ, որ կոնկրետ այս գնումների մասին, հարգելի ընթերցող, ես գրել եմ ամսի ութին, https://www.aravot.am/2015/12/08/637584/ իսկ Հայկական Ժամանակն ուԱազատությունը երկու օր ուշ իմ գրելուց հետո՝ https://armtimes.com/hy/read/75747 https://www.azatutyun.am/content/article/27419047.html
    բացեք լինկերն ու ստուգեէ

  3. Նելլի Բաբայան says:

    Հարգելի Նարեկ, մի բան էլ ավելացնեմ՝ ձեր ասած՝ արտագրություն կամ գրագողություն եմ արել, ապա ի՞նչ կասեք հրապարակային այս կայքէջի https://www.e-gov.am/transparent/page=1;yr=2015;min=104021/ մասին, որից օգտվում են նազմաթիվ լրագրողներ: Ձրե տրմաբանությամբ՝ եթե նյուջեի մասին մի լրատվամիջոց գրում է՝ մյուսն իրավունք չունի՞ անդրադառնալու..ընդհանրապես, մի բան էլ պիտի ողջունելի լինի, որ լրագորղները կոռուպցիոն ռիսկերով լի պետական գնումներին ու ծախսերին անդրադառնում են: Ինչ վերաբերում է իմ կողմից շատ հարգված Ազատությանը, ես կարող եմ մի շարք նյութեր մեջբերել, որ առաջինը գրել է Առավոտը. հետո՝ Ազատությունը: Այնպես որ ձեր դիտարկումներն ու վիրավորանքն,մեղմ ասած՝ անտեղի են

  4. Նարեկ says:

    Նելլի Բաբայանին

    Հայկական ժամանակը դրա մասին գրում է նոյեմբերից: Ազատությունը Հայկական ժամանակին հղում է արել: Դուք Հայկական ժամանակից հետո եք գրել եւ հղում չեք արել: Սրա մասին է խոսքը:
    Իսկ http://www.e-gov.am-ի մասին հիշել-հիշատակելը ուղղակի սխալ է: Դա թափանցիկ կառավարման գործիք է, ոչ թե լրատվամիջոց: Տարբեր բաներ են: Ես չեմ վիրավորում, ես ներկայացված կարծիքից տարբերվող կարծիք եմ հայտնում: Եթե վիրավորվել եք` ձեր խնդիրն է: Ես մնում եմ իմ կարծիքին:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031