Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանյան բացառիկ փառատոնին «կլսեն» արվեստը, «կտեսնեն» ձայնը

Հունվար 13,2016 13:30

Վերջին տարիներին ձեւավորված կարծրատիպը, թե արտերկրում ապրող ու ստեղծագործող մեր արվեստագետները մոռանում են հայրենիքը, լավագույն դեպքում բավարարվում մեկ-երկու տարին մեկ Հայաստանում բեմ բարձրանալով, փշրված է: Անցյալ տարի գրանցվեց առայժմ եզակի դեպք. բալետի արտիստ Գեւորգ Ասոյանը Գերմանիայից մշտապես վերադարձավ Երեւան: Ժամանակին տեղեկացրել ենք Արեւմուտքում ստեղծագործող մի քանի հայ արվեստագետների՝ Հայաստանում ձեռնարկած տարբեր միջոցառումների մասին:

Ինչ վերաբերում է ժամանակին Հայաստանից արտասահման մեկնած կիթառահար Վան Սարգսյանին, նրա անունը հայաստանցի երաժշտասերին առայժմ անծանոթ է, գիտեն միայն նեղ մասնագիտական շրջանակներում: Ամանորի տոներին երիտասարդ երաժիշտը հայրենիքում էր, «Առավոտը» հանդիպեց նրա հետ: Կիթառահարի բախտը դասախոսների առումով բերել է: Երեք տարի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում Հակոբ Ջաղացպանյանի դասարանում սովորելուց հետո, 2010թ. Վանը մեկնում է Լոնդոն, 4 տարի ուսանում տեղի թագավորական ակադեմիայում, իր խոսքերով՝ հիմնական պրոֆեսոր Մայքլ Լյուինի եւ հրավիրյալ դասախոսներ Դեյվիդ Ռասելի եւ Ֆաբիոն Ջանոնի ղեկավարությամբ: Այնուհետեւ կիթառահարը տեղափոխվում է Գերմանիա: Շտուտգարդի երաժշտական ակադեմիայի մագիստրատուրայում այս պահին դասեր է վերցնում պրոֆեսոր Մաթեոս Դելա Ֆոնտեից: Ընդ որում, վերոնշյալ հաստատություններում Վանը ուսանում է նաեւ կոմպոզիցիա: Մեր զրուցակիցն ասաց, որ բազմիցս իբրեւ կիթառահար եւ կոմպոզիտոր ներկայացել է Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի տարբեր քաղաքներում:

van

Վան Սարգսյանը (աջից)՝ Գրեմմիի մրցանակակիր Դեյվիդ Ռասելի, Մըրսիա Գոնսիայի եւ Իմրե Գոքյալփի հետ:

«Ապրիլի վերջին Հայաստանում առաջին անգամ կկայանա միջազգային արվեստի փառատոն, որի նպատակն է միաձուլել երաժշտությունն ու նկարչությունը,- հայտնեց Վան Սարգսյանը, հետո էլ մանրամասնեց,- բրիտանաբնակ երաժիշտ ընկերներիս հետ հիմնել ենք «Progressive Art» կազմակերպությունը, որտեղ անդամակցում են նաեւ հայաստանցի արվեստագետներ, օրինակ՝ կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը եւ այլն: Կոմպոզիտոր անդամներ ունենք Փարիզից՝ Ժուստինա Ռաբակայտեն, բրիտանաբնակ Քրիստինե Առաքելյանը, կազմակերպության հիմնադիրներից մեկը՝ բրիտանացի Բեն Լուն եւ այլն: Երեւանում կայանալիք փառատոնի կոնցեպտը հետեւյալն է՝ երաժշտությունը միջոց է, որպեսզի արվեստասերը խորանա նաեւ նկարչության ոլորտ, նրան հասկանալի լինի: Ցավոք, այսօր կյանքի ռիթմն այնպիսին է, որ նույնիսկ գեղանկարչության մոլի սիրահարները թանգարաններում՝ ժամանակի սղության պատճառով, մակերեսորեն են դիտում արվեստի գործերը, այսինքն՝ հոգեւոր կապ համարյա չկա հանդիսատեսի եւ կտավի միջեւ»: Վանը հավելեց նաեւ, թե փառատոնին ընտրել են Hearing Art Seeing Sound խորագիրը, որը բառացի թարգմանվում է՝ լսել արվեստը, տեսնել ձայնը:

Մեր զրուցակիցը հայտնեց, թե անցած տարի եվրոպացի եւ ամերիկացի շուրջ 10 կոմպոզիտորների «Progressive Art» կազմակերպությունը պատվիրել է գրել այնպիսի երաժշտություն, որ հեղինակը ազդված կլինի կտավից: Մանրամասնելով ասվածը՝ Վանը հավելեց, թե այդ կոմպոզիտորներին վաղուց ներկայացրել էին Վահե Բերբերյանի (ԱՄՆ), Սեմ Գրիգորյանի (Գերմանիա), Հայաստանում բնակվող Արթուր Սարգսյանի, Դիանա Հակոբյանի, Արշակ Սարգսյանի, Վահագն Համալբաշյանի եւ այլոց կտավները, եւ երաժշտության հեղինակներն էլ իրենց հոգուն մոտ գործեր են ընտրել ու ստեղծագործել: Հավաստիացրեց, թե կոմպոզիտորներն ու նկարիչները միմյանց հետ շփվել են նաեւ սքայփով: Իսկ թե ինչ անհատ կատարողներ կամ խմբեր կներկայանան Երեւանում անցկացվելիք փառատոնային օրերին, մեր զրուցակիցը նախ նշեց, թե միջոցառումները տեղի կունենան Կալենցի ցուցասրահում եւ ՆՓԱԿ-ում, ներկա հանդիսատեսն էլ տեսնելով կտավը եւ ունկնդրելով երաժշտությունը, «կտեսնի», թե տվյալ կոմպոզիտորը ինչ չափի է ազդվել կտավից: Հետո էլ պատասխանեց. «Երեկոներին կմասնակցեն իսկապես աշխարհահռչակ կիթառահարներ՝ իսպանացի Ռաֆայել Ագիրեն, Խորվաթիայից Սերժ Բուլատը, Հայաստանից Էդուարդ Միրզոյանի անվան կվարտետը, Շվեյցարիայից՝ դաշնամուրային տրիո…»: Վան Սարգսյանը տեղեկացրեց. «Բանակցություններ են ընթանում նաեւ թուրք արվեստագետների հետ: Ռուս կոմպոզիտոր եւ դիրիժոր Անդրեյ Ռուբցովի երաժշտությունը կկատարի Թուրքիայից հրավիրված տրիոն: Եվ սա հիանալի է, քանի որ փառատոնը կհամընկնի Եղեռնի զոհերի հիշատակման օրվա հետ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031