Լրահոս
Օրվա լրահոսը

Անվտանգության աշխատակիցները կալանավորի հացը կերել էին ու քնով անցել

Հունվար 16,2016 14:00

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներ Մեսրոպ Մարտիրոսյանի, Սամվել Օհանյանի եւ Ռազմիկ Ղաբուլյանի նկատմամբ հարուցված քրեական գործով երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջնորդությամբ հանդես եկավ պաշտպան Վարդան Խալաֆյանը:
Մեսրոպ Մարտիրոսյանը քրեակատարողական հիմնարկի պետի հրամանով 2014 թվականի սեպտեմբերի 15-ին նշանակվել էր ՀՀ առողջապահության նախարարության Երեւանի Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ժամանակավոր պահակակետում որպես հերթապահ: Նա եւ ՔԿՀ երկու աշխատակիցները պետք է այնտեղ ստացիոնար բուժման գտնվող եւ առանձին՝ «Լյուքս» հիվանդասենյակում պահվող կալանավոր Սուրեն Գաբրիելյանի նկատմամբ իրականացնեին պահպանություն եւ հսկողություն:

Սակայն նրանք քնով են անցել, իսկ կալանավորը դիմել էր փախուստի:
«Առավոտի» տեղեկություններով՝ ԱԱԾ-ի քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվածը մինչ օրս հայտնաբերված չի, իսկ նրա պաշտպանությունն այդ գործով իրականացնում է ճանաչված փաստաբան Հակոբ Ճարոյանը:

Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների պաշտպանությունը ստանձնած փաստաբան Վարդան Խալաֆյանը երեկ իր միջնորդությամբ խնդրեց դատաբժշկական փորձաքննություն նշանակել: Նա հայտնեց, որ փախուստի օրը կալանավորի համար բերված սուրճը եւ սննդամթերքն ուտելիս գլխապտույտ, փորացավ են ոնեցել եւ ապա քնով են անցել կալանավորի պահպանությունն իրականացնող իր պաշտպանյալները: Նա ասաց, որ թե նախաքննության ժամանակ, թե ծառայողական քննության ժամանակ քնաբերի վարկածը չի բարձրացվել, «անուշադրության է մատնվել», իսկ քնելու հանգամանքն էլ դրվել է ամբաստանյալ Ս. Օհանյանի մեղադրանքի հիմքում: Ըստ նրա՝ միջնորդությունը բավարարվելու դեպքում փորձագետները պետք է պատասխանեին մի քանի հարցերի, մասնավորապես, Սուրեն Օհանյանի զգացողությունը բնորո՞շ է քնաբերի ազդեցությանը, որքան ժամանակ է մնում քնաբերի ազդեցությունը օրգանիզմում:
Մեղադրող Էդգար Արամյանն առարկեց այս միջնորդության դեմ, ասելով, որ տարիուկես հետո փորձագետը չի կարող եզրակացություն տալ, մանավանդ որ, առկա են 100-ից ավելի քնաբերներ:

Դատավոր Մեսրոպ Մակյանը հեռացավ խորհրդակցական սենյակ, ապա վերադառնալով՝ մերժեց միջնորդությունը:

Դատախազը հրապարակեց դեպքի վայրի զննության արձանագրությունը: Զննությանը մասնակցել են ընթերականեր: Պարզվեց, որ դեպքի վայրի զննությունը կատարվել է 2014թ. սեպտեմբերի 16-ին: Հիվանդասենյակը գտնվել է ինֆեկցիոն հիվանդանոցի երկրորդ հարկում:

Փականը գտնվել է սարքին վիճակում, սառնարանում հայտնաբերվել էր ուտելիքի մնացորդներ: Հիվանդանոցում առկա է եղել 7 տեսախցիկ, սակայն դրանցից որոնք են գտնվել սարքին վիճակում, այնքան էլ չհստակեցվեց:
Դատախազը դեպքի վայրից 25 նկար ներկայացրեց, ամեն էջում՝ երկուական:
Կալանավորին վերջին անգամ տեսել էին փախուստի օրը՝ գիշերվա ժամը 01.10-ի սահմաններում, իսկ նրա հիվանդասենյակ վերջին անգամ այցելել է Անահիտ անունով բուժաշխատողը:

Հիվանդասենյակից առգրավվել էին կալանավորի բողոք-դիմումները, բջջային հեռախոսը: Դատախազն ասաց, թե չկային թանի բաժակները, որի մասին ակնարկել էր պաշտպանական կողմը:

Պաշտպան Վարդան Խալաֆյանն առարկեց դատախազի ներկայացրածին՝ ասելով, թե «պարզ երեւաց, որ այնտեղ կային կերակրի մնացորդներ: Թող դրանք հանձնվեին փորձաքննության: Ընդունեինք, սննդամթերքն էլ չկար, թող արյունը ստուգեին, նրանց ուղարկեին քննության»:

Դատախազ Էդգար Արամյանը հանդես եկավ մեղադրական ճառով, Սուրեն Օհանյանի համար միջնորդեց 500 000 ՀՀ դրամի տուգանք, իսկ երկու ամբաստանյալների համար 100 000 դրամով պակաս՝ 400 000 դրամ:

Դատախազը հաստատված համարեց, որ Ս. Օհանյանը կալանավորի մոտ նրա հարազատների տեսակցության գնալու մասին չի տեղեկացրել, քնաբերի կամ հնարավոր թունավորման մասին վարկածը մտացածին է: Նա ասաց, որ կալանավորը 4 ամիս գտնվել է այդ ինֆեկցիոն հիմնարկում:

2014թ. սեպտեմբերի 12-ին Կենտրոնի դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Նա ասաց նաեւ, որ ՔԿ հիմնարկի ծառայողական քննության եզրակացությամբ էլ հաստատվել է, որ աշխատակիցները թույլ են տվել սահմանված կարգի խախտում:
Հունվարի 26-ին պաշտպանական ճառով, ապա վերջին խոսքերով հանդես կգա պաշտպանական կողմը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031