Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի Պաշտպանության նախարարին

Փետրվար 01,2016 16:55

Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՀՀ ԶՈՒ հոգևոր փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանի:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց հարևան երկու երկրների Պաշտպանության նախարարությունների միջև ձևավորված սերտ կապերը` գոհունակությամբ փաստելով նաև պետական տարբեր մակարդակներում ձևավորված համագործակցությունը:

Նորին Սրբությունը, անդրադառնալով դարերի ընթացքում հայ և վրաց հավատակից ժողովուրդների` հավատքի ու ինքնության պահպանության խնդիրներին, ընդգծեց, որ նրանք, ունենալով միևնույն քրիստոնեական արժեհամակարգը, մշտապես զորակից ու սատար են եղել միմյանց:

Խոսելով Հայոց և Վրաց Եկեղեցիների հարաբերությունների մասին` Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ վիրահայության հոգևոր կյանքում առկա խնդիրները երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն համահունչ կգտնեն իրենց անհրաժեշտ լուծումը:

Թինաթին Խիդաշելին, իր և ուղեկցող պատվիրակության անունից ընդունելության համար շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, նշեց, որ քաջատեղյակ է հայ ժողովրդի կյանքում Հայ Եկեղեցու կողմից ստանձնած բացառիկ դերակատարությանը:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ տարածաշրջանում խաղաղության պահպանման հրամայականներին, ներկայացվեց Վրաց բանակում և ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորության կողմից իրականացվող հոգևոր ծառայության փորձառությունը:
Վերջում Նորին Սրբությունն առ Աստված աղոթք վերառաքեց, որպեսզի Տիրոջ բարի հայացքի ներքո հայ ու վրաց ժողովուրդները մշտապես ապրեն խաղաղ ու ստեղծագործ կյանքով:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29