Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքականացնելը ճիշտ է

Փետրվար 02,2016 10:11

Իշխանության ներկայացուցիչները հաճախ են հանդես գալիս այս կամ այն խնդիրը «չքաղաքականացնելու» կոչով: Բանը հասել է նրան, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հորդորել է չքաղաքականացնել օրենսդրական նախաձեռնությունները: Բայց պետք է հաշվի առնել, որ խորհրդարանը մի մարմին է, որտեղ հավաքվում են (պետք է հավաքվեն) քաղաքական գործիչներ, եւ այնտեղ արտասանած ցանկացած բառ քաղաքական երանգ ունի: Այսինքն՝ աշխարհի քիչ թե շատ զարգացած բոլոր երկրներում պատգամավորները խոսում են, քննադատում են, հարձակվում են, պաշտպանում են եւ առաջարկում են միայն մի նպատակով՝ ապացուցելու, որ հենց իրե՛նց քաղաքական ուժը կարող է երկրի քաղաքացիներին տանել դեպի երջանկություն եւ բարեկեցություն:

Նույնիսկ եթե, ասենք, վեճ է գնում այն մասին, թե ինչպես է խաղում երկրի ֆուտբոլի հավաքականը, միեւնույն է՝ ընդդիմությունը պետք է փորձի ապացուցել, որ միայն իրենց իշխանության օրոք է այդ հավաքականը նվաճելու աշխարհի չեմպիոնի կոչումը: Ինքնին ֆուտբոլիստների ֆիզիկական, տեխնիկական եւ տակտիկական պատրաստվածությունն, իհարկե, քաղաքական խնդիր չէ, բայց խորհրդարանում այդ ամենը կարող է քննարկվել միայն քաղաքական տեսանկյունից: Պատգամավորներին չպիտի հետաքրքրի, թե ինչ է պետք անել, որ ֆուտբոլիստներն ավելի լավ խաղան, նրանց հետաքրքիր է միայն մի բան՝ որ իրենց ընտրողները լսեն, թե որքան են նրանք հոգ տանում հավաքականի մասին:
Այդպես է ամբողջ աշխարհում` դրա մեջ ոչ մի վատ բան չկա. ամեն մի հարց կարելի է քննարկել մասնագիտական, բարոյահոգեբանական, փիլիսոփայական եւ այլ տեսակետներից: Խորհրդարանը հարցը բացառապես քաղաքական դիտանկյունից քննարկելու համար է: Դա ոչ միայն վատ չէ, այլեւ օգտակար է: Քաղաքականությունը պետք է լինի բաց եւ հնարավորինս լայն խողովակ, որով պետք է անցնի ցանկացած խնդիր: Եթե չի անցնում, ապա շատ մեծ է վտանգը, որ հարցերը լուծվելու են այլ վայրերում եւ այլ մեթոդներով:

«Այլ վայրը» պալատների փակ կաբինետներն են: Այդպիսի մեխանիզմ է գործում բռնապետական երկրներում, որտեղ խորհրդարանն իսկապես քաղաքականացված չէ, որովհետեւ զրկված է իրական ընդդիմությունից: «Այլ մեթոդները» ահաբեկչությունն է կամ անկառավարելի, տարերային բունտերն են: Կարծում եմ՝ Հայաստանում չկա որեւէ մեղսունակ մարդ, որը կցանկանար, որ մեր պետությունը գնար այդ ճանապարհով:
Այնպես որ` պատգամավորները որքան շատ քաղաքականացնեն ցանկացած հարց, այնքան կշահի պետությունը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    կարծեմ թիւրիմացութիւն կայ… «քաղաքականացնել» բառը այդտեղ պարզապէս սխալ են գործածում… ուզում են ասել, մի «կուսակցականացնէք», non-partisan եղէք, երկրի, ժողովուրդի ու պետութեան ընդհանուր եւ գերադաս շահերի տեսանկիւնից մօտեցէք նիւթերին, եւ ոչ թէ ներքաղաքական անվայել հաշիւներով, գձուձ մօտեցումով

  2. Մարգար Մախսուդյան says:

    Հոդվածն ըստ իս մի քիչ ՛՛անալի՛՛ է ստացվել, քանի որ երբ մեկը ակնհայտ տխմարություն է դուրս տալիս, պետք է հակադարձել. ՛՛Էս ի՞նչ ապուշություն էր՛՛, կամ ՛՛Էսպիսի տխմարություն դեռ չէի լսել՛՛ և այլն, սակայն երբ փորձում ենք դրան ՛՛գիտականորեն՛՛ հակադարձել, օրինակ այսպես՝՝
    ՛՛Չնայած Ձեր բարձր պաշտոնին և քաղաքական շրջանակներում Ձեր ունեցած անվիճելի հեղինակությանը, դժվարանում եմ Ձեզ հետ լիովին համաձայնել, բանն այն է որ ըստ քաղաքագիտության համընդհանուր նորմերի և պարզ մարդկային տրամաբանության մեկին գումարած մեկ հավասար է երկուսի, մինչդեռ ըստ Ձեր առաջարկած ալգորիթմի հնարավոր է որ մի փոքր այլ արդյունք ստացվի… և այլն՛՛:
    Ըստ իս՝ սա համազգային խայտառակություն է…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29