Լրահոս
Օրվա լրահոսը

Դատահոգեբանական փորձաքննություն. «Հայկազ Բարսեղյանը հակված չի եղել ինքնասպանության»

Փետրվար 11,2016 20:40

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ փետրվարի 11-ին շարունակվում էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործի քննությունը:

IMG_1321

Դատական նիստի ընթացքում հրապարակվեց դատահոգեբանական հետազոտությունը: Ըստ որի՝ Հայկազ Բարսեղյանը, ելնելով իր բնութագրից, հակված չի եղել ինքնասպանության եւ նրա տվյալները չեն համապատասխանում ձեռագրի հետազոտության արդյունքների հետ. Հայկազ Բարսեղյանը եւ երկտողի հեղինակը չունեն նույն անձնային բնութագրերը. «Երկտողը գրված է հանգիստ հոգեվիճակում, այստեղ տառերը գրված են անշտապ, ջանասիրաբար, ինչը չի խոսում հուսահատության, անելանելիության վիճակի եւ ներքին տագնապի մասին, սակայն նկատվում է նպատակասլացության անկումը: Գրառման հոգեբանական վերլուծության արդյունքներից պարզ է դառնում, որ գրառումը կատարողը չի գտնվել ինքնասպանություն կատարելու հոգեվիճակում»:

Սակայն, ըստ եզրակացության, միանշանակ ասել հնարավոր չէ, թե ով է երկտողի եւ թղթի վրա արված նկարների հեղինակը. «Դեռահասները տրամադրության անկման դեպքում հաճախ են անդրադառնում խիստ թախծոտ, մելամաղձոտ նկարների, սիմվոլների, ազդանշանների, ինչը չի խանգարում առօրյա կյանքում լինել ակտիվ, առույգ, պարտաճանաչ եւ չունենալ ինքնասպանության հակվածության հոգեվիճակ, ինչը կարող էր հատուկ լինել նրանցից յուրաքանչյուրին»:

Արմեն Նադիրյանը հայտարարեց, որ դատահոգեբանական փորձաքննությունը կատարվել է էական խախտումներով. «Ավելի քան տարակուսանք է առաջացնում այն, որ ընդհանրապես անդրադարձ չկա, որ Նորիկ Օհանջանյանը՝ այս վկաներից մեկը, որի ցուցմունքները եւս փորձագետը արժանահավատ է համարել, տառապում է հոգեկան հիվանդությամբ: Դա քրեական գործում կա, ուստի՝ չեմ կարծում, որ այս պարագայում առանց հոգեբույժի եզրակացության հոգեբան-փորձագետը իրավասու էր նման եզրակացություն կատարել»:

Արկադի Ղուկասյանի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը հայտարարեց, որ կողմը հակված չի եղել, որ որեւէ անմեղ մարդ պատասխանատվություն կրի: Նա միջնորդեց հոգեբան-փորձագետներին հարցաքննել դատարանում. «Ի վերջո մարդը կգա եւ կփորձի ապացուցել, եւ այդ ժամանակ բոլոր հարցերի պատասխանները բոլորս կստանանք՝ ի վերջո որքանո՞վ է ճիշտ, արժանահավատ կամ ոչ արժանահավատ իրենց կողմից տրված եզրակացությունը եւ ինչի հիման վրա է այդ եզրակացությունը կատարել»:

Արմեն Նադիրյանը միջնորդեց եզրակացությունը անթույլատրելի ճանաչել: Դավիթ Հարությունյանը որոշեց այդ միջնորդությունը հետաձգել մինչ էական հանգամանքների պարզումը. «Մասնավորապես՝ դատարանը գտնում է, որ պետք է հարցաքննվեն փորձագիտական եզրակացությունը կազմած, փորձաքննությունն իրականացրած փորձագետները: Հնարավոր է նաեւ հետազոտվեն այլ ապացույցներ, որոնց արդյունքում նոր միջնորդությունը կքննարկվի ըստ էության: Իսկ մինչ այդ միջնորդությունը քննարկելը հնարավոր չի համարում դատարանը»:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Բարսեղյանին: Զորամասի կուրսանտ Վարազդատ Սաֆարյանն էլ 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց եւ վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածները,  ծեծի են ենթարկել Մանասերյանին: Բացի դրանից՝ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29