Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետին հասցեագրված դիմումիս վերաբերյալ եւս պատասխան ստացել եմ ոչ թե Երեւանի քաղաքապետարանից, այլ «ԵԿՆԾԻԳ»-ից

Մայիս 15,2026 13:00 Share

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր՝ Ռ. Բունիաթյան) մայիսի 27-ին կհրապարակի «Սիթի Սենթր Դիվելըմփմենթ» ՓԲԸ -ն ընդդեմ Վարյա Սաֆարյանի ՝ օտարման գործով վճիռը։ Հիշեցնենք, որ ՄԻԵԴ 21.01.2016թ. որոշմամբ Վ. Սաֆարյանի գանգատը բավարարվել էր։
Ներկայացնում ենք պատասխանող Վարյա Սաֆարյանի գրավոր դիրքորոշումը, որը ներկայացվել է նաեւ դատարանին։

Սույն գործով դատարանը անտեսել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե ներկայացված Rule 9 հաղորդման մեջ բարձրացված հանգամանքները, որոնք վերաբերում են ՄԻԵԴ 21.01.2016թ. վճռի կատարման չապահովված հարցերին եւ շարունակվող գույքային խախտումներին։ Դատարանը չի անդրադարձել նաեւ այն հիմնարար հանգամանքին, որ 2007թ. գերակա հանրային շահ ճանաչված տարածքի վերաբերյալ օրենքով նախատեսված 7 տարվա ժամկետն անցել է, սակայն օտարման պահանջը շարունակվում է ներկայացվել ժամկետանց կառավարության որոշման հիմքով։ Միաժամանակ արդեն առկա են նույն թաղամասի սեփականատերերի նկատմամբ կայացված վճիռներ՝ նույն ժամկետանց որոշման պայմաններում։

Դատարանն անտեսել է նաեւ ՄԻԵԴ 21.01.2016թ. վճռից բխող պահանջները, այն դեպքում, երբ մինչ այժմ չեն լուծվել վճռի կատարման համար էական նշանակություն ունեցող գույքային հարցերը, ինչը, իմ կարծիքով, առաջացնում է Կոնվենցիայի 46-րդ հոդվածի խախտման հարց։ Պատշաճ գնահատման չեն արժանացել նաեւ 1928թ. Գույքաթերթը, 78.8 քմ եւ 244.44 քմ չգրանցված տարածքների նկատմամբ ներկայացված իրավունքները, ինչպես նաեւ հասցեի իրավանախորդի իրավունքների փոխանցումը ինձ՝ Վարյա Սաֆարյանիս, առուվաճառքի պայմանագրով, ինչը վերաբերում է Կոնվենցիայի Առաջին արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող սեփականության իրավունքին։

2007թ.-ից մինչ այժմ չի լուծվել հասցեիս սեփականության մաս հանդիսացող 78.8 քմ եւ 244.44 քմ չգրանցված տարածքների պետական գրանցման հարցը։ Նշված հարցի մերժումների վերաբերյալ պետական մարմինների կողմից կազմվել են գրություններ՝ հղում կատարելով գոյություն չունեցող 1954թ. գույքաթերթին։

Միաժամանակ հասցեիս կադաստրային գործի տան «ԱՆԿԵՏ»-ում նշված է՝ «Սեփականության փաստաթղթեր՝ գույքաթերթ, հատակագիծ»։
78.8 քմ տարածքը դեռեւս 1894թ.-ից հանդիսացել է փողոցից ներս գտնվող տան ելումուտի տարածքը դեպի Հանրապետության նրբանցք եւ օգտագործվել է հասցեիս իրավանախորդների կողմից։
Հետագայում, երկար տարիներ անց, առաջացել է Ֆիրդուսի փողոցը, որի արդյունքում հասցեիս կողմից ձեւավորվել է նաեւ ելք դեպի Ֆիրդուսի փողոց։

1928թ. գույքաթերթում, ինչպես նաեւ 1934թ. հ.409 գրառմամբ, նշված է, որ հասցեիս հողամասը 4-րդ կողմից սահմանակից է եղել Բաղր ԱհմեդԱլու գույքին, որը հետագայում իրացվել է Ֆիրդուսի փողոցի առաջացման պայմաններում։ Հետագայում Հանրապետության նրբանցքին եւ փողոցին սահմանակից հարեւան տունը բաժանվել է երկու առանձին մասերի, ինչից հետո նշված 78.8 քմ տարածքը օգտագործվել է բաժանված մասերի կողմից՝ հասցեիս իրավանախորդի համաձայնությամբ։ Միաժամանակ գտնում եմ, որ հասցեիս իրավանախորդի սեփականության իրավունքը նշված 78.8 քմ տարածքի նկատմամբ նախկինում հաստատված է եղել օրենքով նախատեսված հիմքերով, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի տրամաբանությանը համապատասխան։
Բազմիցս բարձրացրել եմ նաեւ այն հարցը, որ նշված 78.8 քմ չգրանցված տարածքը հետագայում արտացոլվել է այլ հասցեի սեփականության վկայականում, այն դեպքում, երբ տարածքի օգտագործումը բաժանված մասերի կողմից կատարվել է հասցեիս իրավանախորդի համաձայնությամբ։ Այդ պայմաններում ենթակա է գնահատման այն հանգամանքը, թե արդյոք պատշաճ ձեւով գնահատվել են տվյալ տարածքի նկատմամբ հասցեիս իրավանախորդների եւ ժառանգների գույքային իրավունքները, ինչպես նաեւ հասցեի իրավանախորդի գույքային իրավունքների ծավալը եւ բնույթը, որոնք հետագայում առուվաճառքի պայմանագրով փոխանցվել են ինձ՝ Վարյա Սաֆարյանիս։ Միաժամանակ նշում եմ, որ «Էլիտ Հոլդինգ»-ի կողմից 78.8 քմ ցանկապատված տարածքում կատարվել են գաղտնի փորման աշխատանքներ՝ հարակից շինարարական աշխատանքների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով։

Նշված հանգամանքների վերաբերյալ բազմիցս բողոքներ եւ դիմումներ եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին եւ այլ պետական մարմինների, սակայն դրանք թողնվել են առանց պատշաճ արձագանքի եւ լուծման։

ՀՀ վարչապետին հասցեագրված դիմումիս վերաբերյալ եւս պատասխան ստացել եմ ոչ թե Երեւանի քաղաքապետարանից, այլ «ԵԿՆԾԻԳ»-ից, ինչը չի վերացրել եւ չի լուծել իմ կողմից բարձրացված գույքային եւ իրավական խնդիրները։

Միաժամանակ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե ներկայացված Rule 9 հաղորդման վերաբերյալ ստացել եմ պատասխան, որով տեղեկացվել է, որ ծանրաբեռնվածության պատճառով չեն զբաղվում ներկայացված հաղորդման հարցով։ Բացի այդ, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի կողմից, որը նախկինում զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը, ստացել եմ դիմումիս պատասխան գրությունը, որով տեղեկացվել է, որ՝ «ԱԺ որոշմամբ նախատեսված չէ հսկողություն սահմանելու կադաստրի կոմիտեի եւ Երեւանի քաղաքապետարանի գործունեության նկատմամբ»։

ՄԻԵԴ վճիռներով արձանագրվել է, որ օտարման գոտու բնակիչների սեփականության իրավունքների խախտումները կրել են համակարգային բնույթ։ Միաժամանակ հաստատված է, որ պետության պարտավորությունն է պաշտպանել եւ ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցումը, այլ ոչ թե խոչընդոտել այն։ Չգրանցված տարածքների վերաբերյալ ներկայացված պահանջները մերժվել են ներպետական ատյաններում, իսկ ներկայացված վճռաբեկ բողոքները վերադարձվել են առանց բովանդակային քննության, ինչը, իմ կարծիքով, առաջացնում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման հարց։

Գտնում եմ նաեւ, որ ներկայացված գույքային եւ իրավական հարցերը չեն ստացել արդյունավետ ներպետական պաշտպանություն, ինչը առաջացնում է նաեւ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտման հարց։

Վարյա ՍԱՖԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.05.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031