Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավային Կովկասը հույս ունի ավելի սերտ կապեր հաստատել Իրանի հետ

Մարտ 09,2016 10:59

Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի փորձագետները զգուշավոր լավատեսությամբ են մոտենում Իրանի դեմ պատժամիջոցների վերացումից հետո Հարավային Կովկասի՝ տնտեսապես շահելու հեռանկարներին: Երեք պետությունների մայրաքաղաքները մեծ ակտիվությամբ ողջունեցին հունվարի 16-ին Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը՝ հույս ունենալով բարելավել արժութային ճգնաժամի եւ նավթի ցածր գների ֆոնին իրենց խարխլված տնտեսությունները:

Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի լրատվամիջոցները սկսեցին քննարկել այն բոլոր հնարավոր օգուտները, որոնք իրենց երկրները կարող են քաղել Իրանի՝ միջազգային մեկուսացման ավարտից հետո:

Կովկասյան երկրներն իրենց տնտեսական քաղաքականությունն ու ռազմավարությունը մշակելիս ստիպված են մշտապես հաշվի նստել հզոր հարեւանների՝ hյուսիսում` Ռուսաստանի, հարավում՝ Իրանի, իսկ արեւմուտքում՝ Թուրքիայի հետ:

Երկրի ներքին կարիքների եւ հաճախ իրար հետ ոչ բարեկամական հարաբերություններ ունեցող հարեւանների կողմից գործադրվող աշխարհաքաղաքական ճնշումների միջեւ հավասարակշռություն պահպանելը լուրջ մարտահրավեր է:

Վերջին տարիներին Ադրբեջանն ավելի սերտ հարաբերություններ է հաստատել Թուրքիայի հետ, Հայաստանը՝ Ռուսաստանի, իսկ Վրաստանն ավելի է թեքվել Արեւմուտքի կողմը: Այս ամենով հանդերձ, երեք պետություններն էլ տարբեր մակարդակներով պահպանում են տնտեսական կապերը Ռուսաստանի հետ:

Իրանը հարաբերություններ է ստեղծել այս երեք պետություններից յուրաքանչյուրի հետ, բայց արդյո՞ք նրա հետաքրքրությունը Կովկասի հանդեպ կպահպանվի, երբ նրան արդեն հասանելի են դարձել միջազգային ավելի մեծ շուկաները:

ՍԵՐՏ, ԲԱՅՑ ՈՉ ՄԻՇՏ ՀԱՐԹ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առաջին հայացքից թվում է, թե Ադրբեջանն Իրանի հետ ամենասերտ հարաբերություններ ունեցող երկիրն է:

Այս երկու երկրները գերազանցապես մահմեդական բնակչություն  ունեն՝ շիաների մեծամասնությամբ, ունեն մեծ ադրբեջանական համայնք  (շուրջ 20 մլն Իրանում, որտեղ նրանք երկրորդ խոշորագույն էթնիկ խումբն են համարվում եւ երկու անգամ ավելի են, քան Ադրբեջանում) եւ նավթի ու գազի վրա հիմնված տնտեսություններ ունեն:

Նրանք համագործակցում են էներգետիկայի, տրանսպորտի, առեւտրի ոլորտներում եւ ներկայում աշխատանքներ են տանում իրենց երկաթուղային համակարգերի միավորման շուրջ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման նպատակով:

Այնուամենայնիվ, այս երկու պետությունների միջեւ հարաբերությունները միշտ չէ, որ հարթ են ընթացել: Իրանը համարում է, որ Ադրբեջանը, որը մինչեւ 19-րդ դարը իրանական տարածք է եղել, իր շահերի կիզակետում է գտնվում: Թեհրանի գլխավոր մտահոգություններից մեկը երկրի հյուսիսային շրջաններում՝ այսպես կոչված իրանական Ադրբեջանում (Ատրպատական), որտեղ ադրբեջանական ստվար համայնք կա, անջատողականության սպառնալիքն է:

1980-ականների ավարտին եւ 90-ականների սկզբին Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» շարժման ծայրահեղական թեւը լայնամասշտաբ արշավ էր սկսել՝ առաջ մղելով Ադրբեջանի եւ Իրանի՝ գերազանցապես ադրբեջանական բնակչություն ունեցող չորս հյուսիսարեւմտյան շրջանների միավորման եւ «Հյուսիսային ու Հարավային Ադրբեջանի»  ձեւավորման գաղափարը: Շարժման առաջնորդ եւ հետագայում Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը, չնայած ոչ պաշտոնական մակարդակով, պարբերաբար հավանություն էր տալիս նման գաղափարներին:

irant-trade_2-j-askerova-iwpr_georgia

Թեհրանին այս ամենը չէր կարող դուր գալ, եւ լարվածությունն այս հարցի շուրջ շարունակում է պահպանվել: 2013թ. փետրվարին Ասիայի չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում Թավրիզ քաղաքում իրանական Ադրբեջանի «Տրակտոր» եւ ԱՄԷ-ի «Ալ-Ջազիրա» թիմերի միջեւ անցկացվող ֆուտբոլային հանդիպման  ժամանակ իրանա-ադրբեջանական ակումբի երկրպագուները «Հարավային Ադրբեջանը Իրան չէ» կարգախոսով պաստառ էին պահել:

Մինչդեռ Իրանում ազգայնականներն Ադրբեջանը համարում են իրանական տարածք: 2013թ. ապրիլին իրանցի օրենսդիրները  օրինագիծ են մշակում՝ կոչ անելով վերանայել 1828թ. Թուրքմենչայի պայմանագիրը, որը բաժանում է ժամանակակից Ադրբեջանի տարածքը Իրանից՝ այն դարձնելով Ռուսական կայսրության մաս:

Ադրբեջանի «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Էլման Ֆաթթահը ողջունում է Իրանի դեմ պատժամիջոցների հանումը՝ համարելով այն վերջին տարիներին Իրանի ամենամեծ ձեռքբերումն արտաքին քաղաքականության ոլորտում, սակայն այս ամենի հնարավոր հետեւանքներին Ֆաթթահը թերահավատորեն է մոտենում:

Նա նախազգուշացնում է, որ Իրանի հզորացումը կարող է սպառնալիք դառնալ Ադրբեջանի ինքնիշխանության համար:

Բացի այդ, Իրանը թեոկրատական պետություն է, մինչդեռ Ադրբեջանը պաշտոնապես համարվում է աշխարհիկ պետություն: Բաքվին վրդովեցնում է այն փաստը, որ Իրանն աջակցում է Ադրբեջանի կրոնական ծայրահեղականներին եւ օգտագործում մզկիթները որպես քարոզչության միջոց:

Բաքվից 25 կմ դեպի հյուսիս գտնվող Նարդարան գյուղը, որտեղ անցած նոյեմբերին վեց մարդ էր զոհվել ոստիկանության եւ շիա մահմեդականների բախումների ժամանակ, դրա վառ օրինակն է (տես հոդվածի անգլերեն տարբերակը):

Իրանն ու Ադրբեջանը նաեւ համաձայնության չեն գալիս Կասպից ծովի գոտիների բաժանման հարցում, որը վիճարկման թեմա է դարձել 1991թ. Խորհրդային Միության փլուզումից հետո:

Կասպից ծովի ափերին այս երեք նոր երկրների՝ Ադրբեջանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի հայտնվելու հանգամանքը պահանջում է նոր համաձայնագրի կնքում, որը կկարգավորի, թե ինչպես պետք է բաժանվեն ծովի հատակը եւ դրա ընդերքում գտնվող նավթի ու գազի պոտենցիալ հարուստ պաշարները: Սակայն հինգ ծովափնյա երկրները, ներառյալ Ռուսաստանը եւ Իրանը, դեռեւս չեն կարողանում համաձայնության գալ այս հարցում:

 

Ըստ Իրանի՝ եթե Կասպից ծովը հավասար բաժանվի, յուրաքանչյուր երկիր կունենա ծովի հատակի եւ մակերեսի 20 տոկոսը: Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Ղազախստանի կողմից առաջարկվող այլ տարբերակը կողմերի միջեւ միջնագծի կիրառման սկզբունքն է: Այս դեպքում Թեհրանին կհասնի ծովի միայն 12-13 տոկոսը եւ նա կզրկվի ծովի ընդերքում գտնվող նավթի պաշարներից, որոնք կմնան Ադրբեջանին եւ Թուրքմենստանին:

Չնայած այս վաղեմի լարվածությանը, երկու երկրների միջեւ ծաղկում են առեւտրային հարաբերությունները: Ըստ Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեի տվյալների՝ Ադրբեջանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2015թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 98.8 մլն ԱՄՆ դոլար, որից 72 մլն դոլարը ծախսվել է իրանական ապրանքների ներմուծման համար:

Պատժամիջոցների վերացումից հետո, Իրանում գների եւ կենսամակարդակի բարձրացումը, ինչը հնարավոր է, կարող է բացասական ազդեցություն ունենալ Ադրբեջանի սահմանային բնակչության վրա:

«Եթե նախկինում Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքմենստանի սահմանամերձ շրջանների բնակիչներին հասանելի էին իրանական շուկայի մատչելի ապրանքները, ապա այժմ իրադրությունը կբարդանա», – ասում է Ադրբեջանի Նավթային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իլհամ Շաբանը:

 ԶԳՈՒՇԱՎՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի համար նյարդացնող է նաեւ Իրանի եւ իր երկարամյա ոխերիմ թշնամու՝ Հայաստանի միջեւ հարաբերությունների շարունակական բարելավումը:

Քանի դեռ պատժամիջոցները գործում էին, այս երկու երկրների հարաբերությունները մասամբ պայմանավորված էին իրենց միջազգային մեկուսացմամբ: Հայաստանը առեւտրով կարող է զբաղվել միայն հարեւան Իրանի եւ Վրաստանի հետ, քանի որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանները փակ են Բաքվի եւ Անկարայի կողմից շրջափակման պատճառով:

Սա նշանակում է, որ Երեւանի մոտեցումը Իրանին երկար ժամանակ խիստ պրագմատիկ եւ նպատակային է եղել: Այս երկու երկրներն արդեն իսկ ունեն տնտեսական ոլորտում կնքված մի շարք համաձայնագրեր:

Փորձագետները կարծում են, որ պատժամիջոցների վերացումը Հայաստանին հնարավորություն կտա ակտիվացնել այդ առեւտրային եւ էներգետիկ համագործակցությունը: Բայց դրա արդյունավետությունը կախված կլինի Հայաստանի ղեկավարության ճկունությունից, որը պետք է զգուշավորություն ցուցաբերի եւ խուսափի իր հզոր հյուսիսային դաշնակցի՝ Ռուսաստանի մոտ այնպիսի տպավորություն ստեղծելուց, թե անվտանգության հարցերում իր մտահոգություններն անտեսվում են:

Հայաստանի իշխանություններն ու փորձագետները էներգետիկայի ոլորտը դիտարկում են որպես երկկողմ աճող համագործակցության ամենախոստումնալից դաշտ, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանը հետաքրքրված է հայկական խողովակային գազատարերով Իրանից գազ ներկրելու հնարավորությամբ: Սա կարող է Հայաստանը գազի տարանցիկ պետություն դարձնել (տե´ս հոդվածի անգլերեն եւ ռուսերեն տարբերակները): Այսօր Հայաստանն իրանական գազը գնում է բարտերային տարբերակով եւ դրա դիմաց վճարում էլեկտրաէներգիայի միջոցով:

«Իրան-Հայաստան գազամուղի թողունակությունը տարեկան կազմում է 2,2 միլիարդ խորանարդ մետր», – հայտարարել է Հայաստանի էներգետիկայի (արդեն նախկին.-խմբ) նախարար Երվանդ Զախարյանը հունվարի 21-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: -Մենք այժմ տարվա ընթացքում 400 միլիոն խորանարդ մետրից քիչ քանակությամբ գազ ենք ստանում Իրանից: Հետեւաբար՝ անհրաժեշտության դեպքում գազատարը կարող է դառնալ տարանցիկ: Տնտեսապես, մենք կշահենք այս գործարքից»:

irant-trade_1-j-askerova-iwpr_georgia

Նախարարը հավելել է, որ բանակցություններ են տարվում նաեւ գազի արտահանումը տարեկան 500 մլն խորանարդ մետր ծավալի հասցնելու շուրջ:

«Սա խոստումնալից ծրագիր է, քանի որ Հայաստանը հնարավորություն է ստանում էներգետիկ համագործակցության մեջ մտնել Իրանի հետ՝ այդ ճանապարհով ավելի շատ իրանական գազ ներկրելով իր շուկա եւ ավելի շատ էլեկտրաէներգիա մատակարարելով Իրանին», – IWPR-ի հետ զրույցում ասում է էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:

2007թ. Երեւանի եւ Թեհրանի կողմից ստորագրված մեկ այլ խոստումնալից նախագիծ է համարվում Արաքս գետի վրա Հայաստանի հարավային սահմանամերձ Մեղրի քաղաքի մոտ հիդրոէլեկտրակայանի կառուցման ծրագիրը: 323 մլն դոլար արժողությամբ ծրագիրը պետք է ֆինանսավորվեր եւ իրագործվեր Իրանի կողմից, այնուհետեւ՝ 15 տարի շահագործումից հետո որպես սեփականություն անցներ  Հայաստանին:

Շինարարությունը սկսվել է 2012 թ., սակայն ավարտին չի հասցվել. դրա իրականացումը պահանջում էր ֆինանսավորում, որը Հայաստանն ու Իրանը չէին կարող իրենց թույլ տալ  պատժամիջոցների կիրարկման ժամանակահատվածում:

Այժմ Հայաստանն ու Իրանը ցանկանում են այս ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլ սկսել, որի ժամկետները դեռեւս հայտնի չեն:

Կան մի շարք այլ համատեղ նախագծեր, որոնք չեն կարող իրագործվել, չնայած պատժամիջոցների վերացման փաստին: Խոշոր ներդրումներ պահանջող երկու ամենաուշագրավ ծրագրերը սահմանամերձ նավթամշակման գործարանի եւ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումն է:

«Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագիծը պատկանում է Հայաստանին, որի իրագործման համար հայաստանյան կողմը պետք է ֆինանսավորում ապահովի: Իրանը հետաքրքրված է այս հարցով, բայց ոչ այնքան, որպեսզի մեծ ներդրումներ կատարի», – IWPR-ի հետ զրույցում նշում է Հայաստանում Ամերիկյան առեւտրային պալատի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ջրբաշյանը:

Ավելին՝ Թեհրանը շուտով կունենա հյուսիս-հարավ երկաթուղային միջանցքը Ադրբեջանի միջով, ինչը, ամենայն հավանականությամբ, կզրոյացնի հայ-իրանական երկաթգծի անհրաժեշտությունը:

Ջրբաշյանը հավելում է, որ նավթամշակման գործարանի կառուցումը Հայաստանում նույնպես այլեւս արդիական չէ:

«Պատժամիջոցների վերացումը եւ տեխնոլոգիական նորարարությունների հասանելիությունն Իրանին փոխել են իրավիճակը: Այսօր Իրանը կարող է այդ գործարանն իր իսկ տարածքում կառուցել», – ընդգծում է նա:

Փոխարենը Ջրբաշյանը համոզված է, որ Հայաստանը լավ հնարավորություն ունի դառնալ վարչական հանգույց իրանական տնտեսության համար:

«Բազմաթիվ միջազգային ցուցիչների՝ օրինակ, Global Information Technology Report, Networked Readiness Index կամ Doing Business-ի համաձայն՝ Հայաստանը առաջ է Իրանից: Միջազգային ընկերությունների համար, որոնք ցանկանում են աշխատել իրանական շուկայում, Հայաստանի առավելությունները պարարտ հող են ստեղծում իրենց գրասենյակները հենց մեր երկրում հիմնելու համար», – ասում է Տիգրան Ջրբաշյանը:

Նրա խոսքով, միջազգային ընկերությունների համար, որոնք ձգտում են աշխատել իրանական շուկայում, ավելի հարմար կլինի հաստատվել Հայաստանում ոչ միայն երկրի գրավիչ գործարար միջավայրի, այլ նաեւ Իրանի ֆինանսական համակարգին բնորոշ այնպիսի առանձնահատկությունների պատճառով, ինչպիսիք են իսլամական բանկային համակարգը եւ Շարիաթի օրենքը:

«Իրանը գրավիչ է որպես շուկա, բայց ոչ բիզնեսի սպասարկման տեսանկյունից», – ասում է Ջրբաշյանը:

Նա այն կարծիքին է, որ սա Հայաստանի համար կարող է դառնալ բարենպաստ հնարավորություն, «բայց արդյոք այս նախագիծը կաշխատի, թե ոչ, կախված է հայկական կողմի ներուժից եւ նախաձեռնությունից:

Ինչ վերաբերում է առեւտրի ոլորտին, այստեղ հայ փորձագետները այնքան էլ լավատես չեն:

Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրային հաշվեկշիռը այնքան էլ մեծ չէ: Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների՝ 2015թ. հունվար-նոյեմբեր ամիսներին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության  ընդհանուր ծավալը նվազել է ավելի քան 5 տոկոսով՝ հասնելով 250 մլն դոլարի, որը Հայաստանի արտաքին ընդհանուր առեւտրի 6 տոկոսն անգամ չի կազմում: Հայաստանից Իրան արտահանման ծավալները կազմել են շուրջ 70 մլն դոլար, իսկ Իրանից Հայաստան ներմուծման ծավալները՝ գնահատվել 180 մլն դոլար:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը իրանական շուկայի բացվելուց հետո էլ երկու երկրներից չի սպասում ակտիվ առեւտրային գործունեություն:

Նրա խոսքով՝ իրանցի արտադրողները սուբսիդավորվում են պետության կողմից, եւ էներգիան Իրանում շատ ավելի էժան է, քան Հայաստանում: Նա, այնուամենայնիվ, նշում է, որ կան մի շարք այլ ոլորտներ, ինչպիսիք են զբոսաշրջությունը եւ հանքարդյունաբերությունը, որտեղ Հայաստանը եւ Իրանը կարող են ընդլայնել համագործակցությունը պատժամիջոցների վերացումից հետո:

ԱՄՐԱՊՆԴԵԼ ԿԱՊԵՐԸ ՝ ՉՄՈՌԱՆԱԼՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Վրացի փորձագետները նույնպես զգուշավոր են արտահայտվում Իրանի հետ հարաբերությունների խորացման հեռանկարների հարցում՝ հաշվի առնելով Թբիլիսիի՝ ՆԱՏՕ-ին եւ Եվրոպական միությանը անդամակցելու երկարատեւ ձգտումները: Այնուամենայնիվ, Իրանի հետ հարաբերությունների ամրապնդումը կարող է որպես պաշտպանության ձեւ ծառայել ապագայում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման դեմ:

Ի տարբերություն Հայաստանի եւ Ադրբեջանի, Վրաստանն Իրանի հետ սահմանակից չէ:  Թբիլիսին սկսեց ակտիվ կերպով զարգացնել իր տնտեսական կապերը Իսլամական Հանրապետության հետ 2003թ. այսպես կոչված «Վարդերի հեղափոխության» արդյունքում կատարված իշխանափոխությունից հետո:

Իրանից ներմուծումների ծավալը սկսեց աճել՝ 2006թ. 40.3 մլն դոլարից հասնելով  129.7 մլն դոլարի մինչեւ 2013թ.՝ հիմնականում գյուղատնտեսական ապրանքների եւ կենցաղային տեխնիկայի հաշվին:

Սակայն, ինչպես հայտնի է, Վրաստանի իշխանությունները, տեղի տալով միջազգային հանրության ճնշմանը, 2013թ. կասեցրին Իրանի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմը, իսկ իրանական ընկերությունների եւ անհատների շուրջ 150 բանկային հաշիվներ  սառեցվեցին (տե´ս հոդվածի անգլերեն եւ ռուսերեն տարբերակները):

Ըստ նախնական տվյալների՝ 2015թ. ընթացքում Վրաստանի կողմից իրանական ապրանքների ներմուծման ծավալները նվազեցին՝ հասնելով 91,9 մլն դոլարի:

Վրացի փորձագետները կարծում են, որ թեեւ իրանական շուկայի   առանձնահատկությունների վերաբերյալ շատ բան հայտնի չէ, այն դեռեւս կարող է օգուտ քաղելու պոտենցիալ հնարավորություններ ստեղծել:

«Ես վստահ եմ, որ Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների վերացումը բազում նոր հնարավորություններ կընձեռի Վրաստանին, օրինակ՝ էներգետիկ ոլորտում: Բացի այդ, Իրանը խիստ հետաքրքրված է վրացական ծովային նավահանգիստների օգտագործմամբ, ինչը գերազանց հնարավորություն կարող է դառնալ Վրաստանի համար իրանական ապրանքների փոխադրման արդյունքում օգուտ քաղելու տեսանկյունից», – ասում է Վրաստանի Քաղաքականության ինստիտուտի (GIP) տնօրեն Քորնելի Կակաչիան:

Իրանը ձգտում է մուտք ունենալ դեպի Սեւ ծովի արեւելյան ափին գտնվող Բաթումիի եւ Փոթիի նավահանգիստներ, ինչը կդյուրացնի իրանական ապրանքների արտահանումը եվրոպական շուկա:

Կա նաեւ հետաքրքրություն Աբխազիայի դե-ֆակտո Հանրապետության սահմանակից Անակլիայում նոր խորը ջրային նավահանգիստ կառուցելու հարցում: Փետրվարի 8-ին Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը հայտարարեց այս նավահանգստի կառուցման համար վրացական կոնսորցիումի հետ պայմանագրի կնքման մասին: Նավահանգիստը կառուցելու դեպքում, այն բեռնափոխադրման ավելի մեծ հնարավորություններ կունենա, քան Բաթումիի կամ Փոթիի նավահանգիստները:

Կակաչիայի խոսքով՝ Վրաստանը հետեւողականորեն օգտագործել է արեւելք-արեւմուտք միջանցքը, բոլորովին մոռանալով հյուսիս-հարավի մասին:

«Այժմ ճիշտ ժամանակն է այդ քայլին դիմելու, քանի որ Վրաստանն այս ուղղությամբ կարեւոր տարանցիկ միջանցք դառնալու հնարավորություն ունի», – ասում է Կակաչիան:

«Այդուհանդերձ, շատ բան կախված է քաղաքական ենթատեքստից եւ այս երկու երկրների միջեւ հարաբերություններից: Հետագայում, մասնավորապես, կախված կլինեն իրանական իշխանությունների վարքագծից»:

Նա նշում է, որ ապագայում Վրաստանը կարող է Իրանից ներմուծել էլեկտրատեխնիկա եւ ավտոմեքենաներ: Միեւնույն ժամանակ, իրանական ներդրումների հարցը դեռեւս հստակ չէ, քանի որ շատ բան կախված կլինի Վրաստանի արեւմտյան գործընկերներից:

Փետրվարի 8-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո, որի ժամանակ քննարկվել էին առեւտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր, Վրաստանը հայտարարեց, որ փետրվարի 15-ից կվերականգնի Իրանի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմը:

Կողմերը հույս էին հայտնել, որ այս կերպ երկու երկրների միջեւ զբոսաշրջության եւ առեւտրային հարաբերությունների մակարդակը կվերադառնա 2013թ-ից առաջ եղած մակարդակին, եւ հետագայում ավելի կզարգանա:

Կվիրիկաշվիլին վստահեցրել է Ռոհանիին, որ Վրաստանը պատրաստ է սկսել նոր փուլ երկկողմ հարաբերություններում եւ զարգացնել կապերն Իրանի հետ բոլոր բնագավառներում՝ շեշտը դնելով տնտեսական ոլորտի վրա:

Ըստ Ռոհանիի՝ Վրաստանը կարող է Իրանի եւ Սեւծովյան տարածաշրջանի երկրների միջեւ առեւտրաշրջանառության համար միջանցք դառնալ:

Վրաստանի վարչապետը, ով մոտ ապագայում նախատեսում է այց կատարել Իրան, հրավիրել է Ռոհանիին Թբիլիսի:

 ԹԵՀՐԱՆԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄԸ

Կախա Գոգոլաշվիլին՝ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենը, նշում է, որ շուրջ 16 միլիոն ընդհանուր բնակչությամբ Հարավային Կովկասի շուկան մեծ կարեւորություն չունի իրանական արտահանողների համար. այս երեք պետությունների գնողունակությունը նույնպես համեմատաբար ցածր է:

Ադրբեջանը, Իրանի պես, բնակչության միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում է, մինչդեռ Հայաստանի ու Վրաստանի բնակչության եկամուտը միջինից էլ ցածր է:

«Իրանը հնարավորություն ունի առեւտրով զբաղվել այնպիսի խոշոր գործընկերների հետ, ինչպիսիք են Չինաստանը եւ Հնդկաստանը, որոնք մոտ են երկրին, եւ, իհարկե, Արեւմտյան Եվրոպան, – ասում է նա: – Իրանի կողմից Կովկասյան տարածաշրջանը կարող է միայն դիտարկվել որպես լրացուցիչ տարբերակ կամ տարանցիկ ուղի»:

Այնուամենայնիվ, Կովկասը կարող է նաեւ այլընտրանքային շուկա դառնալ այն դեպքում, եթե Իրանի հարաբերությունները Թուրքիայի հետ վատթարանան:

«Ոչ ոք չգիտի, թե Սիրիայում եւ Իրաքում տիրող իրավիճակի հետ կապված իրանա-թուրքական հարաբերություններում լարվածությունը հետագայում ինչպիսի զարգացում կունենա, – նշում է Գոգոլաշվիլին: – Այդ դեպքում Հայաստանի եւ Վրաստանի միջով անցնող տրանսպորտային միջանցքն օգտակար եւ անհրաժեշտ այլընտրանք կլինի Իրանի համար: Չնայած նրան, որ Իրանն Արեւմուտքի հետ առեւտրի համար Պարսից ծոց եւ Սուեզի ջրանցք ունի, լրացուցիչ երթուղիները միշտ էլ գրավիչ են»:

 

Ռեգինա Եգորովա-Ասկերովան Վրաստանում IWPR կայքի խմբագիրն է, Արշալույս Մղդեսյանն ազատ լրագրող է Հայաստանում:  Նուրգուլ Նովրուզն ազատ լրագրող է Ադրբեջանում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Համաշխարհային ձայներ» պարբերականից։ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031