Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեր Աստծո համար միեւնույն է, թե ում է համբուրում»

Մարտ 23,2016 13:30

Ճանաչված դաշնակահար Ալեքսանդր Գինդինը՝
տաղանդի եւ մշակույթի ոլորտում հրեաների գերիշխող դիրքի մասին

«Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային նախագծի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ, դաշնակահար Ալեքսանդր Գինդինը սիրով հարցազրույց տվեց «Առավոտին»: Նա այս օրերին Երեւանում էր, եւ ի թիվս այլ երաժիշտների, մասնակցեց մարտի 20-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած My Way խորագրով համերգ-ձեռնարկին:
Վիտուոզ դաշնակահարին հարցրինք՝ վստա՞հ է, որ հնարավոր է երաժշտության միջոցով երկրների միջեւ եղած խնդիրները լուծել, հաղթահարել միջէթնիկ, միջկրոնական հակասությունները: Երաժիշտը նշեց, որ հնարավոր չէ լուծել, բայց լինելով ռեալ մտածող մարդ՝ ինքը գիտակցում է, որ համամարդկային խնդիրներն ի վերջո կազմված են յուրաքանչյուր մարդուն առնչվող խնդրից: Նրա ձեւակերպմամբ, եթե որեւէ բան թանկ ու հարազատ է քեզ, ուրեմն ինքնին համամարդկային է: «Ես իմ առջեւ խնդիր չեմ դրել, որ իրադրություն փոխեմ, սակայն խնդիր եմ դրել առավելագույնս հստակ եւ հասկանալի բարձրաձայնել իմ եւ սիրելի գործընկերներիս դիրքորոշման մասին… Ինչպես Երեւանում կայացած, այնպես էլ նախորդ համերգների ուղերձը մարդկային ջերմությունն է, փոխըմբռնումը, հանդուրժողականությունը եւ միմյանց հանդեպ հարգանքի ցուցաբերումը»,- ասաց մեր զրուցակիցը:

«Երաժիշտները հանուն խաղաղության» նախագծի մասին խոսելիս Գինդինը փաստեց, որ 2011-ից մեկնարկած նախագիծն արդեն վերաճել է շարժման: Առաջին համերգը Մոսկվայում էր՝ Քրիստոս Փրկչի տաճարում, համերգին էլ մասնակցում էին 13 երկրները ներկայացնող 13 դաշնակահարներ: «Այդ երկրները կրոնական, էթնիկ, պետական եւ այլ տարաձայնություններ ունեին: Մենք համերգով փաստեցինք, որ երաժիշտները որեւէ կապ չունեն այդ տարաձայնությունների հետ, ու մենք ապրում ենք այլ տարածության մեջ: Դա մշակույթի միասնական տարածքն է, որտեղ բոլորս խոսում ենք նույն լեզվով: Ես կարեւորում եմ նաեւ համերգներից առաջ կայացող փորձերը, որոնք կենդանի շփման հնարավորություն են՝ ինչպես ընկերներիդ, այնպես էլ այլ երաժիշտների հետ, որոնց հետ ընկեր ես դառնում համերգների արդյունքում: Տարիների ընթացքում մեր նախագիծը մեծ թափ է հավաքել»,- նշեց անվանի դաշնակահարը:

Ալեքսանդր Գինդինը տպավորված է հատկապես 2015-ի սեպտեմբերի 21-ին՝ Խաղաղության համաշխարհային օրը Շվեյցարիայում ՄԱԿ-ի գլավոր գրասենյակի դահլիճում ունեցած համերգով, ասում է՝ այն խոշոր ռեզոնանս է ունեցել: Հետաքրքրվեցինք՝ իր համար էակա՞ն է, թե ինչ գործ եք կատարում, պատահո՞ւմ է, որ որպես բարձրակարգ երաժիշտ, հավակնություններ ցուցաբերի ու հրաժարվի ինչ-ինչ ստեղծագործություններ կատարելուց:

«Իհարկե, պահատում է…Ի դեպ, Ռիխտերն ասում էր՝ չկան վատ ռոյալներ, կան վատ դաշնակահարներ, թեեւ ինքը մի քիչ խորամանկում էր այդտեղ: Երաժշտությունը տարբեր է՝ տարբեր ազգությունների, դարաշրջանների, տարբեր ժանրերի ու ոճերի…Այս ամենի մեջ հիմնական չափանիշը երաժշտության տաղանդավորությունն է: Թե ինչ է տաղանդը, այդ թեմայով բազմաթիվ գրքեր են գրվել, շատ բարդ է այն ձեւակերպել մեկ-երկու արտահայտությամբ: Բայց եթե երաժշտությունը տաղանդավոր է, որը դու զգում ես, բնականաբար, հաստատ պետք է կատարել»,- ասում է դաշնակահարը:

Մեր հաջորդ հարցին՝ իսկ ունի՞ սիրելի կոմպոզիտորներ կամ ստեղծագործություններ, Գինդինը պատասխանեց. «Սիրելի կոմպոզիտորներ ունենալը շռայլություն է, որ իրենց կարող են թույլ տալ սիրողները: Ես պրոֆեսիոնալ եմ, որը շատ լայն երկացանկ ունի, նաեւ այն հետաքրքրասեր երաժիշտներից եմ, որոնց հետաքրքրում է ոչ միայն ստեղծագործությունը: Դաշնակահարները կարող են 1000-ի հասնող դաշնամուրային երկացանկ ունենալ, իսկ եթե դու կարողանաս 2000 ստեղծագործություն կատարել, ուրեմն երաժշտական առումով զարգացած մարդ ես, բացի այդ՝ գործիքի առումով էլ է մեր բախտը բերել, որովհետեւ դաշնամուրի համար մի օվկիանոս հրաշալի երաժշտություն է գրվել: Դրանց մի մասը հայտնի է, մյուս մասը՝ դեռ ոչ: Դրա համար էլ սիրելի կոմպոզիտորների թիվը կարող է շատ մեծ լինել, նրանք այնքա՜ն տարբեր են, այնքա՜ն հրաշալի, ու հնարավոր չէ Մոցարտին Դեբյուսիի հետ համեմատել կամ Բախին մեկ ուրիշի հետ: Դա նույնն է, որ հարցնես, քեզ Յուպիտե՞րն է դուր գալիս, թե՞ Սատուրնը: Չէ՞ որ դրանք տարբեր մոլորակներ են, յուրաքանչյուրն ունի իր գրավիտացիան, յուրաքանչյուրը յուրովի անդրադարձնում է լույսը եւ բոլորն էլ ստեղծված են Տեր Աստծո կողմից: Դրա համար չեմ կարող ինչ-որ մեկին առանձնացնել»:

Հարցրինք՝ Արցախում համերգով հանդես գալուց հետո չի՞ վախենում հայտնվել Ադրբեջանի «սեւ ցուցակում»:

«Ոչ, չեմ վախենում եւ ձեր մոտ էլ չեմ թաքցնի, որ եղել եմ Բաքվում ու այնտեղ էլ հանդես եմ եկել համերգներով: Ես ինձ համարում եմ աշխարհի քաղաքացի: Իմ գործընկերների շրջանում յուրաքանչյուրս գիտենք, թե ով իրենից ինչ է ներկայացնում»,- պատասխանեց երաժիշտը:

Խնդրեցինք գնահատել հայ ունկնդրին, քանի որ Գինդինը քանիցս եղել է Երեւանում:
«Դուք հիասքանչ ունկնդիր ունեք, դրանում համոզվել եմ իմ մի քանի համերգների արդյունքում: Պատմականորեն այնպես է ստացվել, որ մեր եւ ձեր երկրները դեռեւս խորհրդային շրջանից սերտ կապեր են ունեցել, հատկապես մշակութային առումով: Ի դեպ, երաժշտական դպրոցի իմ ուսուցչուհին, որ ինձ մարդ դարձրեց, հայուհի էր: Ես ճանաչում եմ շատ հրաշալի հայ դասատուների, Հայաստանը դաշնամուրային եւ դիրիժորական լուրջ դպրոցներ ունի, հենց այդ ավանդույթներն էլ ունկնդիր են դաստիարակում, որն ինչպես մեկ օրում չեն ձեռք բերում, այդպես էլ հեշտ չեն կորցնում: Դասական երաժշտության ընկալման ավանդույթներն այստեղ կենդանի են ու շարունակում են լինել: Դա այն մտավորական շերտի շնորհիվ է, որը դասական համերգներն իր կյանքի մի մասն է համարում եւ առանց դրանց ապրել չի կարող: Իմիջիայլոց, բոլոր հարավային երկրների նման, Հայաստանը շատ բարեհաճ ու բարեհամբույր է, այստեղ հեշտ է նվագելը: Սովորաբար բեմի վրա երբեմն զգացողություն ես ունենում, թե ստիպված ես ապացուցել, որ լավն ես: Այստեղ մարդիկ հավատում են, որ դու լավն ես: Իսկ եթե հակառակն են մտածում, էլի չես կարող այդ մտայնությունը փոխել: Հայաստանյան համերգներին ինձ ազատ եմ զգում, դրանում նաեւ ունկնդրի մեծագույն ներդրումը կա»,- վստահ է ՌԴ վաստակավոր արտիստը:

Իսկ ի՞նչ խորհուրդ կտա երիտասարդ դաշնակահարներին:

Գինդինի ամենակարեւոր խորհուրդն է՝ սիրել երաժշտությունը եւ գործիքը ամբողջ սրտով. «Սերը գին չունի, այն փողով հնարավոր չէ գնել, եւ երբեմն այն ի վնաս քեզ է աշխատում: Սերը երբեմն դաժան է, որովհետեւ պատահում է, որ սիրո առարկան քեզ նույնկերպ չի պատասխանում, ու դու ապրում ես ոչ թե այդ առարկայով, այլ քո զգացմունքով: Դա վերաբերում է նաեւ երաժշտությանը»:

Հրեական արմատներով Ալեքսանդր Գինդինին հարցրինք՝ համամի՞տ է տարածված այն տեսակետին, որ աշխարհում ընդհանրապես հրեաներն են եղանակ ստեղծում մշակույթի ոլորտում, նրա՛նք են հարցեր լուծում ու որոշումներ կայացնում: Դաշնակահարը, նախ ի պատասխան՝ լայն ժպտաց, ապա հիշեց խորհրդային տարիների «հրեական» գրաքննությունը, որի արդյունքում մարդիկ ստիպված էին փոխել իրենց ազգանունները: Ապա վերադառնալով երաժշտական տաղանդին՝ անվանի երաժիշտը նշեց. «Տեր Աստծո համար մեծ հաշվով մեկ է՝ ում է համբուրում, ինքն այդ իմաստով կույր է: Թերեւս գուցե ընտանեկան ավանդույթների բերումով այնպես է ստացվել, որ մշակույթի ոլորտում հրեաները շատ են, բայց երաժշտության առաջ բոլորն են հավասար»: Ալեքսանդր Գինդինը դեմ է մշակույթի ոլորտում քառակուսի լոզունգներին, ասում է՝ դրանք խանգարում են ստեղծագործել, մինչդեռ արվեստագետի, տվյալ պարագայում իր խնդիրն է՝ սեփական տաղանդի չափով առավելագույնս օգտագործելով իր աշխատասիրությունը, փորձել անկեղծ լինել ունկնդրի առաջ: «Որքան ուզում ես, կարող ես խորամանկել կյանքում, փորձերի ժամանակ, բայց բեմում նույնը անել չես կարող: Հատկապես մեծ բեմը ռենտգեն հետազոտության կաբինետ է, եւ ինչ մտածում ես ներքուստ, անգամ ակամայից, հստակ երեւում եւ լսվում է բեմում: Ամենավատ բանն այն կլինի, եթե ձեւացնես քեզ այնպիսին, ինչպիսին չես ու խորամանկես ունկնդիրներիդ եւ գործընկերներիդ առաջ: Պետք է լինել ազնիվ եւ դու հնարավորության բերումով տաղանդիդ շնորհիվ համոզիչ կլինես»,- վստահ է վիրտուոզ դաշնակահարը:

Նա նաեւ հիշեց տարիներ առաջ Մոսկվայի ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, անվանի դիրիժոր Յուրի Սիմոնովի խորհուրդը՝ փորձերի ժամանակ միանգամից չնվագել նվագախմբի հետ միաժամանակ. «Առաջին համերգս էր, նա ասաց՝ Սաշա, եթե նվագախմբի հետ միաժամանակ նվագես, այդպես չեմ կարող իմանալ, թե ինչ ես ուզում դու: Սրանք ոսկե խոսքեր են, որ մեկընդմիշտ ականջիս օղ արեցի…Եթե մենք փորձերի ժամանակ միմյանց ճանապարհ տանք, արդյունքում քո գործընկերը կիմանա ինչ նյութից ես ստեղծված դու, դու էլ կիմանաս՝ ինքն իրենից ինչ է ներկայացնում: Եվ որքան շուտ դա ստացվի, այնքան շուտ արդյունք կլինի, կսկսենք ծեփել մեր ուզածը…»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝
alexanderghindin.com-ից:

 

«Առավոտ» օրաթերթ
22.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031