Լրահոս
Օրվա լրահոսը

6 հոգի ցանկանում է դառնալ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն

Հուլիս 11,2023 13:29

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ովքեր են դիմել: Պարզեցինք, որ օպերային թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար դիմել է 6 հոգի՝ 3-ը կին, 3 տղամարդ, նրանցից 4-ն ունեն երաժշտական կրթություն: Ռուզաննա Գրիգորյանն ասաց, որ հավակնորդների անունները եւ նրանց զարգացման ծրագրերը հրապարակման ենթակա չեն:

«6 հոգի է դիմել, գործերի ընդունման ժամկետն ավարտվել է հուլիսի 10-ին, բոլորը համապատասխանում են ներկայացված պահանջներին: Իրենք պետք է նախապատրաստվեն թեստավորման փուլին, որը կկայանա օգոստոսի 4-ին: Հայտարարության մեջ հստակ նշված է, թե որ իրավական ակտերից է կազմված լինելու թեստավորման փուլի հարցաշարը: Իրենց ներկայությամբ թեստը կձեւավորվի, կտրվի 2 ժամ ժամանակ, թեստի արդյունքում՝ ով կհաղթահարի հարցերի 90 տոկոսը (սխալվելու իրավունք ունեն 80 հարցից 8-ը), նա էլ կմասնակցի երկրորդ փուլին:

Օգոստոսի 8-ին էլ կկայանա հարցազրույցի փուլը: Թեստավորման փուլից մեկ օր առաջ ձեւավորվում է հանձնաժողովը, հետեւաբար հանձնաժողովի բոլոր անդամներին ներկայացվում են այն հավակնորդների զարգացման ծրագրերը, որոնք հաղթահարել են թեստի 90 տոկոսը: Ուսումնասիրվում են զարգացման ծրագրերը, իրենց մոտ նշում են խնդրահարույց հարցերը, այնուհետեւ հարցազրույցի փուլի ժամանակ տրվում են 4 բաժիններից հարցեր: Դրանք մասնագիտական հարցեր են, հարցեր՝ հմտություններից, անձնային որակներից եւ զարգացման ծրագիրն է քննարկվում:

Ամեն մեկի պատասխանից հետո հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ առանց իր անուն-ազգանունը նշելու՝ քվեարկում է, քվեարկության արդյունքները լցնում են արկղի մեջ, վերջում հանձնաժողովի նախագահը հրապարակում է դրանք: Եվ ովքեր 65 տոկոսից ավել ձայն են հավաքած լինում, համարվում են հաղթող:

Եթե հավասար ձայներ ստացած հավակնորդներ են լինում, հանձնաժողովի անդամները նորից քննարկում են, թե ում տրվի նախապատվությունը: Առավելագույն ձայներ ունենալու դեպքում, երբ հավակնորդը հանձնաժողովի անդամների կեսից ավելիի ձայներն է հավաքած լինում, մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվում, ներկայացվում է ԿԳՄՍ նախարարին, որպեսզի հրամանով նշվի եւ նրա հետ կնքվի պայմանագիր 5 տարի ժամկետով»,- Aravot.am-ին հայտնեց Ռուզաննա Գրիգորյանը:

Ի պատասխան մեր հարցի էլ՝ ասաց, որ հանձնաժողովի կազմը հայտնի չէ, քանի որ դեռեւս չի ձեւավորվել, հավելեց, որ հանձնաժողովի անդամները հիմնականում ոլորտի մարդիկ են, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, լինում է նախարարը կամ համապատասխան ոլորտը կարգավորող փոխնախարարը, նաեւ մշակութային հկ-ներից ներկայացուցիչ: Պարզեցինք, որ դիմել է 3 ՀԿ՝ Հայաստանի պարարվեստի ասոցիացիան, Կոմպոզիտորների միությունը, Հայի բռունցք երիտասարդական մշակութային ՀԿ-ն, որոնցից կընտրվի միայն մեկը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31