Լրահոս
Օրվա լրահոսը

Կայանալու արվեստը. Քարոզչությունը պետք է համահունչ լինի ինքնությանը

Մարտ 28,2016 15:30

Ամերիկյան, ռուսական եւ իսլամական «պատումը» հայտնի է, հայկականը՝ ոչ

Խորհրդային Միությունում (իմ ապրած տարիներին) ոչ ոք չէր հավատում այն տեղեկություններին ու գաղափարներին, որոնք մատուցվում էին, ասենք, «Վրեմյա» ծրագրով: Ժամանակակից Հայաստանում նույնպես արդեն 25 տարի ոչ ոք չի հավատում այն լուրերին եւ գնահատականներին, որոնք տրվում են պաշտոնապես: Եթե նույնիսկ իսկապես ինչ-որ լավ բան է տեղի ունենում, ենթադրենք՝ կառուցվել է Կոմիտասի ինստիտուտ թանգարանը, ապա, միեւունույն է՝ խոսակցությունները գնալու են որոշակի ուղղությամբ՝ «տենաս, ինչքա՞ն են էնտեղից կերել», կամ՝ «բա մեզ էս քյասիբ վիճակում դա պե՞տք է»: Եվ հակառակը՝ մարդիկ պատրաստ են հավատալ ամենաանհավանական եւ ամենաանհեթեթ բամբասանքին, եթե այն իրավիճակը բացասական գույներով է գնահատում:

Ժամանակակից Ռուսաստանում, որտեղ իշխանություններն «ուտում են» 100 անգամ ավելի շատ (որովհետեւ 100 անգամ ավելի շատ ուտելու բան կա), իսկ պաշտոնական լրատվամիջոցները մեծ մասամբ ստեր են տարածում, բնակչության ճնշող մեծամասնությունը կուրորեն հավատում է այդ պաշտոնական տեղեկությունների ամեն մի բառին: Մարդիկ հավատում են, օրինակ, որ Ուկրաինայում երեխաների են խաչում, իսկ եվրոպական քաղաքների փողոցներում վխտում են միգրանտների խմբեր, որոնք ամեն օր բռնաբարում են եվրոպացի աղջիկներին: Գուցե պատճառն այն է, որ Կրեմլում նստած են շատ հմուտ քարոզիչներ, որոնք գիտեն մարդկանց ուղեղները լվալու բոլոր ձեւե՞րը: Դա այնքան էլ ուժեղ փաստարկ չէ: Հայ քարոզիչների վրա վստահ չեմ, բայց հաստատ կարող ենք ասել, որ խորհրդային քարոզիչները չափազանց հմուտ էին եւ իրենց քարոզչության վրա ծախսում էին անհամեմատ ավելի մեծ գումարներ, քան հիմա ծախսում է Կրեմլը: Ի՞նչն է ապա պատճառը, որ Սուսլովին չէր հաջողվում մարդկանց հիմարացնել, իսկ Սուրկովին հաջողվում է:

Այս հարցն, իհարկե, մասնագիտական վերլուծության կարիք ունի, եւ ես կարող եմ միայն իմ ենթադրությունները հայտնել: Ինձ թվում է, որ կրեմլյան ժամանակակից քարոզչությունը հիմնված է ռուսական ինքնության ճիշտ ընկալման վրա: Մեծ հավատաքննիչը Դոստոեւսկու «Կարամազով եղբայրներից» ասում էր, որ մարդկությանը պետք է երեք բան՝ հրաշք, առեղծված եւ հեղինակություն: Այսինքն՝ բացի նյութական բարեկեցությունից եւ նույնիսկ անվտանգությունից, պետք են բաներ, որոնք համախմբում են մարդկանց, ստիպում են իրենց զգալ միեւնույն համայնքի ներկայացուցիչներ: Տարբեր ազգեր տարբեր ժամանակաշրջաններում իրենց «հրաշքն ու առեղծվածն» են ստեղծում: Ամերիկացիների մոտ այդ ինքնությունը հիմնված չէ կրոնական կամ էթնիկական կատեգորիաների վրա: Ամերիկացիները սրբորեն հավատում են իրենց Սահմանադրության եւ ժողովրդավարության սկզբունքներին: Հենց այդ պատճառով, ի դեպ, որեւէ էական բան չի փոխվի, եթե ԱՄՆ նախագահ դառնա «ոչ կոնվենցիոնալ» պոպուլիստ Դոնալդ Թրամփը: Ամերիկյան պաշտոնական քարոզչությունը (թող ոչ ոք չմտածի, որ որեւէ երկրում այն չկա) հիմնված է Պետական Հաստատությունների հանդեպ ամերիկացիների անվերապահ հավատի վրա:

Մերձավոր Արեւելքում սունի երիտասարդների «հրաշքը, առեղծվածն ու հեղինակությունը» իրենց կրոնն է: Նրանք իրենց չեն զգում աշխարհի մաս, այդ երիտասարդների աշխարհն իրենց կրոնական համայնքն է, եւ այն, ինչ գտնվում է այդ համայնքից դուրս, իրենց համար խորթ է եւ թշնամական: Նրանց հնարավոր չէ համոզել, որ կրոնը մարդու մասնավոր գործն է (ինչպես որ ես եմ, օրինակ, կարծում), դրա համար էլ նրանք իրենց համերաշխ չեն զգում այլ կրոնների հետեւորդների, անգամ՝ շիաների հետ: Այդ համոզմունքն, իհարկե, շահագործում են ոչ մի բանի չհավատացող ցինիկները, այդ թվում՝ քարոզիչները:

Կոմունիստական գաղափարախոսությունն ու «զարգացած սոցիալիզմի» կառուցումը, որքան էլ տեսականորեն գրավիչ գաղափարներ լինեն, չէին կարող դառնալ տարբեր ազգությունների 150 միլիոն մարդու համար այն «առասպելը» (այդ բառի նաեւ դրական իմաստով), որին այդքան մարդ կարող էր անվերապահորեն հավատալ՝ որքան էլ հմուտ քարոզիչներ դաստիարակեր ընկեր Սուսլովը: Եվ հակառակը՝ կայսրության «փոքր ազգերի» համար «մեծ եղբայր» լինելը, հոգեւոր արժեքներ կրելու եւ տարածելու հատուկ առաքելություն ունենալը, արտաքին թշնամիների հետ մշտապես կռիվ տալը, աղքատ, բայց հպարտ լինելը՝ դա ռուսական ինքնության այն հիմքն է, որի վրա կառուցվում է այսօրվա Կրեմլի քարոզչության առասպելաբանությունը՝ դրա շրջանակներում ճիշտ կամ սուտ տեղեկություններն ընկնում են պարարտ հողի վրա:

Ո՞րն է հայկական այն «պատումը», որը կդառնա մեր «հրաշքը, առեղծվածն ու հեղինակությունը»՝ ես, անկեղծ ասած, չգիտեմ: Կարող եմ ասել, ինչն այդպիսին չի՝ թուրքի նկատմամբ ատելությունը, ծովից ծով Հայաստանի մասին «հիշողությունը»: Հիշողությունն ու ատելությունը հրաշքներ չեն գործում: Ցավոք, մենք բավականին «պաղ» վերաբերմունք ունենք սեփական պետություն ունենալու, ինչպես նաեւ կրոնական գաղափարների նկատմամբ: Չնայած այս երկու հարցերում սիրում ենք կուրծք ծեծել:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031