Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Այն, ինչ կատարվում է, շատ նման է պատերազմի»

Ապրիլ 02,2016 18:52

«Այս գործողությունները չեմ կարող չկապել նախօրեին Վաշինգթոնում տեղի ունեցած հանդիպումների հետ: Նախ, Ալիեւ-Սարգսյան հանդիպումը տեղի չունեցավ, այսինքն` կողմերի դիրքորոշումներն իրար մոտեցնել չի հաջողվել: Ալիեւն էլ հայտարարեց, որ Ադրբեջանը Ղարաբաղյան խնդրի լուծումը տեսնում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի չորս բանաձեւերում, որոնք էլ ենթադրում են «հայկական ուժերի դուրսբերում գրավյալ տարածքներից»: Փաստորեն, Մինսկի խմբի ջանքերն այսօր ուղղված են ռազմական գործողությունները դադարեցնելուն, «ստատուս-քվո»-ն հնարավորինս պահպանելուն: Ադրբեջանի մոտեցումն էլ հակառակն է: Նա բազմիցս հայտարարել է, որ իրենց խնդիրն է` Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը: Տեսնելով, որ Մինսկի խումբն իր ուզած ճանապարհով չի գնում, անցավ կոնկրետ գործողությունների»,-այսօր «Մեդիա կենտրոն»-ում շփման գծում իրավիճակի սրացման մասին քննարկման ժամանակ ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ նշեց, որ իրավիճակն իսկապես լուրջ է. «Այն, ինչ կատարվում է, շատ նման է պատերազմի: Ադրբեջանի արածը հին եւ նոր գործոններ ունի: Հին գործոնն այն է, որ միջազգային կարեւոր հանդիպումներից առաջ Ադրբեջանը մեծացնում է լարվածությունը` աշխարհին  հիշեցնելով, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ: Բայց նոր գործոններ ի հայտ եկան, օրինակ` նավթի գնի անկումը: Ադրբեջանը սովոր է կաշառքներով աշխատել, ուստի գումարի կտրուկ պակասը նրան շատ ծանր իրավիճակի մեջ է դնում: Քիչ գումարներով քիչ զենք կարող է գնել: Ադրբեջանը դեմ է դիպուկահարների դուրսբերմանը, վերահսկող սարքավորումներ տեղադրելուն, ինչը պահանջում է ԵԱՀԿ-ն»:

Գրիգորյանի բնորոշմամբ` Վաշինգթոնում նախօրեին մեկնարկած միջուկային անվտանգության միջազգային գագաթաժողովի ժամանակ Ալիեւը փոքր-ինչ շոկի մեջ էր, քանի որ իր երկրի վարկանիշը բավականին ընկել է. «Դա կապված է ոչ թե Ղարաբաղի հարցի, այլ մարդու իրավունքների խնդրի հետ: Երկու տարի շարունակվող ձերբակալությունները գցեցին Ադրբեջանի վարկանիշը, այդ պատճառով էլ մինչեւ Վաշինգթոն մեկնելը Ալիեւը մի քանի լրագրողների եւ հասարակական գործիչների ազատ արձակեց»:

Քաղաքագետի դիտարկմամբ` Ադրբեջանը գիտակցում է, որ իր «եղբոր»` Թուրքիայի նավթադոլարները եւս պակասում են, ուստի այդ երկրները Հայաստանի հետ ռազմական եւ քաղաքական մրցակցությանը չեն դիմանա, այդ պատճառով էլ Ադրբեջանը սրեց իրավիճակը սահմանին:

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930