Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանագոտու բնակչի օրինական զենքի գործով դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել

Ապրիլ 11,2016 20:27

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Աչաջուր գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Արթուր Մելիքբեկյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի ձեռք է բերել եւ Աչաջուր գյուղում գտնվող իր տանը ապօրինի պահել որսորդական ակոսափող հրազեն հանդիսացող 5.45մմ տրամաչափի «Սայգա ՄԿ» տեսակի կարաբին եւ որսորդական ակոսափող զենքերից կրակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 11 հատ 5.45մմ տրամաչափի փամփուշտ: Ա. Մելիքբեկյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով («Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»), նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը սույն քրեական գործը քննելով՝ ապացուցված է համարել, որ Արթուր Մելիքբեկյանը իր ընկերոջ՝ Հովհաննես Ղալթախչյանի անվամբ գրանցված օրինական, ինքնալից որսորդական ակոսափող հրազեն հանդիսացող 5.45մմ տրամաչափի «Սայգա ՄԿ» տեսակի կարաբինը Հ. Ղալթախչյանից խնդրել է ժամանակավորապես՝ շնագայլերի վրա կրակելու ե դրանց իր տան շրջակայքից հեռացնելու նպատակով,այդ փաստը հաստատված է նաեւ  քրեական գործով մեղադրական եզրակացության նկարագրական մասի մեջ: 2016թ. փետրվարի 11-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Արթուր Մելիքբեկյանին արդարացնել՝ նրա արարքում հանցագործության դեպքի բացակայության պատճառով, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել: Դատավճռում նշված է, որ այն կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում: Մեկամսյա ժամկետում այն չի բողոքարկվել եւ պետք է օրինական ուժի մեջ մտներ:

Սակայն մարտի 18-ին վերաքննիչ քրեական դատարանում ստացվել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով վարչության դատախազ Արիս Բարսեղյանի վերաքննիչ բողոքը, ուր նա խնդրել է բեկանել Արթուր Մելքիբեկյանի արդարացման դատավճիռը եւ 235 հոդվածի 1-ին մասով կայացնել մեղադրական դատավճիռ: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ վերաքննիչ դատարանը ուշացումով ստացված բողոքը ընդունել է եւ մակագրել դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ դատարանի կազմին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930