Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկել վարկն էին ուզում զոհված զինծառայողի ընտանիքից»

Ապրիլ 15,2016 18:00

Զոհված զինծառայող Վրեժի ընտանիքն անգամ սառնարան ու կահույք չունի,
զոհված Հարությունի ընտանիքն էլ է ծանր պայմաններում ապրում

Ապրիլյան 4-օրյա պատերազմում զոհված Հարություն Աբրահամյանի ընտանիքն ապրում է համեստ եկամտով, մշակվող հողը որքան օգուտ կտա՝ դրանով էլ յոլա կգնան. ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը Հարությունի աշխատավարձն էր. նա պայմանագրային զինծառայող էր:

Հարությունի ընտանիքը՝ ծնողները, կինն ու 3 անչափահաս երեխաներն ապրում են Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղում: Ծնողները չեն աշխատում, թոշակառու են, մայրը 2-րդ կարգի հաշմանդամ է:

Հարությունի հայրը՝ Հովհաննես Աբրահամյանը, «Առավոտի» հետ զրույցում չի ցանկանում անգամ մի բառ ասել կենցաղային վատ պայմանների մասին, արժանապատվությունը թույլ չի տալիս, հերոսի հայրը չի կարող «մանր» բաներից դժգոհել. «Փառք Աստծո, ապրում ենք, չենք բողոքում, յոլա ենք գնում»: Հովհաննես Աբրահամյանն էլ է Արցախյան ազատամարտում կռվել. ասում է՝ որդին էլ նույնն բանն է արել՝ պայքարել է հայրենիքի համար. «Բայց ինքը զոհվեց, 31 տարեկան էր»:

Հարություն Աբրահամյան

Հարություն Աբրահամյան

«Հերոս մարդու հերոս տղա էր: Հովհաննեսն էլ Արցախյան պատերազմի առաջին օրվանից մինչեւ վերջին օրը Հայաստանի ու Ղարաբաղի սահմաններում է կռվել, դիպուկահար էր: Հարությունն էլ հոր պես՝ դիպուկահար էր, ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո պայմանագրային զինծառայության անցավ ու մինչեւ մահ ծառայեց»,- պատմում է Արեգունիի գյուղապետ Արամ Վարդանյանը՝ հավելելով, որ Աբրահամյանների ընտանիքը մի փոքր հողամաս ունի, մի երկու անասուն, հազիվ են ծայրը ծայրին հասցնում, եղած հողամասն էլ մի կարգին եկամուտ չի ապահովում:

Գյուղապետն ասում է՝ համայնքի հողերի բերրիությունը շատ ցածր է, 5-րդ կարգի ավազոտ հողեր են, գյուղի բնակիչները չեն կարողանում հող մշակելով նորմալ եկամուտ ստանալ: Այս համայնքում մի ժամանակ ադրբեջանցիներն են ապրել, 1988-ից հետո նրանք լքել են գյուղը, ու այստեղ բնակություն են հաստատել հայերը:

Գյուղը, ինչպես ասում է համայնքապետը, Ադրբեջանի սահմանից 5 կիլոմետր է հեռու: Ինչպես ասում է գյուղապետ Վարդանյանը՝ ադրբեջանցիք «քթների տակ են» ապրում:

Հարությունի ընտանիքի մասին պատմելիս գյուղապետն անընդհատ կրկնում էր՝ «Իդեալական ընտանիք է, իդեալական մարդիկ, համեստ, պարզ, ազնիվ: Ինչքան լավ բան կա, կարելի է վերագրել այս ընտանիքին: Մի փոքրիկ տան մեջ են ապրում: Չգիտեմ էլ, թե ոնց են Հարությունի 3 երեխաներին պահելու, Հարությունի կինը չի աշխատում, սոցիալապես անապահով ընտանիք է, կարելի է ասել՝ միջինից էլ ցածր վիճակում: Ընտանիքին Հարությունն էր պահում, զոհվեց, Արիության մեդալ ստացավ, բայց թե հիմա ոնց են յոլա գնալու՝ չգիտեմ»:

Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղն էլ հերոս տվեց ապրիլյան պատերազմում. ամսի 4-ին հրապարակված ղարաբաղյան 4-օրյա պատերազմի զոհված զինծառայողների անունների մեջ կրտսեր սերժանտ, 27-ամյա Վրեժ Սարգսյանի անունն էլ է գրված: «Իր հայրենիքի, մի կոտր հողի համար գնացել՝ զոհվել է, ճիշտ է, մեր տաճարը դատարկվել է, բայց ես մյուս կողմից՝ հպարտ եմ, ամբողջ ազգն է սգում մեր բոլոր նահատակ տղաների համար»,- ասում է Վրեժի հայրը՝ Վարդան Սարգսյանը:

Վրեժի հայրն էլ է խուսափում ընտանիքի սոցիալական ծանր պայմաններից խոսել, էլի համեստություն է անում, չի ուզում իրենց առանձնացնել համագյուղացիներից, գյուղում գրեթե բոլորը յոլա գնալով են ապրում: Այս ընտանիքի հիմնական եկամուտն էլ Վրեժի՝ պայմանագրային զինծառայության դիմաց ստացած 100 հազար դրամից մի քիչ ավելի գումարն էր:

Վարդան Սարգսյանն ասում է՝ «Մեր երկրի վիճակն էլ էն չի, հասկանում ենք: Մենք էլ ապրել ենք, ձեն չենք հանել, մի կտոր հաց, մի կտոր, թեկուզ ցամաք, եղել է՝ կերել ենք, ապրել ենք: Վրեժը փողը բերում էր, ասում՝ մամա, էս բան առ, խանութի պարտքը տուր: Ինչքան էլ առներ, երբեք չէր բողոքի, վերեւն՝ Աստված, ներքեւ՝ մենք: Ասում էր՝ ես փողի համար չեմ գնում բանակ, մի օր վատ կլինի, մի օր՝ լավ, բանակ է»:

Վարդան Սարգսյանը պատմում է, որ Վրեժին միշտ ասում էր՝ գնա Ռուսաստան, ուրիշ աշխատանք գտի, բայց Վրեժը հրաժարվում էր. «Չէր ուզում բանակից դուրս գար, շատ էր սիրում բանակն ու պատվով էր կատարում իր առաջ դրած խնդիրները, խելացի ծառայող է եղել: Իր զինակից ընկերներն էլ դա գիտեն, բոլորը սիրում էին իրեն: Վրեժի մարտական ընկերներն այնտեղ են, իրենք պատմում են, որ Վրեժի մահը, որ հասել է՝ լացել են ու պայքարել, լացել են ու կռվել»:

Զոհված Վրեժ Սարգսյանն ու Հարություն Աբրահամյանը մտերիմ ընկերներ են եղել, Վրեժի հայրը պատմում է. «Ինքն ու Հարությունը չէին ուզում բանակը լքել, միշտ միասին էին, իրանք մի ծոցում են քնել, ազնիվ ընկերություն արել, մարտի դաշտում էլ ընկել են կողք կողքի, այ տենց հավատարիմ ընկերներ են եղել, իրանք սիրել են մարտական ուղին»:

Վրեժի մի եղբայրը օգնում է ծնողներին, գյուղատնտեսական եղած աշխատանքներն է անում, մյուս եղբայրը եւս պայմանագրային զինծառայող է: «Ախպերն ընդեղից բերեց հասցրեց ստեղ ախպոր ու ընկերոջ՝ Վրեժի ու Հարությունի մարմինները: Չգիտեմ, ի՞նչ ասեմ: Էս պատերազմը համախմբեց մեր ազգին, ես հպարտ եմ մեր բոլոր նահատակված զինվորների համար: 100 թուրք զինվոր մեր 1 զինվորը չարժե, 100 թուրքը մեր 1 զինվորի չափ չկան: Թող էս կրակի վրա ջուր լցվի, մենք խաղաղասեր ազգ ենք, վերջին պատերազմը լինի»,- ասում հայրը:

Վրեժի ծնողներն էլ չեն աշխատում, կինն ու փոքրիկ երեխան ապրում են Վրեժի ծնողների հետ: Փոքր Մասրիկի գյուղապետ Վարդան Մարգարյանը մեզ հետ զրույցում ասում է, որ Սարգսյանների ընտանիքը գյուղում մի փոքր հողամաս ունի, բայց այստեղ էլ բերքատվությունը շատ ցածր է. «1 հեկտարից 30 հազար դրամի օգուտ հազիվ են ունենում, անցյալ տարի էլ կարկուտ էր խփել, սաղ փչացրել»:

Վրեժի ընտանիքը պարտքեր ունի, գյուղապետն ասում է՝ «Արեգակ» վարկային կազմակերոպությունից 600 հազար դրամի վարկ են վերցրել, 85 հազար դրամ էլ ոսկու գրավի դիմաց մի հատ բանկից են վերցրել, խանութին են պարտք: Տանը հին հեռուստացույց է դրված, սառնարան չունեն, կահույք ընդհանրապես չունեն: Շատ ծանր է վիճակը: Էդ վարկն էլ մինչեւ 2017 թվականը պիտի մարվի: Երեկ եկել էին էդ վարկն էին ուզում, ասել ենք՝ մարդը նեղության մեջ, եկել եք փո՞ղ եք ուզում, ասել ենք՝ չտան էդ վարկը, էս մարդուն որտեղի՞ց փող: Պետք է մի բան արվի, որ էդ վարկն ու բանկի փողը մարվեն՝ որպես օգնություն» (այս կազմակերպության հրապարակումից հետո հայտնած պարզաբանումը՝ կարդացեք այստեղ):

Գյուղապետից երբ տեղեկացանք պարտքերի մասին, կրկին զրուցեցինք Վրեժի հոր հետ, բայց նա կրկին հրաժարվեց խոսել պարտքերի մասին, անգամ բանկի անունը չէր հիշում, միայն ասաց՝ «Կնոջս ոսկեղենն ենք գրավ դրել, խնդիր չկա, ես չեմ դժգոհում»:

Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների վարկային պարտավորությունները զրոյացնելու որոշում կայացվեց. մի քանի բանկ այդ մասին պաշտոնապես հայտարարեց:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Վրեժ Սարգսյանն է

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930