Լրահոս
Օրվա լրահոսը

Դաժանորեն սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով մեղադրողը հանդես եկավ հայտարարությամբ

Մայիս 05,2016 18:10

«Նախաքննության մարմինը փորձագետներից չի պահանջել գնահատական տալ վկաների՝ արդեն իսկ տված ցուցմունքների բովանդակությանը, ինչը պատասխանողների մոտ տարակուսանք է առաջացրել»,- Երեւանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով մեղադրող Հայկ Հարոյանը: Նա հստակեցրեց` փորձագետներից պահանջվել է միայն հասկանալ ամբաստանյալների ապրած հոգեվիճակը և իրենց գիտելիքների շրջանակներում պատասխանել՝ արդյոք նման հոգեվիճակ ապրած անձը տարած ապրումների, հույզերի պայմաններում ունակ կլինի՞ ճիշտ կողմնորոշվել ստեղծված վիճակում, ըմբռնել և հասկանալ կատարվող իրադարձությունները, միջոցներ ձեռնարկել՝ կանխելու Հայկազ Բարսեղյանի նկատմամբ կատարված գործողությունները, և հետագայում ունակ կլինի՞ կատարվածն արժանահավատ վերարտադրել: Մեղադրողն ասաց, որ փորձագետներին առաջադրվել են իրենց իրավասության վերաբերող հարցեր:

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դաժանորեն սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունն այսօր շարունակվում էր:

Հիշեցնենք, ըստ մեղադրական եզրակացության, Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Բարսեղյանին: Զորամասի կուրսանտ Վարազդատ Սաֆարյանն էլ 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց եւ վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածները, ծեծի են ենթարկել Մանասերյանին: Բացի դրանից՝ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկվել համածառայող Արտուշ Սիմոնյանը:

Մեղադրողն իր հայտարարությամբ նաեւ հստակեցնում էր` նշանակելով դատահոգեբանական փորձաքննություն, նախաքննական մարմինը նպատակ է ունեցել հոգեբանական վերլուծության ենթարկելու միջոցով պարզել դեպքի վայրում հայտնաբերված երկտողը գրողի հոգեբանական առանձնահատկությունները, այն գրելու ընթացքում հեղինակի ունեցած հոգեվիճակը, փորձաքննությանը տրամադրված ձեռագրերի և պատկերների հոգեբանական վերլուծությամբ ճշտել դրանք կատարած անձանց՝ այս գործով մեղադրյալների հոգեբանական առանձնահատկությունները:

Haykaz_Barsegyani_dat_2

Նախաքննության մարմնին հետաքրքրել է նաեւ, թե ի՞նչ հոգեվիճակ են ապրել 2015թ. հունվարի լույս 29-ի գիշերը դեպքի վայրում՝ թիվ 408 սենյակում գտնվող և տեղում ականատես դարձած կուրսանտները: «Այս բոլոր հարցերի պատասխաններն առերևույթ կարելի է ստանալ բացառապես հոգեբանական ոլորտի համապատասխան գիտելիքների տիրապետող մասնագետների, մեր դեպքում՝ իրավասու փորձագետների կողմից դատահոգեբանական փորձաքննություն կատարելու արդյունքում»,- ասաց մեղադրողը:

Հաշվի առնելով դատահոգեբանական փորձաքննության միջոցով հարցերի պարզաբանումը ստանալու կապակցությամբ պաշտպանական կողմի առարկությունները, դատարանի նկատառումները, մեղադրողն ասաց, որ իր կարծիքով, իբրեւ կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու այլընտրանք, առավել նպատակահարմար կլինի ստեղծված հակասական իրավիճակում նույն հարցերի շուրջ նշանակել համալիր դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություն:

Գործով ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանն էլ միջնորդեց հաստատել դատահոգեբանական փորձաքննության եզրակացության՝ իբրեւ ապացույց օգտագործման անթույլատրելիությունը:

Դատարանը հետաձգել էր դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը, որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու մասին իր միջնորդության քննարկումը՝ մինչև էական հանգամանքների պարզումը: Փաստաբանն ասաց, որ միջնորդության քննարկումը հետաձգելը հիմնավորված չէ: Ըստ փաստաբանի, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը սահմանում է, որ վկայի կամ տուժողի՝ ունակ չլինելը ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները, կարող են հաստատվել միայն դատահոգեբուժական փորձագետի եզրակացությունը նախապես ստանալով և հետազոտելով: Մինչդեռ, ըստ փաստաբանի, դատահոգեբանական փորձաքննության եզրակացության մեջ փորձագետները նշել են, թե վախի զգացողությունը չէր կարող ազդել վկաների կողմից դեպքերը ճիշտ ընկալելու, վերարտադրելու և արժանահավատ ցուցմունք տալու վրա:

Դատավորը միջնորդությունը թողեց առանց քննության՝ հաշվի առնելով, որ պաշտպանը նույն միջնորդությունը դատավարության նույն փուլում նույն փաստարկներով ներկայացրել էր դատարան: Նա պաշտպանության կողմի կարծիքը գնահատեց որպես «անհամաձայնություն դատարանի որոշման հետ»:

Հաջորդ նիստը կկայանա հաջորդ հինգշաբթի`մայիսի 12-ին, 13.00-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031