Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ եւ ՀՀ խորհրդարանականները «սուր հարցեր» են քննարկել

Մայիս 09,2016 15:49 Share

Դեռ տարեսկզբին, երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել էր ԼՂՀ, պայմանավորվածություններ էին ձեռք բերվել, որպեսզի ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների տարբեր հանձնաժողովներն ավելի սերտ համագործակցեն, համատեղ տարբեր նիստեր գումարեն: Այդ պայմանավորվածության շրջանակներում, ԼՂՀ-ում տեղի է ունեցել ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովների համատեղ քննարկում:

«Շատ անկաշկանդ եւ բաց քննարկում էր, որտեղ ներկայացվեցին բոլոր մտավախություններն ու խնդիրները`հասկանալու եւ քննարկելու համար`ինչպե՞ս է հնարավոր համատեղել երկու հայկական պետությունների գործողություններն ու պայքարը`խորհրդարանական դիվանագիտության ոլորտում»,- Aravot.am-ի հետ զրույցում քննարկման մասին պատմեց ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Շատ է խոսվել պաշտպանական ոլորտի խնդիրներից, Արցախի եւ ՀՀ-ի պատգամավորները համատեղ այցեր են կատարել տարբեր շրջաններ: Թեւան Պողոսյանն, որը եղել է առաջնագծում, փաստում է, որ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամներն, իր պատգամավորության չորս տարիների ընթացքում քանիցս են եղել առաջնագծում, տեղում ծանոթացել խնդիրներին:

«Շատ կարեւոր էր նաեւ այս անգամվա այցելությունը, որպեսզի սեփական աչքերով տեսնել խնդիրները, հասկանալ`ինչպե՞ս դրանք պետք է բարձրացնել եւ քննարկել: Խոսել ենք առաջնագծում զինվորների, կամավորների, զորամասերում, բնակիչների հետ եւ այն ամեն տեղեկությունը, որը հավաքել ենք, անպայման կդառնան շատ խնդիրների նկատմամբ մոտեցումների վերանայման հիմք: Քայլ առ քայլ եւ հետեւողական կփորձենք առաջ տանել»,- ասաց մեր զրուցակիցը:

Հետաքրքրվեցինք եւ խնդրեցինք մի փոքր մանրամասնել`հատկապես ի՞նչ խնդիրներ կան, դրանց համար ի՞նչ լուծումներ են տեսնում: Թեւան Պողոսյանը ձեռնպահ մնաց դրանք բարձրաձայնել: Ասաց. «Մենք կարծես քայլ առ քայլ անցնում ենք նրան, որ բաց ու անկաշկանդ ոչ միայն դրականն ենք քննարկել, այլ նաեւ սուր հարցերը: Բայց այդ խնդիրների բաց կամ փակ լինելու հարցերում պետք է տարբերակենք`որո՞նք են, այսպես ասած, մեր տնային աշխատանքները, որոնք, կատարելուց հետո միջազգային ատյաններում պիտի ներկայացնենք: Ավելի ճիշտ կլինի այժմ հետեւողական լինենք այդ խնդիրների լուծմանը, քան թե ներքին հարցերը բարձրաձայնենք: Պատերազմը դեռ չի ավարտվել, մենք պատերազմի մեջ ենք գտնվում, պետք է ապրենք պատերազմական հոգեբանությամբ, իսկ պատերազմական իրավիճակն այլ կանոններ է ունենում»:

Հարցին`այն խնդիրներին, որոնք ի հայտ եկան ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, մեկ ամիս անց լուծումներ կա՞ն: «Չէի ցանկանա ասել ոչ այո, ոչ էլ`ոչ: Կան հարցեր, որոնց լուծումներն ինչ-որ չափով դրված են: Կան հարցեր, որոնք, ես համարում եմ, որ ինչ-որ չափով ուշացնում ենք: Եթե կան խնդիրներ, որոնք եթե գիտակցում ես, որ հասկացել ես, ապա շատ արագ դրանց լուծումներին պետք է անցնել: Հուսով եմ, որ ինչպես պայմանավորվել ենք`հետեւողական աշխատել, կպահենք»,- ասաց պատգամավորը:

Այսօր մայիսյան եռատոնի առիթով, այցելություն է եղել նաեւ եղբայրական գերեզմանոց, ծաղիկներ են դրվել Մեծ հայրենականում զոհվածների հիշատակի համար, փոքրիկ զինվորական շքերթ է եղել, այնուհետ ծաղիկներ են դրվել 1991-94 թվականներին արցախյան պատերազմում զոհվածների շիրիմներին, ապա հերոսական տանկի հուշարձանին եւ Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցում մասնակցել են պատարագի:

«Ապա ամենքն անցավ իր գործին, քանի որ իրավիճակն այնպիսին է, որ մեր բանակը շատ զգոն պետք է պաշտպանի սահմանները, պետական մարմինները պետք է կարողանան իրենց աշխատանքներն ուղղորդել անվտանգության խնդիրների պահպանմանը: Ուրախ եմ, որ մարդկանց աչքերում կրակ կար, բոլորն իրար շնորհավորում էին եւ սա, երեւի ամենակարեւոր դասն է`Արցախում որեւէ ընկճվածություն չկա: Հակառակը, հաղթանակի ոգին բարձր է: Շնորհավորում եմ Արցախի եռատոնը, Հայաստան`քո տոնը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031