Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկահայ երաժիշտը նաեւ հասարակական գործունեություն է սկսել

Մայիս 13,2016 16:00

Ամերիկաբնակ 30-ամյա դաշնակահար Կարեն Հակոբյանի՝ 17 տարեկանում բեմելը «Քարնեգի հոլլում» մամուլն իսկույն փաստեց՝ կանխորոշելով երաժշտին փայլուն ապագա: Եվ իսկապես դաշնակահարն արդեն 15 տարեկանում լուրջ հայտ էր ներկայացրել ամերիկյան դասական երաժշտության ասպարեզում՝ մասնակցելով մրցույթների, արժանանալով միայն առաջին մրցանակների:

Շուրջ 15 տարվա ընդմիջումից հետո, 2015թ. Կարեն Հակոբյանը ներկայացավ նաեւ հայաստանցի հանդիսատեսին, մեկնաբանելով Շոպենի առաջին դաշնամուրային կոնցերտը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) հետ: Նա արժանացավ մասնագետների եւ երաժշտասերների բարձր գնահատականին:

Վերջերս երաժիշտը Երեւանում ներկայացավ նաեւ որպես կոմպոզիտոր, ՀԱՖՆ-ի հետ հնչեցնելով իր Սիմֆոնիկ կոնցերտը՝ դաշնամուրի եւ նվագախմբի համար ու Վոկալիզը՝ ձայնի եւ նվագախմբի համար ստեղծագործությունները: «Առավոտի» հետ զրույցում արվեստագետը հավաստիացրեց, թե տարիների ընդմիջումից հետո, երբ այցելել էր Երեւան, այնպիսի լիցքեր էր ստացել, որ մտքում արդեն պտտվում էր Սիմֆոնիկ կոնցերտի ելեւէջները, ինչը ավարտին հասցրեց ԱՄՆ վերադառնալուն պես: Մեզ հետ զրույցում մասնագետներից շատերը նշեցին Վոկալիզի անչափ մեղեդային ուրվագիծը՝ մեցցո սոպրանո Նարինե Անանիկյանի մեկնաբանմամբ: Իսկ Սիմֆոնիկ կոնցերտի մասին էլ հայտնեցին, թե այդ ստեղծագործության մեջ գուցե հայկական լադերը թաքնված էին, սակայն ցայտուն էին դաշնակահար-հեղինակի եւ Էդուարդ Թոփչյանի մեկնաբանման ընթացքում:

Հետաքրքրությանը, թե հեղինակավոր նվագախմբերի եւ համերգասրահների ցանկալի հյուր մեր հայրենակիցը ինչու չբավարարվեց միայն դաշնակահարի գործունեությամբ՝ անցնելով նաեւ կոմպոզիտորական արվեստին, մեր զրուցակիցը հիշեց, որ դեռ 5 տարեկանից, երբ առաջին քայլերն էր անում կոմպոզիցիայում, իրեն ոգեւորել է Էդվարդ Միրզոյանը, հետագայում այդ արվեստում կատարելագործվել է իսկապես մեծանուն արվեստագետների ղեկավարությամբ: Հիշեց, որ 2015թ. Էդվարդ Միրզոյանի հիշատակի առիթով Նյու Յորքում իր հիմնած World Peace Simfonietta-ն առաջին անգամ հնչեցրեց անվանի կոմպոզիտորի Սիմֆոնիա լարային նվագախմբի եւ լիտավրների համար ստեղծագործությունը: Երաժշտի ձեւակերպմամբ՝ աշխարհը շատ լավ գիտի, որ ունենք անսահմանափակ թվով տաղանդներ եւ ինքն ուզում է 2018-20թթ. իրականացնել հայ երաժշտության փառատոն՝ մասնակից դարձնելով աշխարհի մեր երաժիշտներին:
Անդրադառնալով իր կոմպոզիտորական արվեստին, երաժիշտը հայտնեց, որ իր Երկրորդ սիմֆոնիան հնչել է 2001թ. Բեռլինում՝ Young Euro-Classic միջազգային փառատոնում, ընդ որում՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, 2014-ին էլ Նյու Յորքում թողարկվել է սեփական ստեղծագործություններն ընդգրկող CD:

«Սեփական» նվագախմբի գործունեության առիթով էլ նշեց, որ համաշխարհային գլուխգործոցների շարքում մշտապես ներկայացնում է նաեւ հայ կոմպոզիտորական դպրոցի մեծանուն ներկայացուցիչների գործերը:

Մեր զրուցակցին հայտնեցինք մեզ հասած այն խոսակցությունը, թե իբր Ճապոնիայում Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների նոտաների վրա «հանդգնել» է «դրոշմել» իր ստորագրությունը: «2015թ. Տոկիոյում ճապոնացի դիրիժոր Հիսայոշի Ինոյեի ղեկավարությամբ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտի կատարումից հետո ունկնդիրը ինձ շնորհավորում էր, խնդրելով ինքնագիր թողնել խաչատրյանական նոտաների վրա: Այդժամ ես հասկացա, թե ինչպես է գնահատում օտար ունկնդիրը մեր լեգենդին: Եվ հենց այդտեղ որոշեցի դիրիժոր Ինոյեի հետ համերգ ունենալ նաեւ Երեւանում, որը կայացավ վերջերս: Այդ նախագծին աջակցեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը»,- տեղեկացրեց արվեստագետը: Ի դեպ, ճապոնական Altus ֆիրման այս տարի թողարկելու է CD՝ Խաչատրյանի կոնցերտի հակոբյանական մեկնաբանությամբ:

Արվեստագետին հայտնեցինք, թե երեւանյան այս համերգից հետո խոսակցություններ են պտտվում, որ ինքն արդեն ստանձնել է նաեւ հասարակական գործչի դեր, անձամբ բանակցություններ է վարում ոչ միայն տարբեր կազմակերպությունների, այլեւ բարեգործների հետ, օրինակ՝ DHAP հիմնադրամի (տնօրեն՝ դոկտոր Սվետլանա Ամիրխանյան), հայտնի բարերարներ տեր եւ տիկին Գյուլբենկյանների եւ այլոց: «Նման բան, իհարկե՝ կա: Մայիսի 6-ին «Արամ Խաչատրան» համերգասրահում կայացած համերգը նաեւ ԱՄՆ-ի հայաստանյան հիմնադրամի արեւելյան մասնաճյուղի (տնօրեն՝ Լիսա Ստեփանյան) համագործակցության արդյունք է, ինքս էլ այժմ հանդիսանում եմ այդ մասնաճյուղի երաժշտական խորհրդատուն: Կան արդեն ծրագրված նախագծեր, այդ թվում՝ ելույթներ Արցախում, Հայաստանի մարզերում: Քանի որ դրանք դեռեւս «սաղմնային» փուլում են, հիմա չեմ ուզում բարձրաձայնել: Ցանկություն ունեմ ավելի ամուր մշակութային կապեր ստեղծել Հայաստանի եւ ԱՄՆ-ի երաժիշտների ու կոլեկտիվների միջեւ»,- հավաստիացրեց Կարեն Հակոբյանը:

«Նարեկացի» արվեստի միությունում մայիսի 17-ին մեր համերկրացին հանդես կգա վարպետության դասերով, իսկ 24-ին Ազգային պատկերասրահի Որմնանկարների դահլիճում Հայաստանի ազգային նվագախմբի հետ կհնչեցնի Բախի Ռե մինոր կոնցերտը: Համերգը կրում է «Երաժշտություն հանուն առողջության» խորագիրը:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031