Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանի համեմատությունն՝ իր, Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք պետգույքի մասնավորեցման վերաբերյալ

Հունիս 06,2016 13:49

ԱԺ-ում քննարկվում է «Պետգույքի մասնավորեցման 2006-2007-ի ծրագրերի կատարման 2014-ի տարեկան հաշվետվությունը» հաստատելու մասին հարցը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դժգոհեց, որ մեղադրանքներ են իրենց հասցեին հնչում՝ 90-ականների մասնավորեցման գործընթացի առնչությամբ: Նրա դիտարկմամբ՝ «Որպես այդ տարիների կոալիցիոն գործընկեր՝ դուք՝  ՀՀԿ-ն, պատասխանատվություն է կրել այդ գործընթացի իրականացման համար, բայց 1999-ից ի վեր ՀՀ-ում բոլոր վարչապետները եղել է ՀՀԿ-ական, իսկ մենք եղել ենք այլեւս միայն ընդդիմություն: Որեւէ դժվարություն չկա մասնավրեցման գործընթացները այդ ժամանակաշրջաններում համեմատելու համար»:

Նա մեջբերեց առաջին նախագահ  Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 2007-ի դեկտեմբերի 8-ի հանրահավաքի ելույթից, որտեղ նա արել է մանրամասն համեմատություն:

«Արդ, ի՞նչ է սեփականաշնորհվել նախկին իշխանությունների օրոք. Գյուղատնտեսական նշանակության ողջ հողատարածքը, անասնագլխաքանակը եւ գյուղտեխնիկան, բացի հողի 20%-ը կազմող պետական պահուստից, որը նախա­տես­ված էր աճող եւ նոր ձեւավորվող ընտանիքների համար։ Ողջ պետական բնակարանային ֆոնդը, որը անվճար տրամադրվեց քաղաքնե­րում եւ ավաններում գրանցված բոլոր ընտանիքներին։ Հանրապետության բոլոր ոչ ստրատեգիական ձեռնարկությունների սեփակա­նու­թյան 20 տոկոսը, որը անհատույց շնորհվեց այդ ձեռնարկությունների կոլեկտիվներին։ Սեփականաշնորհման 1994-1995 թթ. առաջին ծրագրում ընդգրկված ձեռնարկու­թյուն­ների 60 միլիարդ դրամի ընդհանուր արժողությամբ գույքը, որը 20-հազարական դրամի վաուչերներով հավասարաչափ բաշխվեց ողջ բնակչությանը։ Շուրջ 5000 փոքր ձեռնարկություններ՝ կրպակներ, խանութներ, վարսավիրա­նոց­ներ, արհեստանոցներ եւ այլն, որոնք վաճառվեցին քաղաքացիներին՝ կոլեկտիվների հա­մար վերապահված գնման առաջնահերթության իրավունքով։ Սննդի ու թեթեւ արդյունաբերության մոտ 1250 միջին եւ խոշոր ձեռնարկու­թյուն­ներ (առ 1.01.1998), որոնք թեեւ թվով կազմում էին Հայաստանի այդ մասշտաբի ձեռնար­կու­թյունների 60 տոկոսը, բայց արտադրական ծավալով՝ միայն շուրջ 40 տոկոսը, այն էլ՝ չընդգրկելով ստրատեգիական նշանակության ոչ մի ձեռնարկություն, բացառությամբ Հայ­ռուսգազարդի գործարքի, որի մասին կխոսվի ստորեւ»:

Առաջին նախագահն այդ ժամանակ խոսել է իրենց իրա­կանացրած հողի սեփականաշնորհման կամ ագրարային ռեֆորմից՝ ասելով, որ  Հայաստանը իրականում ցրտից ու մթից բացի անխուսափելիորեն կմատնվեր նաեւ սովի, եթե դա չարվեր. «Իսկ թե ի՞նչ է սեփականաշնորհվել ներկա իշխանությունների օրոք. Ծանր արդյունաբերության շուրջ 750 միջին եւ խոշոր ձեռնարկություններ, ստրատեգիական նշանակության համարյա բո­լոր ձեռնարկությունները, ինչպես, օրինակ, հիդրոէլեկտրակայանները, էներգետիկ ցան­ցը, Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, քաղաքացիական ավիացիան, ԱրմենՏելը, Կոնյակի գործարանը եւ այլն։  Հայաստանի համարյա բոլոր շահագործվող եւ նույնիսկ միայն հետազոտված հան­քերը, որոնք չնչին գներով վաճառվել են հիմնականում երկրի բարձրաստիճան պաշ­տոնյաներին, իսկ մասամբ օտարերկրյա սեփականատերերի։  Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատարածքի 20 տոկո­սը կազմող պետական պահուստը, որը նույնպես սիմվոլիկ գնով բաշխվել է պետական պաշտոնյաների միջեւ։ Հանրապետության հանգստի գոտիների, մասնավորապես, Ծաղկաձորի, Սեւանի ավազանի, Դիլիջանի, Հանքավանի, Աղվերանի անտառներն ու անտառտնտեսությանը պատկանող գույքն ու շինությունները եւ այլն։ Այս ամենին պետք է գումարել նաեւ «Գույք պարտքի դիմաց» հայտնի գործարքը, որով Հայաստանը Ռուսաստանին հանձնեց «Մարս» արտադրական միավորումը, «Մեր­գելյան» ինստիտուտն ու գործարանը, Հրազդանի ՋԷԿ-ի անավարտ բլոկը եւ Նյու­թա­բանության գիտաարտադրական ձեռնարկությունը՝ հետագայում, այլ դրդապատ­ճառ­ներով դրանց թվում ընդգրկելով նաեւ Սեւան-Հրազդան կասկադը եւ Արմավիրի ատո­մա­կայանի ֆինանսական կառավարման իրավունքը։ 100 միլիոն դոլարի պարտքը այն գումարը չէր, որի վճարման հարցը հնարավոր չլիներ լուծել Ռուսաստանի հետ։ Տվյալ գործարքում Ռուսաստանը որեւէ մեղք չունի, եւ միանգամայն անտեղի են նրա հասցեին հնչող տարբեր տիպի դժգոհությունները»:

Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ այս համեմատությունը լավագույն պատասխանն է ձեր մեղադրանքներին:

Պատմական փաստերի մասին, երբ որ խոսք գնաց՝ հատկապես 100 մլն դոլարի հետ կապված, Հրանտ Բագրատյանը տեղից արձագանքեց՝ որոշ մանրամասներ ներկայացնելով, թե ինչ է արել Ռոբերտ Քոչարյանը: Շարմազանովը հորդորեց երկրորդ նախագահի մասին չխոսել՝ «Ստեղ չի, իր մասին մի խոսեք, ո՞ւր կանչեմ, պատգամավոր չի»:

Միքայել Մելքումյանն էլ փակեց վեճը՝ ասելով, որ այսօր ոչ ոք ռեւիզիայի չի ենթարկում մասնավորեցումը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930