Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Երբ Նազարբաեւը Ալիեւի, Էրդողանի ձեռքն է սեղմում, դա չի նշանակում, որ կա սեր

Հունիս 24,2016 16:00

 Ղազախստանի դեսպանը բացատրություններ է տալիս  Նազարբաեւի հակահայկական դիրքորոշման մասին

ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը օրերս հրավիրած ասուլիսում պատմում էր Ղազախստանի ու Նազարբաեւի՝ տեռորիզմի դեմ պայքարի, հանդուրժողականության, բարոյականության, արդարամտության եւ նման վեհ գաղափարների մասին:

«Առավոտի» հետ զրույցում մեր դիտարկմանը՝ կարծում ենք, որ Նազարբաեւն ավելի շատ ադրբեջանական նավթն է սիրում, քան այդ ամենը, եւ ունի հստակ հակահայկական քաղաքականություն, որն ակնհայտորեն ի ցույց դրեց Ղարաբաղում ապրիլյան դեպքերից հետո, դեսպանն արձագանքեց. «Բացարձակ համամիտ չեմ ձեզ հետ: Առաջին հերթին՝ մեր ինչի՞ն է պետք ադրբեջանական նավթը, մենք ունենք մեր նավթը: Դրա համար ասել, որ ավելի շատ ենք սիրում Ադրբեջանին այդ պատճառով՝ հիմնավոր չէ: Դուք խոսում եք հակահայկական քաղաքականության մասին, բայց այդպիսի բան չկա: Դուք եղե՞լ եք Ղազախստանում, ձեզ խորհուրդ կտամ գնալ Ղազախստան եւ ապրել, շփվել բնակիչների հետ, կհամոզվեք, որ ոչ մեր նախագահի, ոչ էլ մեր հասարակության մոտ բացարձակապես չկա ոչ հակահայկական, ոչ ադրբեջանամետ դիրքորոշում: Որովհետեւ Ղազախստանում հավասար մակարդակի վրա են եւ հայերը, եւ ադրբեջանցիները, եւ ղազախները: Մեզ մոտ նման տրամադրություններ ընդհանրապես չկան»:

Դեսպանը վստահեցրեց, որ Ադրբեջանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի հետ ընկերական հարաբերություններ ունեն՝ միայն իրենց մշակութային նկատառումներից ելնելով, իսկ ինչ վերաբերում է քաղաքական նախապատվություններին՝ «մենք միշտ հստակ ու բաց ասում ենք՝ մենք կառուցողական ենք մոտենում ու որոշակի հեռավորությունից ենք հետեւում այն ամենին, ինչ կապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ»:
Թիմուր Ուրազաեւը, երբ լրագրողները հարց ուղղեցին Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին, ասաց, որ «երբ այդ հարցով զբաղվում է Մինսկի խումբը, մենք չունենք իրավական տեսանկյունից իրավունք՝ խառնվելու եւ գնահատականներ տալու»:

Հիշեցնենք, որ Ղարաբաղում քառօրյա պատերազմում կատարվածից հետո Ղազախստանի նախագահը, լինելով ԵՏՄ անդամ, ՀԱՊԿ անդամ պետություն, գրկախառնվում էր Էրդողանի հետ: Ուստի մեր դիտարկմանը, որ դուք կատարվածից հետո ջերմորեն սեղմում եք Ալիեւի, Էրդողանի ձեռքը, եւ դա ձեր գնահատականն է, ասում եք՝ գնահատական տալ իրավունք չունենք, դեսպանը պատասխանեց, որ Էրդողանն ու Ալիեւը նախագահներ են՝ իրենց ժողովրդի կողմից ընտրված. «Երբ մեր նախագահը հանդիպումներ է ունենում Ադրբեջանի, Թուրքիայի, ՀՀ նախագահների հետ, բոլորի հետ ձեռք է սեղմում, եւ դա բացարձակապես չի նշանակում, որ կա սեր կամ որեւէ նախապատվություն, մենք ուղղակի նորմալ փոխհարաբերությունների մեջ ենք բոլոր երկրների հետ: Ցանկացած նախագահ նախեւառաջ իր քայլերը պայմանավորում է նրանով, թե իր ժողովրդի շահերն ինչ են թելադրում: Դրա համար մենք հավասար հարաբերություններ ենք պահում երկրների հետ»:

Ապրիլյան պատերազմից հետո Նազարբաեւի վերաբերմունքը տեսնելով՝ Շիրակի մարզի Հառիճ գյուղի բնակիչները սկսեցին մեկ առ մեկ պոկել Նազարբաեւի անվան փողոցի ցուցանակները՝ այդպես արտահայտելով իրենց վրդովմունքը:
Lragir.am-ի հետ զրույցում Հառիճի գյուղապետն ասել էր, որ Նազարբաեւի այն խոսքերից հետո, թե հայերը սպանում են մեր եղբայրներին, ադրբեջանցիները մեր եղբայրներն են, գյուղի գրադարանում ղազախական անկյունից հանել են Նազարբաեւի բոլոր նկարներն ու նետել ուղիղ աղբամանը:

Դեսպանն այս առնչությամբ մեր հարցին՝ գիտե՞ք, որ Հառիճ գյուղում Նազարբաեւի նկարները շպրտել էին, պատասխանեց. «Շպրտել ասածը մի քիչ սուր է: Մենք ենթադրում ենք, որ այդ գործողությունները՝ փողոցի ցուցանակները հեռացնելու եւ այլն, դա սուվերեն իրավունքն է ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ իշխանական որոշ մարմինների: Դա իրենց իրավունքն է, մենք որեւէ կերպ դրան չենք արձագանքում: Եթե համեմատենք, Ղազախստանում երբեք որեւէ փողոց չեն վերանվանել այդպես աղմուկով, այսպես նվաստացուցիչ կերպով: Փողոցների սովետական անունները մեզ մոտ էլ են փոխվել, բայց դրանք արվել են բացառապես օրենքի հիման վրա ու շատ հանգիստ, դանդաղ գործընթացով: Մենք դա երբեք ցուցադրաբար չենք արել: Եվ հետո, ես կարծում եմ՝ այն, ինչ արվեց այստեղ, այնքան էլ իմաստուն որոշում չէր, որովհետեւ մենք երբեք չենք միջնորդել այդ փողոցը Նազարբաեւի անունով կոչելու համար եւ չենք էլ միջնորդի հակառակ որոշման համար: Մենք որեւէ կերպ չենք արձագանքել ու չենք էլ պատրաստվում արձագանքել: Դա ավելի շատ այն մարդկանց խղճի վրա կմնա, որոնք նման որոշում կայացրեցին»:

 
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

23.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930