Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւը պահանջում է, Փաշինյանը մտածում է, թե ինչպե՞ս արդարացնի այդ պահանջների առաջ ընկրկելը». Արթուր Խաչատրյան

Ապրիլ 01,2024 20:22

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը կասկածում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կա սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց. այս մասին նա ասաց խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում:

«Ալիեւը պահանջում է, Փաշինյանը մտածում է, թե ինչպե՞ս արդարացնի այդ պահանջների առաջ ընկրկելը: Նրանք ասում են՝ պետք է տաս, սա էլ գլխիկոր ասում է՝ կտամ ու հիմա փորձում է  երկրի ներսում համոզել, որ ադրբեջանցիները ճիշտ են, ուզում է համոզի, որ այդ գյուղերը Ադրբեջանին են պատկանում: Ինչի՞ հիման վրա ես նման պնդում անում, ո՞ր քարտեզով է առաջնորդվում, որ ասում է՝ էս գյուղն Ադրբեջանինն է: Մի ժամանակ մուրճով սպառնում էր ընդդիմությանը, հիմա էլ այդ քարտեզով սպառնում է ամբողջ ժողովրդին»,-ասաց նա:

Պատերազմի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն էլ, ընդդիմադիր պատգամավորը համարում է շանտաժ. «Շանտաժի է ենթարկում ժողովրդին, որպեսզի կարողանա արդարացնել իր զիջողական քաղաքականությունը: Ասում է՝ չորս հոգու սպանեցին, եթե պատասխան տայինք, կլինի պատերազմ, եթե մենք ճանապարհը չտայինք, կլինի պատերազմ, Տավուշի գյուղերը չտանք, կլինի պատերազմ: Ինչքա՞ն կարելի է: Իհարկե, վտանգը կա, որովհետեւ քանի դեռ դու թույլ ես, քանի դեռ պատրաստ ես զիջել, թշնամին միշտ էլ քեզ կսպառնա պատերազմով: Եթե դու ասում ես՝ գյուղերն ադրբեջանական են, Ադրբեջանն էլ կառիթավորվի, կասի՝ տուր, թե չէ պատերազմ կսկսենք: Որպեսզի Ադրբեջանը պատրվակներ չգտնի, դու պետք է ունենաս ուժեղ բանակ, իսկ մենք տեսնո՞ւմ ենք բանակի հզորացման քայլեր, որեւէ բան չենք տեսնում: Տեսեք, թե Հայաստանը վերջին տարիներին քանի՞ զորավարժություն է արել, եւ Ադրբեջանի քանի զորավարժություն է արել: Ի՞նչ է անում իշխանությունը բանակը հզորացնելու համար, ատեստավորո՞ւմ, ելա՞կ, համազգե՞ստ»:

Նա նկատեց, որ ՀՀ իշխանությունները ձախողել են արտաքին քաղաքականությունը. «Հայաստանը չունի բարեկամ պետություն: Բարեկամների հետ ինքը հարաբերությունները վատթարացրել է, նոր բարեկամներ ձեռք չի բերել»:

Ընդդիմադիր պատգամավորի համար հասկանալի չէ նաեւ ԵՄ գործադիր մարմնի քաղաքականությունը. «Եվրախորհրդարանի բանաձեւը մենք ողջունում ենք: Մեզ համար հասկանալի չէ Տոյվո Կլաարի հայտարարությունը, Շառլ Միշելի շնորհավորանքը: Ես շատ կցանկանայի, որ բացի հայտարարություններից՝ տեսնեինք գործողություններ, քանի որ միայն հայտարարություններով Ադրբեջանին սանձել հնարավոր չէ»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930