Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պուտինի խորհրդավոր լռությունն ու Ալիեւի շատախոսությունը

Հուլիս 02,2016 12:00

Մոսկվայի պահանջած լռությունը Ղարաբաղի հարցում խախտված է

Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս ճեպազրույցում պատասխանելով ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ հարցին՝ ուշագրավ հայտարարություն է արել՝ նշելով, թե ԼՂ հակամարտության կարգավորման թեման լռություն է պահանջում, դրա վրա պետք է աշխատեն դիվանագետներն ու փորձագետները: «Կարեւոր է ձեռք բերված դրականը չփոշիացնել հանրային հռետորաբանության մեջ, այն պետք է պահպանել կոնկրետ քայլերի ընթացքում իրագործելու համար»,- նշել է նա` հավելելով. «Կարեւոր է այնպես անել, որ ԼՂ խնդրի լուծումը փոխադրվի որոշակի իրական հարթություն»:

Մեկ այլ ռուս պաշտոնյա` ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչն էլ ընդգծել է Ռուսաստանի դերակատարումը ԼՂ կարգավորման գործընթացում` ԵԱՀԿ գործող նախագահի տարածաշրջանային այցի ֆոնին, երբ վերջինս Երեւանում էր: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ պայմանավորվելու փորձերը Վիեննայում որոշակի ազդակ հաղորդեցին, բայց ամենամեծ հնարավորությունն ունի Ռուսաստանը»։ Լուկաշեւիչը նաեւ անդրադարձել է Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի այցին՝ նշելով, որ առանձնապես սպասելիքներ չունի այդ այցից. «Գործող նախագահը, իհարկե, մեծ դերակատարություն ունի, բայց դա շարժիչ ուժ չէ։ Շարժիչ ուժը Մինսկի խումբն է՝ երեք համանախագահներով»։

Առհասարակ, սկսում է ավելի ու ավելի հստակ նշմարվել ռուսական խաղը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Վիեննայում կայացած հանդիպումից հետո Մոսկվան հունիսի 20-ին կազմակերպեց եռակողմ հանդիպում` Պուտինի հովանու ներքո: Այդ հանդիպումը կարելի էր ընդամենը Մոսկվայի հերթական քայլը համարել` ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուսական դերակատարությունը շեշտելու առումով, եթե դրան չհետեւեին կարեւորագույն «մեսիջներ» Բաքվից:

Մինչ Մոսկվան Զախարովայի շուրթերով հորդորում էր լռել, առանձնապես չտարածվել սանկտպետերբուրգյան բանակցությունների թեմայով, պաշտոնական Բաքուն, կարծես, չհամբերեց: Ալիեւը «գաղտնազերծել» է պետերբուրգյան հանդիպման մանրամասները՝ գերադասելով կարեւորել հենց այս հանդիպումը, ոչ թե Վիեննայինը, որտեղ, վստահաբար, նրա առաջ կոնկրետ պահանջներ էին դրվել:

Ահա Ալիեւը` հիացած Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների հանդիպման արդյունքներից, անմիջապես անդրադառնում է մի թեմայի, որի վերաբերյալ խուսափողական կեցվածք էր դրսեւորել ամիսներ շարունակ՝ ըստ էության, հնչեցնելով կոնկրետ մերժողական պատասխան: Խոսքը վերաբերում է սահմանային միջադեպերի հետաքննության առաջարկներին, որը համարվում է ամերիկյան առաջարկ: «Ինչ վերաբերում է հայերի կողմից որպես նախապայման առաջ քաշված հրադադարի խախտման դեպքերը հետաքննող մեխանիզմների ներդրմանը, կարծում եմ, որ այս փուլում նման անհրաժեշտություն չկա։ Առաջինը՝ այդպիսի մեխանիզմներ գոյություն չունեն։ Մեզ ոչ մեկը չի ասում, թե ինչ են իրենցից ենթադրելու այդ մեխանիզմները, երկրորդը՝ ո՞րն է դրա իմաստը։ Եթե դրա տակ հասկացվում է հակամարտության սառեցում եւ շփման գծում ինչ-որ լրացուցիչ գործողությունների նախաձեռնում, Ադրբեջանը, իհարկե, չի գնա դրան»,- ասում է Ալիեւը։

Ընդ որում, Ալիեւը խորամանկելով՝ Բաքվի մերժումն արդարացնում է նրանով, թե շփման գծում իրավիճակը հանդարտվել է, եւ դա, ըստ նրա` «ապացույց է, որ կարիք չկա հրադադարի խախտման դեպքերը հետաքննող մեխանիզմների ներդրման համար»։

Սանկտ Պետերբուրգի եռակողմ բանակցություններից հետո, այսպիսով, Ալիեւը` Պուտինի հովանավորությունը ստացած, կարծես բացահայտում է Բաքվի ակնկալիքները: Պաշտոնական Բաքուն կրկին շեշտում է, որ ԼՂ հարցը պետք է լուծվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», «Ադրբեջանի պատմական հողերի վրա Լեռնային Ղարաբաղը երբեք ձեռք չի բերի անկախություն, երբեք չի ստեղծվի հայկական երկրորդ պետականություն», ապա խոսում է ԼՂ կարգավիճակի մասին, նկատելով` դա ապագայի հարց է. «Իհարկե, որոշակի կարգավիճակ կարող է տրվել։ Ադրբեջանի կազմում կա Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը»։

Ալիեւի հայտարարություններին ի պատասխան՝ պաշտոնական Երեւանն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մակարդակով արձանագրեց, որ Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավարության հարցը երբեք չի դրվել ու չի դրվի քննարկման: Սրան էլ հետեւեց պաշտոնական Բաքվի պատասխանը: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւն էլ հակադարձեց. «Ադրբեջանի կազմից դուրս ԼՂ կարգավիճակի որեւէ տարբերակ չի հանդիսանում բանակցությունների քննարկման առարկա, թեեւ այդ փաստն անուղղակիորեն ընդունում է նաեւ ՀՀ ԱԳ նախարարը»։

Մոսկվայի պահանջած լռությունն, այսպիսով, խախտված է: Ալիեւը Պուտինի օգնությամբ գտավ տարբերակ` մերժելու սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման չափազանց կարեւոր առաջարկը: Ավելին, պարզվում է՝ երբ Պուտինին ու Ալիեւին հարկավոր է, նրանք կարողանում են շփման գծում հրադադար պահպանել, որպեսզի մերժեն Արեւմուտքի առաջ քաշած որեւէ` Բաքվին անհարմար առաջարկ:

Մնում է սպասել, թե երբ եւ ինչ պայմաններում է Մոսկվան հրադադարը խախտելու, շփման գիծը թեժացնելու «դաբրոն» հաջորդ անգամ տալու Ալիեւին:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 01.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031