Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոսկվայից միայն մի հատ տիկնիկ էր բերել. հետո իմացանք, որ գնացել էր զենք բերելու»

Օգոստոս 05,2016 15:30

90-ական թվականներին՝ հանուն հայրենիքի փրկության, շատերը անտեսելով իրենց կյանքը՝ մեկնեցին Արցախ: Զինվորագրվում էին նաեւ նրանք, որոնք նոր էին ընտանիք կազմել, հասցրել էին մի քանի երեխաներ ունենալ: Մարտի ժամանակ շատերը զոհվեցին, եւ նրանց արյան գնով մի մասը վերադարձավ հաղթանակով, բայց եղան եւ հերոսներ, որ անհայտ կորան մարտի դաշտից, եւ թեպետ այդ օրերից անցել է 25 տարի՝ նրանց հարազատները սրտի թրթիռով դեռ սպասում են նրանց -վերադարձին:

«Այդպես էլ մինչեւ հիմա հորս հիշում եմ ջահել, սիրուն, ու գիտեմ, որ մի օր գալու է, չգիտեմ՝ այդ օրը կգա, թե չէ, բայց այդ հույսը միշտ ունեմ: 22 տարի անցել է, բայց բոլորի աչքերը սպասումով են լցված, եւ ինչքան էլ մխիթարվեն իրենց երեխաներով, թոռներով` այդ սպասումի հույսը չի մարել ոչ մեկի մոտ: Ես ամուսնացած եմ, երեք երեխա էլ ես ունեմ, բայց անընդհատ մի այնպիսի սպասում կա, երբ առիթների ժամանակ գնում եմ մամայենց տուն` պապայի ծննդյան օրը կամ իրենց այդ դեպքի օրը՝ անընդհատ թվում է, որ դուռը բացվելու է հիմա, եւ հայրս ներս է մտնելու»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Արցախյան հերոսամարտի ժամանակ անհետ կորած Գուրգեն Չիլինգարյանի դուստրը` Արմինե Չիլինգարյանը: Նրա խոսքով` չնայած մեր մամաները ոչ մի պակաս տեղ չեն թողել, որ ունենանք անհոգ մանկություն, բայց հայրերի ներկայությանը դեռ սպասում ենք: Արմինեն Չիլինգարյանների միջնեկ զավակն է, երկու եղբայր էլ ունի, բայց նա ավելի լավ է հիշում իր հերոս հայրիկին, նույնիսկ այն օրը, երբ հայրը մեկնեց անվերադարձ: «5-րդ դասարանի աշակերտ էի, որ հայրս գնաց, հիշում եմ՝ երբ կանչեցին, ասեցին՝ «տրիվոգ ա», ու պապան գնաց զենք ստացավ, հետ եկավ ու բոլորիս համբուրեց. եղբայրս այդ ժամանակ 2,5 տարեկան էր: Հաջող անելուց երբ հերթը հասավ մամային` ասաց. «Սեդա, արի քեզ գյուլլեմ, որովհետեւ ես էլ հետ չեմ գալու»: Շատ էր եղել, որ գնացել էր մարտի դաշտ, բայց նման բան չէր ասել: Մենք երեխա էինք ու բան չհասկացանք, բայց երբ տարիներ անց վերլուծում եմ, հասկանում եմ, թե ինչ կար ասված այդ խոսքերի տակ»,- պատմում էր Արմինե Չիլինգարյանը` հիշելով նաեւ այն օրը, երբ դպրոցից եկավ տուն եւ բակում շատ մարդ տեսավ. «Մի տեսակ վատ կանխազգացում ունեցա. մեր հարեւան Ռուզան տոտան, որ իմ մեջ տպավորվել է շատ ջղայն տոտա, ասաց` «Հենց հիմա բարձրացի մեր տուն», ես վախեցած բարձրացա իրենց տուն, եւ մի ամիս նա ինձ պահեց, որ այդ ամենը չտեսնեմ ու մասնակից չլինեմ: Իր աղջկա հետ նույն տարիքի էինք, իրա շորերից ինձ էլ էր հագցնում եւ ուղարկում դպրոց, բայց ամեն անգամ դպրոցից տուն գալուց, երբ պետք ա գնայի մեր տուն, հայտնվում էր տիկին Ռուզանը եւ չէր թողնում մեր տուն գնամ: Մի ամիս հետո, երբ մամայիս տեսա, չճանաչեցի` մազերը լրիվ սպիտակած, ատամները թափած, նիհարած ու նաեւ` լրիվ վերացած էր»:

Արմինեն նշեց, թե ինչպես անհետ կորածներից միայն իր հոր հաշվառված զենքն ու դանակն են հետ եկել, որը այդպես էլ մնացել է առեղծված այդ ընտանիքի համար: Արմինեն իր հոր եւ նրա զինակից տղաների մասին այսպես էր արտահայտվում. «Բոլորն էլ գիտակցելով են գնացել այդ քայլին, որ եւս մեկ անգամ ապացուցեն, որ մենք ուժեղ ազգ ենք: Ապրիլի դեպքերի ժամանակ էլ ավելի շատ մտածում էի` անհետ կորած չունենանք»:

Հետ չվերադարձած մարտիկների կանայք եւ երեխաները դեռեւս 90-ական թվականներից բարեկամներ են դարձել, հաճախ հանդիպում են, միասին տարբեր միջոցառումների մասնակցում:

Արմինե Չիլինգարյանը պատմում էր, որ մինչեւ հիմա էլ անհետ կորածի երեխաներով շատ կապված են միմյանց հետ: «Երբ փոքր էինք ու չէինք գիտակցում, թե ինչ է կատարվում` ուրախանում էինք, որ հանկարծ երեխաներով տեղ պետք է գնայինք: Ամառային ճամբար էինք միասին գնում, ամեն միջոցառման մեզ հրավիրում էին ու, չգիտես ինչու, ուրախանում էինք, որ բոլորս իրար տեսնելու ենք: Ճիշտ է, մեզ բոլորիս միավորել էր նույն ցավը, բայց այն ժամանակ դրա մասին չէինք մտածում, հիմա է, որ գիտակից տարիքում հասկանում ենք` այդ ցավի միջով անցնելով, այդ ամենը զգալով»:

Արարատի մարզի Ավշար գյուղից անհետ կորած Արթուր Գալոյանի կին Գայանե Գալոյանը հիմա արդեն 47 տարեկան է, թոռնիկներ ունի. «Այն ժամանակ նոր էր լրացել 23 տարեկանս, ամուսինս 25 տարեկան էր, երեխաները 4.5 եւ 3 տարեկան էին, բայց մեկ-մեկ այնպիսի բաներ են հիշում, որ եթե ես տեսած կամ լսած չլինեի` կմտածեի իրենց երեւակայության արդյունքն ա: Մի քանի օր առաջ թոռնիկիս էինք լողացնում, մեկ էլ աղջիկս ասաց` «Մամ, հիշո՞ւմ ես, որ պապան մեզ իր հետ մտցնում էր «վաննայի» մեջ` լողացնում: Աղջիկս հիշում է նաեւ, որ հայրը սիրում էր երկար մազեր, եւ նա դրա համար էլ մազերը աշխատում էր երկար պահել»:

Տիկին Գայանեն հիշում էր, թե ինչպես է սկեսրայրը զայրացել ամուսնու՝ Մոսկվայից դատարկ գալու համար. «Շատ լավ հիշում եմ. սկեսրայրս ցուցակ էր կազմել, թե ինչ պետք ա Արթուրը Մոսկվայից բերեր, բայց գալուց ամուսինս եկավ մի մետրանոց տուփ ձեռքին` մեջը փուչիկներ, մի քանի մանկական ռետուզ եւ մի տիկնիկ: Մարտի դաշտ գնալուց առաջ էդ տիկնիկը տվեց Չինարին, մեր աղջիկն է, ու ասաց` «բալես, էս պահի, կմեծանաս՝ կհիշես, որ պապա ես ունեցել ու քեզ համար մի հատ տիկնիկ ա բերել: Հետո ենք իմացել, որ գնացել էր զենք բերելու. զենքի հետ էլ տիկնիկ էր բերել»:

Գայանեն կարոտով է հիշում ամուսնուն, ասում է, որ շատ կատակասեր, հոգատար հայր է եղել: Արթուր Գալոյանի կինը նաեւ հիշում էր, թե ինչպես են իր երեխաները ամեն անգամ վատ զգացել, լացել, երբ ծանոթները փողոցում հարցրել են` «բա ի՞նչ եղավ, բա դիակը չբերեցի՞ն», նրանք դեռ սպասում են:

Անհետ կորած Ավետիք Թովմասյանի 5-րդ զավակ Սարգիս Թովմասյանը մեզ հետ զրույցում շատ չխոսեց` միայն ասաց. «Աշխատում եմ իմ ընտանիքի անունը միշտ բարձր պահել հորս պես»:

4-verev.1

Ավետիք Թովմասյանը եղել է ջոկի հրամանատարը, որը եւ պատճառ է եղել, որ իր մասին, ըստ նրա որդու, շատ սուտ լուրեր պտտվեն, թե իբր նրան` որպես հրամանատար, պահում են Բաքվի բանտերից մեկում, ինչը հետո հերքվել է:

Նշենք, որ անհետ կորածների հարազատների հետ զրուցել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Տաթեւի վանական համալիրում անհետ կորածի հիշատակի օրվա կապակցությամբ կազմակերպված գոբելենի ցուցադրության ժամանակ, որին մասնակցում էր նաեւ Սարգիս Թովմասյանի մայրը` Կարինե Թովմասյանը. «Հայաստանում չէի, երբ իմացա մայրս գնում է գոբելենի դասերի, ասացի` հա, գնա՝ մտածելով որ կզբաղվի իր համար: Երբ եկա ու գործերը բերեց, նայեցի, անկեղծ ասած՝ չէի հավատում, որ նրա աշխատանքներն են: Մտածում էի, որ սիրողական դասեր են ու սիրողական գործեր, բայց պարզվեց, որ լավ էլ պրոֆեսիոնալ է դարձել»,- մեղմ ժպիտով եւ հպարտությամբ պատմում էր Սարգիս Թովմասյանը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031