Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Երանոսյանը հայհոյեց ու ասեց՝ մի նռնակ նետեք լրագրողների վրա, մի նռնակ էլ իմ կողմը նետեցին». Փոստանջյան

Օգոստոս 08,2016 14:25

Խորանացի փողոցում, մինչ ոստիկանների հետ բախումը փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը սեռական բնույթի հայհոյանքներ էր տեղացել Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հասցեին: Մենք Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեցինք ՝չե՞ք պատրաստվում հայց ներկայացնել՝ Երանոսյանին պատժելու համար: Նա պատասխանեց. «Բոլոր խողովակները ես օգտագործելու եմ, հարցը  դա չէ: Գիտեք, որ ես իրավաբան եմ ու ինձ համար բողոք գրել, հայց ներկայացնել, անցնել բոլոր դատական ատյաններով, հասնել մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ դժվարություն չի ներկայացնում: Դա կանենք: Բայց նա ինձ չի վիրավորել: Նա հագավ սաղավարտը, հայհոյեց, հայհոյանքը, փաստորեն, այդ ահաբեկիչների հրահանգն է: Նա այդպես արեց: Ոչ թե ինձ էր հայհոյում, այլ հայհոյեց ու ասեց՝ մի նռնակ նետեք լրագրողների վրա, մի նռնակ էլ իմ կողմը նետեցին նրանք: Այդպես սկսեցին գրոհը ժողովրդի վրա: Այսինքն, սա հատուկ ահաբեկչի գործողություն է, որը սպասարկում է Սերժ Սարգսյանին: Սա է խնդիրը, ոչ թե ինձ վիրավորելն է խնդիրը: Հատուկ ահաբեկչական օպերացիա էր նա իրականացնում, անձերի խնդիր չէր: Ինքը ահաբեկիչների խմբի կատարողներից մեկն էր: Հրաման էին տվել՝ կատարում էր»:

Հայտնի է, որ ոստիկանությունը հաստատել էր, որ նռնակը նետողներից մեկը Լեւոն Երանոսյանի եղբայրն է եղել, եւ նրան արդեն հեռացրել են աշխատանքից:  Այս առնչությամբ Զարուհի Փոստանջյանն ասաց. «Կարեւոր չէ՝ ում եղբայրն է, եղբայրը չէ, կարեւորն այն է, որ այսօր ՀՀ-ում 20 հազար ոստիկան կա, եւ այդ 20 հազարը հրամանի ներքո պետք է է հարձակվեն ժողովրդի վրա: Փաստորեն, նրանցից շատերը դա անում են, սա է խնդիրը: Եվ այդ Երանոսյանի եղբայրն էլ նրանցից մեկն է: Պատժեցին նրան՝ ոչինչ չի փոխվելու, պետք է ոստիկանությունը վայր դնի իր լիազորությունները: Այս վայրագությունները ոստիկանության բնույթն են»:

Այն, որ Սերժ Սարգսյանն իր գոհունակությունը հայտնեց ոստիկաններին՝ Փոստանջյանը գտնում է, որ նա ոչ թե ոստիկանների աշխատանքից է գոհ, այլ գոհ է, որ իր հրամանը կատարել են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել