Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին այսօր ելույթ ունեցավ ֆիզիկոս Գայանե Բաղդասարյանը:
Նա պատմեց, որ ուշադրությամբ հետեւել է Խորենացի փողոցում ու Ազատության հրապարակում հնչած ելույթներին ու ելույթներից իր համար կարեւոր մտքեր արձանագրել:
«Խորենացի փողոցում քաղաքական գործիչներից մեկն ասաց՝ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, բայց այստեղ հարյուր հազարավոր մարդիկ պետք է լինեն, Սերժ Սարգսյանը, եթե այսպիսի պայմաններում հեռանա, նա կդավաճանի պետականությանը, բայց նա կհեռանա, որովհետեւ իր գործած սխալները շատ են ու կոպիտ»:
Հետո տիկինը հետաքրքրվեց՝ ո՞ւր են հարյուր հազարավոր այն քաղաքացիները, որոնք կողմ են իշխանափոխությանը. բայց այստեղ չեն:
Կարդացեք նաև
Հետո անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներին. «Հայաստանում ով ասես իրավունք ուներ սահմանադրական փոփոխություններ անել, բացի ՀՀԿ-ից. Փոփոխությունները կարող էին նախաձեռնել քաղաքացիները, հ/կ-ները, բայց նախագահն ու ՀՀԿ-ն իրավունք չունեին, որովհետեւ 2013-ի ընտրություններին ու դրան նախորդող տարիներին նրանք դեմ էին խորհրդարանական համակարգին: Վերընտրվելուց հետո նախաձեռնեցին»:
Ֆիզիկոսի խոսքով, բոլորս հայտնվել ենք ծիծաղելի վիճակում. «Եթե իշխանությունը ծիծաղելի վիճակում է, նրան հանդուրժող հասարակությունն էլ է ծիծաղելի, այս վիճակից դուրս գալու միակ ձեւը իշխանության հեռանալն է, սահմանադրական վակուումի մեջ են հայտնվել: Նրանք հակասահմանադրական քայլն են կատարել: Բայց ինչպես ասացին «Սասնա ծռերը» հանձնվելիս՝
քայլը ժողովրդինն է, ժողովուրդը կառաջացնի այն անհրաժեշտությունը, որի պահանջմունքը կա հասարակության ճնշող մեծամասնության մեջ՝ քաղաքական բարձր որակ: Կստիպենք իշխանությանը հեռանալ ու ընդունել իրենց սխալները»:
Հրապարակում հավաքվածները սկսեցին վանկարկել «Սերժիկ հեռացիր», տիկինը շնորհակալություն հայտնեց ու շարունակեց՝ ասելով, որ քաղաքացիների անունից բանավեճի է հրավիրում իշխանություններին. «Բաղրամյան 26-Ազատության հրապարակ հրապարակավ բանավեճը սկսված է: Կապացուցենք նրանց սխալները ու մեկ առ մեկ նրանց սխալները ձեռքները տալով է հրաժեշտ կտանք: Սերժ Սարգսյանը ստիպված կլինի վերցնել բանավեճի մեր նետած ձեռնոցը»:
Վերջում անդրադառնալով ԼՂ կարգավորման հարցին՝ Գայանե Բաղդասարյանը հավելեց. «Խնդրի կարգավորման հարցում Սերժ Սարգսյանն իրավունք չունի ներկայացնել ՀՀ-ն, սահմանադրական նման փակուղային վիճակում հայտնված իշխանությունն իրավունք չունի ներկայացնել Հայաստանը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ