Նախքան Ազատության հրապարակից այսօր երթի մեկնարկը «Միացյալ երիտասարդների լիգայի» ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը պատմեց, որ օրեր առաջ բերման ենթարկվածներից մեկն էլ ինքն էր:
«Բոլորս հավաքվել ենք մի պահանջով՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով, բայց մոռանում ենք Հայաստանում իշխանության վերահաստատման պահանջը, որը «Սասնա ծռեր» հերոսական խումբը, ոչ թե զինված խումբ, այլ այսուհետեւ հերոսական խումբ, իր առջեւ դրել էր: Այն է, որ ՀՀ-ն լինի ինքնիշխան պետություն: Բայց հիմա օր-օրի պակասում ենք, պակասում ենք ոստիկանության, ԱԱԾ գործակալների ազդեցության շնորհիվ: Մեզ բերման ենթարկելով՝ փորձում են կանխել մեր հետագա առաջխաղացումը»,- ասաց Սեւակ Հովհաննիսյանը:
Նա կոչ արեց բոլորին միանալ իրենց պայքարին ու ունենալ ինքնիշխան Հայաստան:
Հավաքվածները սկսեցին վանկարկել «ազատ, անկախ Հայաստան», հետո ծափահարեցին, Սեւակ Հովհաննիսյանը շարունակեց. «Բոլոր երիտասարդներին կոչ եմ անում միանալ ազատագրական պայքարին»:
Կարդացեք նաև
Ցուցարարները սկսեցին վանկարկել «միացում»:
Սեւակի ելույթին հաջորդեց Արմենուհի Ղազարյանի ելույթը: Ըստ նրա. «Հասունացել է այն պահը, որ համակարգային հեղափոխություն լինի, այսօր մեր տղաները ոտքի ելան այդ նպատակով, բայց նրանց անվանեցին ահաբեկիչներ, նրանք ինչ ահաբեկիչ են, ահաբեկիչները երկրի իշխանություններն են, որ մի ամբողջ ժողովուրդ պահում են ահաբեկման մեջ. չունենք աշխատավարձ, ձայնի, ապրելու իրավունք»:
Ի դեպ, բողոքի խաղաղ երթը շարունակվում է, իսկ երթի մասնակիցները ամոթանք են տալիս անցորդներին՝ անտարբերության մեջ մեղադրելով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ