Լրահոս
Օրվա լրահոսը

«Աքսորի գրականության» մարգարիտը թարգմանվել է հայերեն

Օգոստոս 13,2016 13:00

Հերման Հեսսեն նորովի է արժեւորվում Հայաստանում

Վերջին շրջանում տարածված կարծիք կա, թե մեզանում քիչ են կարդում ու փաստ է, որ հայաստանցի ժամանակակից գրողների ընդամենը 500 օրինակով հրատարակված գրքերը չեն սպառվում: Միեւնույն ժամանակ նույն գրողները «դրսում» վերահրատարակվում են ու լավ էլ վաճառվում: «Առավոտը» օրերս ներկա գտնվելով գրականագետների մի հավաքի, «արձանագրեց», որ, օրինակ, գրականագետ, թարգմանիչ Արա Առաքելյանի՝ Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» վեպի առաջին թարգմանությունը իրականացվել է 2003թ. «Նաիրի» հրատարակչությունում, որից հետո, ընթերցասերների պահանջարկից ելնելով, այն մեկ-երկու անգամ վերահրատարակվել է: Հիմա էլ «Անտարես» հրատարակչությունը «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարով ձեռնամուխ է եղել Հեսսեի մեկ այլ գործի հրատարակմանը՝ Առաքելյանի թարգմանությամբ:

Մենք հանդիպեցինք գրականագետ, թարգմանիչ, ԵՊՀ-ի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ Արա Առաքելյանի հետ: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ Հեսսեի «Հուլունքախաղին» անդրադարձել է «Տափաստանի գայլը» վեպից ու մի քանի պատմվածքների, էսսեների թարգմանություններից հետո, քանի որ մասնագետների գնահատմամբ՝ «Հուլունքախաղը» գերմանացի մեծ գրողի լավագույն ստեղծագործությունն է:

Մեր զրուցակցի ձեւակերպմամբ՝ Հեսսեի ստեղծագործական ժառանգության կողքով աննկատ կամ անտարբեր չես կարող անցնել: Նա գրական դաշտ բերեց այն մտածողությունը, որով հետաքրքրված է ոչ միայն Եվրոպան, Արեւմուտքը, այլեւ մենք՝ հայերս: «Հեսսեն ամբողջական աշխարհի գրող է, միայն ոչ այն աշխարհինը, ինչը մենք տեսնում ենք: Նրա գործերը երկու աշխարհների միասնությունն են: Հեսսեին անհրաժեշտ է կարդալ: Եվ ոչ մի գրականագիտական հոդված չի կարող փոխարինել բնօրինակն ընթերցելուն: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու եմ Հեսսեի մի քանի թարգմանություններից հետո նոր անդրադառնում «Հուլունքախաղին», իհարկե, կարելի էր հենց սկզբից ներկայացնել այս վեպը: Բայց ես դանդաղորեն մոտեցա հեղինակի լավագույն ստեղծագործությանը՝ հետեւելով նրա ստեղծագործական զարգացման ողջ ընթացքին: Եվ երբ լույս է տեսնում լավագույն գործը, դա լույս է սփռում հեղինակի, այս դեպքում՝ Հեսսեի ստեղծագործական ողջ կյանքի վրա»,- հայտնեց Արա Առաքելյանը: Հավաստիացրեց նաեւ, թե ինքը կրկին կանդրադառնա գրողին, որ նրա ստեղծագործական կյանքն ավելի ամբողջական ներկայացնի: «Հավանաբար մեր հրատարակչություններից մեկը պատվավոր մի գործ կստանձնի՝ առաջիկայում 4-5 հատորով հրատարակել Հեսսեի այլ գործեր եւս, եւ հրատարակելով կշահի… Այդ հատորների մեջ անկասկած առյուծի բաժինը կլինի գրողի արձակը՝ պատմվածքները, էսսեները եւ գուցե մի փոքրիկ բաժին նաեւ բանաստեղծությունները»,- համոզված է թարգմանիչը:

Ռեպլիկին, թե «Հուլունքախաղը» ժամանակին արժանացել է Նոբելյան մրցանակի, մեր զրուցակիցը հայտնեց. «Այս վեպը լույս է տեսել 1942թ., Շվեյցարիայում: Հեսսեի խոսքերով՝ այդ ժամանակ գերմանացի լինելը հայհոյանքի նման բան էր: Բնականաբար, նացիստական Գերմանիան Հեսսեին չէր ընդունում, հիտլերյան Գերմանիան ոչնչացնում էր իր լավագույն մշակույթը, իսկ Հեսսեն իր համերկրացի մեծ գրողների հետ ապրում ու ստեղծագործում էր աքսորում: Հենց այդ ժամանակվանից էլ առաջացավ «աքսորի գրականություն» արտահայտությունը… Ամենակարեւորը՝ Նոբելյան մրցանակի կոմիտեն 1946թ. «Հուլունքախաղը» արժանացնելով մրցանակի՝ փաստորեն, դեմ գնաց Գերմանիային, նացիստական Գերմանիային, այլ ոչ թե այն Գերմանիային, որն իր մեջ էր կրում Հեսսեն»:

Կեսկատակ-կեսլուրջ դիտարկմանը՝ գոնե վերջին 25 տարում ունենք հայ գրողներ, որոնք չեն աքսորվել, բայց արտագաղթել են Արեւմուտք ու ստեղծագործում են այնտեղ, գրականագետը պատասխանեց. «Չեմ կարող ասել, թե մեր գրական ընտրանուց որեւէ մեկը արտագաղթել է եւ ստեղծագործում է, ասենք՝ Մոսկվայում կամ Փարիզում: Գուցե հատուկենտ եղել են, ես չգիտեմ… Բայց համեմատությունը չեմ ընդունում նացիստական Գերմանիայի ու Հայաստանի պատմության գոնե վերջին շրջանի հետ: Ի վերջո, մեր քաղաքական պայմանները հիտլերականների հետ չես համեմատի»:

Արա Առաքելյանի հավաստմամբ՝ այսօրվա Արեւմուտքի գրականությունը մեծ հաշվով սնվում է 20-րդ դարի առաջին կեսի մեծություններով: Այդ ժամանակահատվածում են ստեղծագործել Գերմանիայում՝ Ռիլկեն, Հեսսեն, Կաֆկան, Թոմաս Մանը, Անգլիայում՝ Ջոյսը, Էլիոթը, Ֆրանսիան հայտնի էր իր սյուրռեալիստներով եւ այլն: «Արեւմուտքի գրականությունն այժմ լավագույն ժամանակներ չի ապրում, տեխնոլոգիական վազքը փոխանցվեց մշակույթի ոլորտ, ինչը միանշանակ կործանարար է»,- համոզված է Արա Առաքելյանը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

12.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031