Լրահոս
Օրվա լրահոսը

«Վատ օրերը Բաքվի համար դեռեւս առջեւում են»

Սեպտեմբեր 09,2016 15:30

Վրացագետ Ալիկ Էրոյանցը միանգամայն հավանական է համարում Հայաստանի կարեւորության մեծացումը

– Իր պաշտոնավարումից հետո Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում էր: Եթե մի կողմ թողնենք այցի, այսպես ասած, արարողակարգային հատվածը, այս այցն, ըստ Ձեզ, ի՞նչ նշանակություն ուներ:

– Ընդհանրապես երկրի բարձրաստիճան ղեկավարների առաջին պաշտոնական այցերն ունենում են առավելապես ճանաչողական բնույթ, սակայն տվյալ պարագայում մի փոքր տարբերություն կա, քանի որ Վրաստանի վարչապետը նախարարի եւ փոխվարչապետի պաշտոններում նախկինում եւս եղել էր Հայաստանում եւ բավականին քաջատեղյակ է հայ-վրացական հարաբերությունների ընդհանուր ձեւաչափին եւ երկկողմ համագործակցության ընթացիկ իրավիճակին: Տվյալ այցի կարեւորությունը պետք է դիտարկենք հենց հայ-վրացական ակտիվ շփումների շարունակականությունն ապահովելու, ինչպես նաեւ ապագա համատեղ պլանները կազմելու համատեքստում:

– Հայաստանը եւ Վրաստանը տարբեր աշխարհաքաղաքական ուղղություններ ընտրեցին. այդ ընտրությունից ի վեր բոլոր պաշտոնական այցերի ժամանակ խոսվում է այնպիսի առեւտրատնտեսական հարաբերությունների ձեւավորման մասին, որոնք կնպաստեն երկու միությունների ինտեգրմանը եւ ըստ այդմ՝ երկու երկրների զարգացմանը: Այս անգամ էլ վարչապետները խոսեցին այդ մասին: Մինչ այժմ որեւէ գործնական քայլ արվե՞լ է նման հարաբերություններ ձեւավորելու համար: Ի՞նչ հնարավորություններ կան, որոնց օգտագործման հարցում դանդաղում են կողմերը: Այդ դանդաղկոտությունը քաղաքակա՞ն խնդիրներով է պայմանավորված, թե՞ ուղղակի ծուլությամբ կամ իրավիճակի ոչ ամբողջական ըմբռնմամբ:

– Տեսեք, մինչ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցելը եւ Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրումը շատերը խոսում էին երկու հարեւանների միջեւ տնտեսական հարթության հարաբերությունների հնարավոր վատթարացման, ապա նաեւ դրանից բխող ընդհանուր, այդ թվում նաեւ՝ քաղաքական համագործակցության վնասների մասին: Հետագայում, սակայն, ականատես եղանք, որ տարբեր տնտեսական եւ մաքսային համակարգերի մասը կազմելուն զուգահեռ՝ Հայաստանն ու Վրաստանը կարողացան ճկուն կերպով անցում կատարել նոր պայմաններում համագործակցության զարգացմանը: Ինչու ոչ՝ սկզբնական շրջանում, գուցե, ադապտացման փուլ անցնելով, ապա նաեւ առկա ներուժի գնահատման եւ խորհրդատվական բնույթի ակտիվ քննարկումների հիմքով ձեռնամուխ եղան բազմաոլորտ համագործակցության զարգացման ու խորացման քաղաքականության իրացմանը: Բառերի նկարագրությամբ թերեւս իրականությունն ավելի ուռճացված թվա. եւ իսկապես, եթե երկու երկրները մաս կազմեին մեկ ընդհանուր մաքսային եւ տնտեսական օրենսդրությամբ օժտված համակարգի, այդժամ իրավիճակն ավելի բարենպաստ կարող էր լինել, բայց այսօրվա իրավիճակում եւ պայմաններում պետք է հասկանանք պետական շահի առավել բարձր աստիճանը, որն է` ամեն գնով զարգացնել քաղաքական եւ տնտեսական բարձր մակարդակի հարաբերություններ հարեւան Վրաստանի, ինչպես նաեւ՝ Իրանի հետ:

Եվ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Իրանն արդեն իսկ փորձում է իր տնտեսական դերակատարությունն ընդլայնել մեր տարածաշրջանում եւ իր շահերի համատեքստում, որպես գործընկեր դիտարկում է նաեւ Հայաստանին եւ Վրաստանին, ապա հնարավորությունների ճիշտ համադրմամբ եւ գործնական համաչափ քայլերի իրականացմամբ հնարավոր կլինի հասնել սպասելի արդյունքների: Իսկ այդ ամենի հիմքում միանշանակ պետք է դրվի անկեղծ եւ վստահության մթնոլորտում զարգացող համագործակցություն: Գալով Վրաստանի վարչապետի այցին՝ կրկին ընդգծեմ, որ հենց նմանատիպ այցերի ժամանակ է հաճախ հիմք դրվում ապագայում իրականացվելիք նախագծերին:

– Հայաստանի վարչապետը խոսել է նաեւ համատեղ ձեռնարկությունների հիմնման մասին. մեր ներդրումային պայմաններն այդ իմաստով կարո՞ղ են գրավիչ լինել վրացի գործարարների համար, քանի որ վերջին շրջանում կարծես հակառակ զարգացումն էր նկատվում` հայաստանցի գործարարներն են ջանում Վրաստանում գործունեություն ծավալել, քանի որ բիզնես-դաշտն այնտեղ ավելի նպաստավոր է:

– Համատեղ ձեռնարկությունների ստեղծման գաղափարը, կարծում եմ, ոգեւորել է նաեւ վրացական կողմին, քանի որ հնարավորություն է ստեղծվում վրացական ընկերությունների համար իրենց ապրանքներն ու ծառայություններն արտահանել ԵՏՄ, ինչպես նաեւ՝ իրանական շուկա: Մյուս կողմից՝ Հայաստանում նոր ներդրումների ակտիվություն կարող ենք դիտարկել: Գուցե դա կարելի լինի դիտարկել հենց ազատ առեւտրի գոտու ստեղծման շրջանակներում: Ինչ վերաբերում է գործարարների ընտրությանը կամ Վրաստանում ավելի բարենպաստ բիզնես-դաշտի առկայությանը, մանրամասն ուսումնասիրության չեմ տիրապետում, սակայն տեղյակ եմ ինչպես այնտեղ հայ գործարարների կատարած ներդրումների, այնպես էլ բիզնեսների փակման դեպքերից:

– Իրատեսակա՞ն է Վրաստանի հետ ազատ առեւտրի գոտի հիմնելու վարչապետների զրույցը, եթե նկատի ունենանք Վրաստանի տնտեսական կախվածությունը Ադրբեջանից եւ Թուրքիայից: ՀՀ-ն նաեւ Իրանի հետ է պայմանավորվածություններ ձեռք բերել ազատ առեւտրի գոտում ստեղծման մասին. եթե դա իրականություն դառնա, ի՞նչ հնարավորություններ կտա նաեւ հայ-վրացական հարաբերությունների առավել կարգավորման առումով:

– Թեեւ պատմականորեն Հայաստանն ու Վրաստանն ունեցել են նաեւ կարճատեւ պատերազմ, սակայն դարերի բարեկամական շփումների ուժով այսօր ստեղծվել է այնպիսի հենք, որ պարզ երկխոսության միջոցով հնարավոր է գտնել ցանկացած հարցի լուծում: Եվ կարեւորն այն է, որ բոլոր բարձրաստիճան այցելությունների ժամանակ պաշտոնյաները հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ համագործակցելու բոլոր հնարավոր ուղղություններով: Հատկապես առեւտրատնտեսական եւ էներգետիկ ոլորտներում համագործակցությունը միայն դրական ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսության վրա, ցանկացած ներդրում, ցանկացած լավ մշակված պրոյեկտ կարող է լուրջ օգուտներ բերել Հայաստանին:

Շատ կարեւոր է պահել ձեռք բերվածը եւ զբաղվել նոր հնարավորությունների ստեղծմամբ: Ներկայում Վրաստանն էներգետիկ եւ տնտեսական կապուղիներով ավելի սերտ համագործակցություն է ծավալում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ եւ բացի տարանցիկ երկիր լինելուց՝ նաեւ օգտվում է ադրբեջանական էներգակիր ռեսուրսներից, եւ դա անկասկած առավելություն է տալիս Ադրբեջանին:

Հայաստանի համար դա խնդիր է՝ հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են վարել Հայաստանին մեկուսացնելու եւ տարածաշրջանային ծրագրերից դուրս մղելու քաղաքականություն: Բոլոր դեպքերում, պետք է հաշվի առնենք, որ էներգետիկ ոլորտում կան նաեւ այլ խոշոր խաղացողներ. նույն Իրանն ու Ռուսաստանը, եւ որքան էլ Ադրբեջանը ձգտի մենաշնորհային առավելությունների հասնել, վերոհիշյալ երկու տերություններն իրենց շահերն են առաջ մղելու: Ուստի Հայաստանը պետք է ակտիվություն դրսեւորի, մշտապես ձգտի իր մասնակցությունը բերելու նոր, այլընտրանքային նախագծերին: Միայն մշտական եւ ակտիվ շփումների շնորհիվ՝ նույն Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան, էներգետիկ տարանցուղու շրջանակներում, նաեւ՝ առանձին այդ երեք երկրների հետ համագործակցության դաշտի ընդլայնմամբ, անշուշտ, հետագայում Հայաստանի կարեւորությունն ավելի կմեծանա: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ասեմ, որ այդ երկիրն իր «նավթի ձեռքը կրակն է ընկել», եւ թեեւ ներկայում էներգակիրների վաճառքի շնորհիվ բյուջեն լցնող Ադրբեջանն արդեն իսկ հայտնվել է տնտեսական ճգնաժամի մեջ, վատ օրերը Բաքվի համար դեռեւս առջեւում են, եւ դա իրենք էլ լավ գիտեն: Վրաստանի գազամատակարարման մասով ասեմ, որ եթե այսօր 90 տոկոսով Ադրբեջանն է կապույտ վառելիքով ապահովում Վրաստանին, ապա հենց Ադրբեջանը գազ է գնում Ռուսաստանից եւ Իրանից, այնպես որ՝ հետագայում կարող է ստացվել այնպես, որ Վրաստանը գազ ստանա անմիջապես հարավային եւ հյուսիսային հարեւաններից՝ նվազեցնելով ադրբեջանական մատակարարումների ծավալները:

– 2015թ. դեկտեմբերին եւ 2016թ. ապրիլին Երեւանում կայացան Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Իրանի էներգետիկ ոլորտների ներկայացուցիչների միջեւ հանդիպումները, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին. ի՞նչ փուլում են դրանք, գործնական քայլերը մո՞տ են, թե՞ դեռ քննարկումների կարիք կա:

– Նշված համաձայնագիրը մեծ կարեւորություն ունի ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ մասնակից բոլոր երկրների համար, քանի որ էներգետիկ ուղիների այլընտրանքային տարբերակների որոնումն աշխարհի տարբեր երկրներին հուզող խնդիրներից ամենակարեւորներից է: Ստացվել է այնպես, որ քառակողմ այդ պայմանավորվածությունը գործնական փուլ է ապրում, եւ եթե լուրջ խոչընդոտներ չլինեն, ընթացիկ շինարարությունն ավարտելուց հետո հնարավոր կլինի էլեկտրաէներգիա մատակարարել հարավից հյուսիս Հայաստանի միջով, նաեւ ավելացնել Հայաստան մտնող իրանական գազի ծավալները՝ հոսանք գազի դիմաց ձեւաչափով:

 

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

08.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930