Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարանները խաղողագործների հետ պայմանագրեր չեն կնքում

Սեպտեմբեր 09,2016 16:58

Արմավիրի մարզի Նոր Ամասիա համայնքի խաղողագործ Սոխակ Հովհաննիսյանը, բազմաթիվ այլ խաղողագործների պես, վերամշակող ընկերություններից չի ստացել անցյալ տարի մթերած իր բերքի գումարը:

Այսօր «Մեդիա կենտրոնում» Սոխակ Հովհաննիսյանը պատմեց, որ իր ուժերով 5 հեկտարի հողատարածքի վրա խաղողի այգի է տնկել: Գյուղացու ներկայացմամբ՝ անցյալ տարի մոտ 147 տոննա բերք է ստացել, որից 47 տոննան հանձնել է վերամշակող գործարանին ու առձեռն գումար ստացել. այս գումարով գյուղատնտեսական աշխատանքների դիմաց վճարումներն է կատարել. «Բուժանյութի, բանվորի, տրանսպորտի ծախսերն եմ արել: Էդ փողով իմ բերքը հասցվել է Պռոշյանի եւ Շահնազարյանի գործարան, բայց մինչեւ հիմա այդ գումարները չեմ կարողանում ստանալ: Ասում են՝ գումար չկա, կլինի՝ կզանգենք կասենք, պայմանագիր չունենք, իրենք ասում են՝ կամպյուտորի մեջ ինչ թիվ կա, էդ ա ձերը»:

Ասուլիսին ներկա Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանն էլ

նշեց, որ բացառությամբ մի երկու գործարանի, մնացած մթերող ընկերությունները խաղողագործների հետ պայմանագրային հիմունքներով չեն աշխատում.«Սա գերխնդիր է, խաղողագործը չգիտի՝ ում հետ պետք է իր առեւտուրը կազմակերպի, ով պետք է իր խաղողը գնի, ինչ պայմաններով, ինչ գնով»:

Սարգսյանի խոսքերով՝ մթերողները խաղողագործներին ասում են՝ ներմուծվում է էժանագին սպիրտ, որ չենք կարողանում գյուղացուց խաղող գնել, վերածել սպիրտի եւ վաճառել, քանի որ գնային առումով թանկմրցունակ են լինում: «Գյուղատնտեսությունը ռիսկային է: Պետության գործոնը պետք է մեծ լինի: Եթե վերամշակողները չունեն ֆինանսական հնարավորություն, ապա պետությունն էլ պիտի աջակցի, ասենք՝ 130 գինն է, պետությունն էլ 30-50 դրամ սուբսիդավորի, որպեսզի խաղողագործը ինքնարժեքով չվաճառի ու էսօր սոված-ծարավ նստի»:

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, որը ներկա էր ասուլիսին, հիշեցրեց, որ խնդիրը ծագել է, երբ արժեզրկվեց ռուսական ռուբլին, գնողունակության անկում եղավ, վերամշակողները գինեգործական արտադրանքը չկարողացան այն ծավալով իրացնեն, որպեսզի ազատեն տարողությունները եւ կարողանան 2015 թվականի համար մթերման գործընթացը լիարժեք կազմակերպել:

Ինչ վերաբերում է պայմանագրերի բացակայությանը, ապա Մակարյանը վստահեցրեց, որ 2011-ից 2.5 անգամ ավելացել է պայմանագրերի քանակը՝ խաղողի մասով:

Մակարյանը նաեւ ասաց, որ խաղողի մթերման հետ կապված խնդիրները ժամանակավոր են: Բայց, այնուամենայնիվ, փոխնախարարն էլ հաստատեց, որ մթերող ընկերությունները խուսափում են պայմանագրեր կնքել, քանի որ իրացման խնդիր ունեն: «Գրավի անբավարարություն ունեն, վարկի ծանրաբեռնվածության խնդիր ունեն»:

Գյուղացիների ընդհանուր պարտքն, ըստ Մակարյանի կազմում է 800 միլիոն դրամ՝ ընդհանուր 31.5 միլիարդ դրամից, հիմնականում 10-12 կազմակերպություններ են, որ վճարման դժվարություններ ունեն, մնացած բոլորը գրաֆիկով կատարում են վճարումները:

Մակարյանի հետ չհամաձայնվեց Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը. Նա էլ հայտարարեց, որ գյուղացիներին հասանելիք գումարները 800 միլիոնից էլ ավելի են:

«Գյուղացիական տնտեսությունների սուբսիդավորման չափը ընդամենը 15 միլիարդ դրամ է, սա ամբողջ ոլորտին է հատկացվում: Յուրաքանչյուրին հասնում է 300-500 հազար դրամ»,-ասաց Սարգսյանը, որին ի պատասխան էլ փոխնախարարն ասաց. «Մենք պետք է ելնենք մեր երկրի բյուջեի հնարավորություններից»:

Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն էլ կարծիք հայտնեց, որ շատ ծանր իրավիճակ է ստեղծվել, եւ այս տարի ավելի վատ կլինի. «Չի իրացվել անցյալ տարվա բերքի 10%-ը, նախանցած տարվա՝ 30%-ը: Արդեն ռեսուրսներ չկան վարկ վերցնելու»:

Պարոն Հարությունյանը նաեւ զարմացած հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ

գյուղացիներն այս 25 տարիների ընթացքում չեն փորձել դիվերսիֆիկացնել իրենց շուկան:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930