Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունը ինքնըստինքյան վերածվում է «Գազպրոմ-Արմենիայի» վարչության». Արմեն Բադալյան

Սեպտեմբեր 27,2016 16:49

Քաղաքագետ Արմեն Բադալյանն անդրադառնում է ԱԺ-ում քննարկվող «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցին, որը նախատեսում է մի շարք նախարարությունների անվանափոխում:

«Նոր վարչապետը կառավարման իր պատկերացումներն ունի եւ ըստ այդ պատկերացումների էլ ձեւավորում է կառավարության կառուցվածքը: Սա նորմալ է, բայց մի բան պետք է նկատի ունենանք, որ նախարարությունների անվանափոխությունը չի հանգեցնում նախարարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Երբ խոսում էին կառավարության օպտիմիլիզացիայի մասին, խոսում էին՝ որոշ նախարարություններ պետք է կրճատվեն, միավորվեն, հիմա տեսնում ենք, որ ընդամենը քաղաքաշինության նախարարությունն է վերածվում կառավարությանն առընթեր կոմիտեի, էկոնոմիկայի նախարարությունն էլ վերացվում է, նաեւ անվանափոխվում է էներգետիկայի նախարարությունը: Ընդհանրապես այս ամենը բնորոշ է մենեջմենթին, նոր վարչապետին, որովհետեւ նա չլինելով քաղաքական գործիչ, բայց լինելով, ինչպես ինքն է ասում, մենեջեր, ավելի շատ բնորոշ է մենեջերին, քան քաղաքական գործչի ոճին: Թե կառավարությունն ինչպիսի տեսք պետք է ունենա, դա պետք է բխի տնտեսության իրական վիճակից, պետության զարգացման վեկտորից ու իր առջեւ դրված խնդիրներից: Դեռեւս իր առջեւ դրված խնդիրները չի բարձրաձայնվել, դրա համար հիմա կարելի է ասել, որ քաղաքական վերնաշենքում կատարվում են փոփոխություններ, որոնք բխում են վարչապետի պատկերացումներից»,- Aravot.am-ին ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը:

Արմեն Բադալյան

Արմեն Բադալյան

Մեր հարցին, թե կառավարության ղեկավարի լավ մենեջե՞ր, թե՞ լավ քաղաքական գործիչ լինելը կնպաստի տնտեսության զարգացմանը, պարոն Բադալյանը պատասխանեց. «Վարչապետները երբեք չպետք է մենեջերներ լինեն: Ուրիշ բան է, որ ներկայիս վարչապետը հիմա այդպես է ասում: Վարչապետը քաղաքական պաշտոն է, ինչպես նախագահինը, նախարարի պաշտոնը: Կառավարության ձեւավորումը պետք է ունենա մեկ թիմ, որն ունենա պատկերացում՝ ինչպիսի երկիր է ցանկանում կառուցել…երբ վարչապետը հայտարարում է, որ ինքը մենեջեր է, ստացվում է՝ կառավարությունը ինքնըստինքյան վերածվում է «ՀայռուսԳազարդի» կամ «Գազպրոմ-Արմենիայի» վարչության: Իսկ դրանք տարբեր գործառույթներ իրականացնող ու տարբեր նպատակներ ունեցող կառավարման մարմիններ են: Այսօր տեսնում ենք՝ ոնց որ թե կառավարությունը սկսում է նմանվել «Գազպրոմ-Արմենիայի» վարչության նիստի: Նոր նշանակված նախարարները նույնպես քաղաքական գործիչներ չեն, ինչը սկզբունքորեն հակասում է կառավարության ձեւավորման էությանը… մենք տեսնում ենք լրիվ հակառակը, մարդ, որը Ռուսաստանից նշանակվել է ՀՀ վարչապետ ու իրեն համարում է լավ, արհեստավարժ մենեջեր, նա բերում է ոչ թե քաղաքական թիմ, այլ փորձում է նախարարներին նշանակել արհեստավարժ լինելու սկզբունքով, դա բաժնետիրական ձեռնարկության կամ մասնավոր ձեռնարկության վարչությունը ձեւավորելու սկզբունք է, ոչ թե կառավարություն ձեւավորելու սկզբունք»:

Մեր դիտարկմանը, թե քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներ արդեն գնահատել են  նորանշանակ վարչապետի գործունեությունը, որը մեկնարկեց նախարարներին դիտողություն անելով, ինչը քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչների կողմից միանշանակ չընդունվեց ու սկսեցին զուգահեռներ տանել շոուի հետ: Վարչապետի գործունեության մեջ շոուի տարրեր դուք նկատո՞ւմ եք՝ հարցին, պարոն Բադալյանը պատասխանեց. «Դրան շոու չեն ասում, ասում են PR…բայց պատահական չէ, որ շոու են անվանում, որովհետեւ կրկնում եմ՝ վարչապետը, չլինելով քաղաքական գործիչ, այլ լինելով մենեջեր, ինքը ավելի շատ ուշադրություն է դարձնում կառավարման համակարգի թերություններին: Ոչ թե ցույց է տալիս, թե ուր պետք է զարգանա Հայաստանը, այլ հիմնական ուշադրությունը դարձնում է կառավարման խնդիրներին: Անում է այն, ինչ-որ կաներ տնտեսական մի սուբյեկտի ղեկավարը, որը իր կառավարման տակ գտնվող ձեռնարկության աշխատակազմին օրինակ կստիպեր ավելի ուշադիր լինել ներկայացված փաստաթղթերի նկատմամբ, ավելի լավ փաստաթղթեր բերել: Վարչապետն անում է այն, ինչ անում էր ժամանակին «Գազպրոմ-Արմենիայում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930