Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսների աջակցությամբ Ղազախի շրջանում բենտոնիտի գործարան են կառուցել

Դեկտեմբեր 16,2016 18:05

Իջեւանի «Բենտոնիտ» կոմբինատը վերստին սկսել է աշխատել: Գործարանից այժմ արտադրական ծուխ է դուրս գալիս, ձեռնարկությունը գործում է: Երբեմնի հզոր գործարանը ներկայումս իր ծանրաբեռնվածության փոքր մասով է գործարկվում:

Իջեւանի «Բենտոնիտ» կոմբինատը հիմնադրվել է 1967 թ. : Գործարանի հենքի վրա ստեղծվել է Ազատամուտ բանվորական ավանը, որն այժմ գյուղի կարգավիճակ ունի: Նախկինում բենտոնիտի կոմբինատում աշխատում էին Ազատամուտի, Աչաջրի, Դիտավանի, Սարիգյուղի, Սեւքարի, Իջեւան քաղաքի հարյուրավոր բնակիչներ:

Ադրբեջանի կողմից իրականացվող տրանսպորտային շրջափակման հետեւանքով գործարանն անգործության էր մատնվել, աշխատել կարճ ժամկետներով` բենտոնիտի փոշու հերթական խմբաքանակի պատվերի դեպքում: Գործարանի սեփականատերերի մի քանի փոփոխությունները նախկինում դրական արդյունք չեն տվել: Հերթական սեփականատերն այդ ընթացքում գործարանում առկա գույքի մի մասը վաճառել է:

Կոմբինատի ներկայիս սեփականատերերը Ջավախքից բանաստեղծ Օքրո Օքրոյանի որդիներն են: Նրանց կողմից կոմբինատում վերակառուցման որոշ աշխատանքներ են կատարվել, նոր սարքավորումներով հոսքագիծ է գործարկվել: Սակայն ձեռնարկությունը հայտնվել էր պարտքերի եւ դրա հետեւանքով՝ դատական գործընթացների մեջ: Ընկերությունը դատարանի որոշմամբ սնանկ էր ճանաչվել:

Զրուցեցինք կոմբինատի տնօրեն Անատոլի Բայրամյանի հետ: Նա ասաց, որ կոմբինատի սնանկության գործով դիլիջանցի կառավարչի հմուտ գործունեության շնորհիվ ընկերությունը մարել է պարտքերը եւ վերսկսել աշխատանքը:

Տնօրենի վկայությամբ՝«Բենտոնիտ» կոմբինատը մեծ չափով արտադրանք ունի իրացնելու ռուսական շուկայում: 8-9 տարի առաջ վրացիները «Բենտոնիտից» արտադրական 2 հոսքագիծ են գնել, դրանք տեղափոխել Ադրբեջանի Ղազախի շրջանի Դաշ Սալահլի գյուղ, սակայն այդ հոսքագծերն այնտեղ չեն աշխատում, ադրբեջանցիներն ավելի արդիական սարքավորումներ են գործարկել:

Ա. Բայրամյանի խոսքերով՝ Ռուսաստանի 27 միլիոն դոլար ֆինանսավորմամբ Դաշ Սալահլիում, հենց բենտոնիտի հանքի մոտ գործարան է կառուցվել, որի արտադրանքը երկաթուղով առաքվում է Ռուսաստան: Իսկ Իջեւանի «Բենտոնիտ» կոմբինատի թողարկած արտադրանքը բեռնատար ավտոմեքենաներով է արտահանվում Ռուսաստան: Դրա հետեւանքով ապրանքի ինքնարժեքը թանկ է:

Ա. Բայրամյանը ցույց տվեց կոմբինատի շենքի առաջ փակցված ցուցանակը, որով Ռուսաստան դատարկ մեկնող մեծ բեռնատարների վարորդներին համագործակցության են հրավիրում, որպեսզի Հայաստան ապրանքներ ներկրելու համար Ռուսաստան առանց բեռի չմեկնեն, փոխշահավետ պայմաններով Վլադիկովկաս, Պյատիգորսկ քաղաքներ տեղափոխեն բենտոնիտի փոշին: Ա. Բայրամյանն ասաց, որ ներկայումս կոմբինատում աշխատում է 92 հոգի, աշխատավարձի վճարման հետ կապված խնդիր կա, գործարանի աշխատակիցները ստացել են հունիս ամսվա աշխատավարձը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031