Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան: Կալանքի վեց ամիսները

Հունվար 30,2017 14:49

Այսօր լրացավ 30.07.2016թ-ին ձերբակալված Անդրիաս Ղուկասյանին կալանքի տակ պահելու 6-րդ ամիսը:

Ինչպես գիտենք, իշխանությունները Անդրիաս Ղուկասյանին, Արմեն Մարտիրոսյանին ու Դավիթ Սանասարյանին մեղադրում են 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի Թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։

Հիշեցնեմ, որ այդ օրը Ազատության հրապարակում հրավիրվել էր հանրահավաք, որի մասնակիցները երթով գնացին ու հավաքը շարունակեցին Սարի Թաղում, քանի որ այդտեղից երևում էր Սասնա Ծռերի գրաված ու ոստիկանական ուժերի կողմից շրջափակված ՊՊԾ գունդը։

Սարի թաղում ոստիկանական սադրիչները մի քանի փորձ արեցին ժողովրդին տանելու համար դեպի ՊՊԾ գնդին ավելի մոտ տարածք, որտեղ նրանց էին սպասում ոստիկանական ուժերը, սակայն տղաների ու հավաքի այլ մասնակիցների միջամտությամբ դա կանխվեց։ Տեսնելով, որ հավաքի մասնակիցները սադրանքի չեն գնում և հավաքը շարունակում են նույն տեղում, ոստիկանական ուժերը մոտեցան հավաքի վայրին և Արմեն Մարտիրոսյանին 5 րոպե ժամանակ տվեցին, որպեսզի հավաքի մասնակիցներն այդտեղից հեռանան, սպառնալով, որ հակառակ դեպքում հատուկ միջոցներ կկիրառեն։ Իսկ 5 րոպեն լրանալուց հետո Արմեն Մարտիրոսյանին բերման ենթարկեցին ու սադրիչների հետ համատեղ սկսեցին հարձակումը հավաքի մասնակիցների ու այն լուսաբանող լրագրողների վրա։ Այդ հարձակումից շատ լրագրողներ ու հավաքի մասնակիցներ մարմնական վնասվածքներ ստացան, այդ թվում՝ Անդրիաս Ղուկասյանը։

Այդքանով հանդերձ զանգվածային անկարգություններ կազմակերպելու շինծու մեղադրանքով 30.07.2016թ-ին տղաները կալանավորվեցին։

Վերաքննիչ քրեական դատարանը, սակայն, Արմեն Մարտիրոսյանին ու Դավիթ Սանասարյանին գրավով ազատ արձակեց, իսկ Անդրիաս Ղուկասյանին՝ ոչ, քանի որ նախագահող դատավորի հարցին՝ թե ազատ արձակվելու դեպքում իր ընդդիմադիր գործունեությունը շարունակելու՞ է, պատասխանել էր՝ այո։

Այժմ Դավիթ Սանասարյանը վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ գտնվում է ԱՄՆ-ում և սովորում է Թաֆթս համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցում, Արմեն Մարտիրոսյանը ներգրավված է նախընտրական ակտիվ քննարկումների մեջ, իսկ Անդրիաս Ղուկասյանին այսօր արդեն ուղիղ վեց ամիսն է պահում են կալանքի տակ, որի ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով։ Նրան արգելված է անգամ հեռախոսազանգեր անելը, այդ թվում՝ ութսունյոթ ամյա անկողնային հիվանդ հորը, յոթանասունիննամյա մորը, անչափահաս դստերը, կնոջը։

Ինչո՞ւ։ Պատճառներից մեկը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելն է։ Այլ պատճառներ էլ կան, որոնց մասին հետագայում կխոսվի։

Այժմ խոսենք այն մասին, թե ինչպես են իշխանությունները Անդրիաս Ղուկասյանին կալանքի տակ պահում։

Նախ` նշեմ, որ դատարանը Անդրիաս Ղուկասյանին կարող էր կալանավորել, առավել ևս` կալանքի ժամկետը երկարացնել, առավել ևս` գրավի միջնորդությունը մերժել միայն այն դեպքում, երբ գործի նյութերում այնպիսի տվյալներ լինեին, որոնց գնահատմամբ դատարանը ողջամտորեն կենթադրեր, որ ազատության մեջ մնալով 2013թ. ՀՀ նախագահի թեկնածու, իր հոգածությանը ծեր և հիվանդ ծնողներ, իր խնամքին անչափահաս երեխա ունեցող, ռադիոընկերության ու ճարտարապետական ընկերության տնօրեն, Ազգային ժողովի 20 պատգամավորի երաշխավորություն ստացած ու առաջիկա Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել ցանկացող Անդրիաս Ղուկասյանը խաչ կքաշի այդ ամենի վրա ու կարող է խուսափել քրեական պատասխանատվությունից` փախնելով Հայաստանից կամ կարող է գնալ ու ոստիկան վկաներին ստիպել, որպեսզի փոխեն իրենց ցուցմունքները, կամ կատարել հանցագործություն։

Բնականաբար վերը նշվածը հիմնավորող թեկուզ մեկ փաստական տվյալ գործի նյութերում չկա և հինգ անգամ կալանքի ու գրավի գործ քննած առաջին ատյանի դատարանը և այդ գործերով բողոքները չորս անգամ քննած վերաքննիչ դատարանը իրենց որոշումներից որևէ մեկում չեն մատնանշել գործի նյութերում առկա և վերը նշվածը հիմնավորող թեկուզ մեկ փաստական տվյալ, սակայն շարունակում են Անդրիաս Ղուկասյանին պահել կալանքի տակ:

Արդեն հայտնել ենք, որ առանց հիմքի կալանավորված Անդրիաս Ղուկասյանին գրավով ազատ արձակելը վերաքննիչ դատարանը 24.08.2016թ. որոշմամբ մերժեց այն պատճառով, որ երբ նրան հարցրել էր, թե արդյոք ազատ արձակվելու դեպքում իր ընդդիմադիր գործունեությունը շարունակելու է, տրվել էր դրական պատասխան:

Կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը քննելու գործով գրավի միջնորդությունը մերժվեց, թեև քննչական մարմինն ու դատախազը հրաժարվեցին դատարանին ներկայացնել փաստական տվյալներ այն մասին, որ գրավի դիմաց ազատ արձակվելու դեպքում Անդրիաս Ղուկասյանը կկատարի վերը նշված գործողությունները:

Եթե Անդրիաս Ղուկասյանին կալանավորելու ժամանակ պաշտպանական կողմը դեռևս չէր ներկայացրել Ազատության հրապարակի, երթի, Սարի Թաղի հավաքի ու դրա մասնակիցների ու լուսաբանող լրագրողների վրա ոստիկանների ու քաղաքացիական հագուստով սադրիչ գրոհայինների հարձակման տեսագրություններն ու այդ մասին վկաների բացատրություններ, որոնցով հերքվում էր հիմնավոր կասկածը, այսինքն` պարզ երևում էր, որ Անդրիաս Ղուկասյանն ու մյուս տղաները չեն կատարել իրենց վերագրվող արարքը, չեն կազմակերպել զանգվածային անկարգություններ, ապա կալանքի ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունները քննելու ժամանակ դատարաններին ներկայացվել են ինչպես տեղի ունեցածի տեսագրությունները, այնպես էլ բազմաթիվ վկաների բացատրությունները:

Դատարանները, սակայն, տեսագրությունները դիտելու միջոցով հետազոտելով դրանք և տեսնելով ու լսելով, որ Անդրիաս Ղուկասյանը Ազատության հրապարակում չի հայտարարել, որ պետք է շենքեր գրավել, որ խոսել է խաղաղ անհնազանդության մասին, որ Սարի թաղի ելույթը վերաբերել է ոստիկանների և Սասնա ծռերի միջև եղբայրասպան բախում թույլ չտալուն, որ Անդրիաս Ղուկասյանը, Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը հավաքի մասնակիցներին չեն հրահանգել քարեր հավաքել և ոստիկաններին հարվածել, ՊՊԾ գունդ գնալու և Սասնա ծռերին միանալու կոչեր չեն արել, այլ ամեն ինչ արել են, որ նման սադրանքներ չլինեն, իրենց որոշումներում բառ անգամ չեն նշում հիմնավոր կասկածը բացառող այդ ապացույցի մասին, այլ կալանքի երկարացման հիմքում շարունակում են դրվել այդ տեսագրություններով հերքված ոստիկանների ցուցմունքները:

Ավելին, վարույթն իրականացնող մարմինը որպես կալանքի ժամկետը երկարացնելու «պատշաճ ջանասիրության» հիմնավորում դատարանին է ներկայացնում այն վկաների ցուցմունքների առաջին էջերը, որոնք հարցաքննվել են պաշտպանական կողմի միջնորդությամբ: Սարի թաղի հավաքը լուսաբանած լրագրողների ու հավաքի մասնակիցների այդ ցուցմունքները Անդրիաս Ղուկասյանին արդարացնող և հիմնավոր կասկածը հերքող ապացույցներ են:

Դատարանները, սակայն, մերժում են վարույթն իրականացնող մարմնից այդ ապացույցները պահանջելու, ինչպես նաև այդ վկաներին դատարանում հարցաքննելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունները, ընդունելով քննիչների ու դատախազների այն պատճառաբանությունները, որ դրանք նախաքննական գաղտնիք են:

Ինչ է ստացվում, որ դատարանները կալանքի գործերը քննում են դռնփակ, որպեսզի ներկայացված նախաքննական գաղտնիք համարվող նյութերը չհրապարակվեն և հասանելի լինեն միայն կողմերին, սակայն այդ նյութերն էլ չեն ներկայացնում, պատճառաբանելով, որ դրանք նախաքննական գաղտնիք են: Ի դեպ, դատարանը մերժում է պահանջել անգամ այն վկաների ցուցմունքները, որոնք հարցաքննվել են հենց պաշտպանական կողմի միջնորդությամբ:

Սա այն դեպքում, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի գործով 02.10.2012թ. կայացրած վճռով հստակ սահմանել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը պահանջում է, որպեսզի կալանքի տակ պահելու օրինականությունը վիճարկելու նպատակով պաշտպանության կողմին տրամադրվեն գործին առնչվող արդարացնող ապացույցները: Շարունակելով, որ այս սկզբունքը կարող է նաև դատարանից պահանջել հարցաքննել այն վկաներին, որոնց ցուցմունքները առերևույթ կարող են էական ազդեցություն ունենալ կալանքը երկարացնելու հիմքերի օրինականության վրա:

Մեր դատարանները, սակայն, Անդրիաս Ղուկասյանին մերժում են իր կալանավորումը վիճարկելու կոնվենցիոն ու սահմանադրական նվազագույն իրավունքներից անգամ: Իրենց որոշումներում, ի դեպ, դատարաններն, ըստ էության, պատճառաբանում են, որ այս փուլում իրենք կարող են գնահատել միայն հիմնավոր կասկածը հիմնավորող ապացույցները և չեն կարող գնահատել հիմնավոր կասկածը բացառող ապացույցները:

Այդպիսի վերջին որոշումն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվեց 26.01.2017թ.-ին, որով ևս երկու ամսով երկարացվեց կալանքի ժամկետը, մինչ այդ մերժելով պաշտպանական կողմի միջնորդությամբ հարցաքննված վկաների ցուցմունքների արձանագրությունները քննիչից պահանջելու, ինչպես նաև վկայություն տալու համար նրանց հարցաքննելու միջնորդությունները:

Ահա այսպես էլ իշխանությունները շարունակում են Անդրիաս Ղուկասյանին կալանքի տակ պահել` քաղբանտարկյալի կարգավիճակով:

 

Փաստաբաններ`  Կարեն Մեժլումյան

Ինեսսա Պետրոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031