Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակակից» քաղցրեղենը երեխաների մոտ կարող է հանգեցնել 2-րդ կարգի շաքարային դիաբետի

Փետրվար 02,2017 12:30

Շատ մեծահասակներ երեխաներին խրախուսում են տարբեր տեսակի քաղցրավենիքներով, իսկ պատժում՝ զրկելով դրանցից: Պատժի եւ խրախուսանքի այդ տարբերակը, ըստ մասնագետների, ոչ միայն սխալ է, այլեւ՝ վտանգավոր: Սննդաբան, էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ քաղցրեղենի օգտագործումը, չարաշահումը շատ վտանգավոր է ոչ միայն երեխաների, այլեւ մեծահասակների համար՝ առաջինը հանգեցնելով սննդային խանգարումների. «Մեծահասակների համար սա ուղիղ մահվան պատճառ կարող է լինել, այսինքն՝ քաղցրակերությունը բերում է օրգանիզմում նյութափոխանակության մետաբոլիկ փոփոխությունների, որոնցից են ճարպակալումը, շաքարային դիապետը, մետաբոլիկ համախտանիշը, որոնք ծանրագուն վիճակներ են եւ կարող են մահվան պատճառ դառնալ»:

Սննդաբանի խոսքերով՝ մեծ էներգիաների աղբյուր հանդիսացող քաղցրեղենը մեծահասակների մոտ առաջացնում է ճարպային կուտակումներ, քանի որ նրանք երեխաների պես շարժուն չեն եւ չեն հասցնում վատնել ստացված էներգիան. «Երեխաներին էլ ցանկալի չէ, բայց կարելի է փոքր քանակությամբ, այն էլ պատրաստված լինի տան պայմաններում, կարագով»:

Հասմիկ Աբովյանի խոսքերով՝ մանկական վաղ տարիքում, մինչեւ 3 տարեկանը, երեխայի մոտ ձեւավորվում են համային նախապատվությունները, եւ եթե փոքր տարիքից երեխան սովորում է քաղցրավենիքների, հետագայում դժվարություններ կառաջանան. «Սիրելով քաղցրը, խմորը, մեծանալով՝ կունենա ճարպակալման, շաքարային դիաբետի եւ այլ խնդիրներ: Երեխաները մեծ քանակության կալորիա են այրում եւ նրանց մոտ անաբոլիկ՝ կառուցողական գործընթացներն ավելի արագացած են, քան մեծահասակների մոտ»:
Մասնագետը նշեց, որ վերջին ժամանակներում երեխաների մոտ հայտնաբերվել են մեծահասակներին բնորոշ երկրորդ տեսակի շաքարային դիաբետ, ճարպակալում, սա պայմանավորված է հիմնականում նրանց օգտագործած քաղցրավենիքների մեծ տեսականիով, քանի որ շատ է եւ հասանելի. «Վտանգավոր են նաեւ գազավորված ըմպելիքները, արագ սնունդը, դրա համար շատացել են հիվանդության դեպքերը եւ մետաբոլիկ խանգարումները»:


Թե ինչպես երեխային սովորեցնել առողջ սննդին, բժշկուհին նշեց, որ ինչպես սնվում է ընտանիքը, այնպես սնվում է նաեւ երեխան. «Եթե այդ ընտանիքում ընդունված չեն քաղցրավենիքները եւ մնացած բոլոր վնասակար մթերքները, վերամշակված սնունդը, կիսաֆաբրիկատների օգտագործումը, որոնց մեջ չկա կոպիտ բջջանք, առանց որի մեր օրգանիզմը կհիվանդանա, փոխարենը ընդունված է բնական մթերքների լայն կիրառումը, ապա այդպիսի ընտանիքում մեծացած երեխան սովորում եւ սիրում է բնական մթերքը: Երբ ընտանիքում ընդունված է, որ կոնֆետ-քաղցրավենիքը մշտապես դրված լինի սեղանին եւ գնալ-գալով ուտել, բնականաբար, երեխան կվերցնի այդ վատ սովորությունը»:
Մասնագետի խոսքերով՝ մեր օրակարգի մեջ պետք է մեծ մասը կազմի կոպիտ բջջանք պարունակող միրգ-բանջարեղենը, հացահատիկները, լոբազգիները. «Երեխաներին չի խրախուսում քաղցրավենիքը նաեւ այն պատճառով, որ այդ ժամանակ նա չի օգտագործում միրգ-բանջարեղեն, որը հետագայում կարող է ազդել նաեւ սեռական հասունացման վրա եւ կպահանջվի լուրջ բժշկական միջամտություն»:


Սննդաբանը շատ ծնողների, որոնք մանկական մրգային պյուրեների եւ շիլաների մեջ ավելացնում են մի փոքր աղ կամ շաքար՝ չի խրախուսում. «Ծնված օրվանից եւ հետագայում, չի կարելի սնունդը լրացուցիչ համային փոփոխություն անել: Մինիմալ թույլատրելի աղի քանակությունը՝ 1.5 գրամն է, որը պարունակում է այն մթերքների մեջ, որոնք օգտագործում ենք եւ ցանկացած աղի ավելցուկը կուտակվում է ի վնաս մեր առողջության»:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

01,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728