Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ Էթիկայի հանձնաժողովին չեն հավատում ո՛չ պատգամավորները, ո՛չ քաղհասարակությունը». Մոնիտորինգի արդյունքներ

Փետրվար 02,2017 17:32

«ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձել է անարդյունավետ գործիք, որին չեն հավատում ո՛չ պատգամավորները, ո՛չ քաղհասարակության ներկայացուցիչները»,-«ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը, ամփոփելով մոնիտորինգի արդյունքները, այսպիսի եզրահանգում կատարեց:

«Մեդիա կենտրոնում» «ԱԺ էթիկայի հանձնաժողովի գործունեության դիտարկման արդյունքները» թեմայով քննարկմանը Լուսինե Վասիլյանը ներկայացրեց նաև թվային տվյալներ. «Հանձնաժողովի 51 նիստ է անցկացվել, 32 դիմումներից հանձնաժողովը քննել է միայն կեսը: Հանձնաժողովին ներկայացված դիմումների թիվն ակնհայտորեն նվազել է: Սա գնահատում ենք` որպես հանձնաժողովի նկատմամբ անվստահության մեծացման ցուցանիշ: Ռեկորդային պարապուրդի ցուցանիշ է ունեցել հանձնաժողովը ԱԺ 7-րդ նստաշրջանին. նիստ չի հրավիրել, դիմում չի ստացել, որոշում չի կայացվել: Ընդհանուր առմամբ դիմումների կեսը ՀԿ-ներից է, երկու դիմում լրագրողներից է եղել: Չորս տարվա ընթացքում հանձնաժողովին դիմել է ընդամենը երեք պատգամավոր: Ըստ էության հանձնաժողովը վերածվել է պատգամավորների վարքագիծը գնահատող կառույցի, և լրիվ երկրորդ պլան են մղվել շահերի բախման, ձեռնարկատիրությամբ զբաղվելու հարցերը»:

«ԱԺ մոնիտորինգ» ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանը մտահոգություն հայտնեց, թե այս ինստիտուտը` որպես այդպիսին, չի կայանում. «Ինստիտուտը հակակոռուպցիոն դերակատարությունը, ըստ էության, չի կատարում: Փորձը ցույց է տալիս, որ քանի անգամ էլ հանձնաժողովը որոշում կայացնի, միևնույն է, պատգամավորները նույն վարքագիծն են դրսևորում: Սա հանրության նկատմամբ է ոչ լուրջ վերաբերմունք, քանի որ հանձնաժողովը կոչված էր գնահատական տալու նաև պատգամավորների վարքագծին: Որոշ դեպքերում նաև կամայական մոտեցում է ցուցաբերվել վարույթներ հարուցելու գործում: Նույն հանգամանքներում մի դեպքում վարույթ հարուցվել է մյուս դեպքում` ոչ: Ապագայի հետ կապված էլ հույս չկա, թե այս ինստիտուտը կկայանա»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հակադարձեց, թե այն կարծիքին չէ, որ այս ինստիտուտն առաջիկայում չի կայանա. «Սա նոր ինստիտուտ է և հանրային հոգածության կարիք ունի: Ժամանակին լինելով հանձնաժողովի նախագահ` անառողջ ճնշում եմ իմ վրա զգացել: Այս հանձնաժողովը չի կարող տրոյկա դառնալ, սանկցիաներ կիրառել: Չի կարող մի պատգամավոր մյուսին սանկցիա ներկայացնել: Հանձնաժողովի խնդիրը այս կամ այն արատավոր երևույթը գնահատելն է` արդյոք այն կարո՞ղ է էթիկայի խախտում որակվել»:

Լուսինե Վասիլյանը շարունակեց պնդել, թե լուրջ մտահոգություններ կան ապագայում այս ինստիտուտի գործունեության հետ կապված: Նա ասաց, որ ՀՀ ԱԺ հաջորդ կանոնակարգում ամեն ինչ հակառակի մասին է խոսում. ըստ էության հանձնաժողով այլևս չի լինելու, այն ստեղծվելու է ժամանակավոր հիմունքներով, այսինքն` միայն կոնկրետ հարց ուսումնասիրելու խնդրով. «Կանոնակարգում դրված ամրագրումները ավելի են թուլացնելու հանձնաժողովին, ինչն ապացուցում է, որ չկա քաղաքական կամք այդ ինստիտուտը կայացնելու համար»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կոչով դիմեց «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի անդամներին. «Եթե իսկապես ցանկանում ենք, որ էթիկայի հանձնաժողովը կայանա, կոչ եմ անում հանդիպել երբևէ էթիկայի հանձնաժողովի անդամ եղած անձանց: Կան պատգամավորներ, որ չեն ներկայանում նիստերին, քանի որ ասում են` իմ ընկերն է, չեմ կարող այդ խնդիրը լուծել: Չես կարող պատգամավորին ասել` այդ վարքագիծը մի դրսևորի, մյուս կողմից դրանից տուժում է եզրակացությունը»:

Պարոն Պողոսյանը հավաստիացրեց, որ ինքը միշտ է եղել դիմում ներկայացնելու կողմնակիցը: Ու նաև պնդեց. «Եթե հանձնաժողովի անդամները չեն գալիս նիստի, դա չպետք է մեկնաբանվի, որ հանձնաժողովը չի գործում, կամ ինստիտուտը չի կայացել»:

Նոր կանոնակարգի ամրագրումների մասին պարոն Պողոսյանն ասաց, թե ինքն էլ կողմ չի եղել այդ փոփոխություններին. «Ես այն բանի կողմնակիցն էի, որ էթիկայի հանձնաժողովը լինի մշտապես գործող մարմին և դառնա պարտադիր աշխատանք հանձնաժողովի անդամի համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728